«Իրանն այսօր». Արևմտյան մի քանի ԶԼՄ ևս հայտնում է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին:
❗Իրանից պաշտոնական հաստատում դեռ չկա։
📌Մինչև լուրը կհաստատեն/կհերքեն, կարճ այն մասին, թե ո՞վ է Մոջթաբա Խամենեին
📍Նա Իրանի արդեն նախկին առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Հիմնականում աշխատել է նրա գրասենյակում։ Համարվում է, որ սերտ կապեր ունի ԻՀՊԿ հետ։
Կարդացեք նաև
📍Առաջնորդության նկատմամբ նրա հավակնությունների մասին դեռ խոսում են 2000-ականներից։ Այդ ժամանակ բարեփոխականների շրջանում կար կարծիք, որ նա կարողացել է անհրաժեշտ համաձայնություն ձեռք բերել ԻՀՊԿ հետ՝ հաջորդ առաջնորդ դառնալու համար։ 2005, 2009 թթ․ նախագահական ընտրություններում Մոջթաբան աջակցել է Մահմուդ Ահմադինեժադին։ Ավելին, նրան մեղադրում են նաև 2009թ․ ընտրությունների արդյունքները հօգուտ Ահմադինեժադի կեղծելու մեջ։
Այս առումով հատկանշական է, որ ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ («Կանաչ հեղափոխություն», բողոքում էին արդյունքների դեմ) հնչում էր նաև «Մոջթաբա, մեռնես, առաջնորդությունը չտեսնես» կարգախոսը։
📍2019թ․ ԱՄՆ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ «Գերագույն առաջնորդի անունից կամ նրա օգտին ուղղակի կամ անուղղակիորեն գործելու կամ այդպիսի մտադրություն ունենալու համար»։ Հիմնավորման մեջ նաև նշվել է․ «Գերագույն առաջնորդն իր առաջնորդության պարտականությունների մի մասը պատվիրակել է Մոջթաբա Խամենեիին, ով սերտորեն աշխատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» և «Բասիջ» ուժերի հետ՝ իրագործելու իր հոր տարածաշրջանային ապակայունացնող հավակնությունները և ներքին բռնապետական նպատակները»:
📍Շրջանառվում է նաև, որ Ալի Խամենեին դեմ է եղել, որ իր որդին լինի հաջորդ առաջնորդը կամ առհասարակ քննարկվի նրա թեկնածությունը։ Նրա համար խնդիր էր իշխանության ժառանգական փոխանցումը, մոտեցում, որը հակասում է իսլամական հեղափոխության արժեքներին։ Փոխարենն Ալի Խամենեիի համար ցանկալի թեկնածու էր Էբրահիմ Ռայիսին։ 2010-ականների կեսերից հատկապես որպես գերագույն առաջնորդի հավանական ու առաջնային թեկնածու սկսվեց շրջանառվել Էբրահիմ Ռայիսիի անունը։ Կային մի շարք ցուցիչներ, որ համակարգը հենց նրա առաջնորդությանն էր պատրաստվում։
📍Մոջթաբա Խամենեիի թեկնածության հարցը նորից ակտիվացավ Ռայիսի մահվանից հետո (2024 մայիս)։ (Սա շարադրելիս հիշեցի, որ Ռայիսի մահվանից հետո հայկական տիրույթում անգամ դավադրապաշտական տեսություններ կային, որ Մոջթաբան է կազմակերպել ուղղաթիռի կործանումը)։
📍Հիմա շատ է խոսվում, որ նրան առաջնորդ են ընտրել ԻՀՊԿ ճնշմամբ։ Եթե լուրը ճիշտ է, Մոջթաբա Խամենեին, ըստ ամենայնի, շարունակելու է հոր գիծը և գուցե՝ ավելի կոշտ մոտեցում որդեգրի՝ հաշվի առնելով թե՛ իր նախկին գործունությունը, թե՛ ԻՀՊԿ հետ կապերը, թե՛ Իրանին համակած նոր պայմանները։
📍Այս ամենի մեջ կարևոր ու խոցելի հարցերից է մնում հանրության արձագանքը։

















































