«Եթե ընդդիմադիրները անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, ՔՊ-ն պիտի որ անհանգստանալու կարիք չունենար, ընդհանրապես քարոզարշավ էլ չաներ։ Բայց ՔՊ-ի պահվածքը՝ քարոզարշավից շուտ քարոզարշավ անելը․․․ամբողջ իշխանական ռեսուրսները կենտրոնացնում են, միայն թե վերընտրվեք, պատերազմի ժամանակ քարոզարշավ անելը չի վկայում նրա մասին, որ իրենք ճիշտ հարցումներ ունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարություններին, թե հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրներն առաջիկա խորհրդարանական ընտրություններում լուրջ խնդիրներ են ունենալու անցողիկ շեմը հաղթահարելու համար։
Այն կերպ, ինչ կերպ իշխող ուժի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ են ունենում մարզերում՝ «բրենդավորված, լոգոյավորված ավտոբուսներով», Քրիստինե Վարդանյանը համարում է քարոզարշավին հատուկ տարր։ Այդ տրամաբանության մեջ է նա դիտարկում նաեւ կենսաթոշակների բարձրացումը, որը մի քանի ամիս առաջ ասում էին՝ պետք չէ անել։
«Տարածաշրջանը եռում է, իրենց արտաքին հետախուզական ծառայությունը զեկույց է տալիս, ասում է՝ Իրանի վրա հարձակման դեպքում տարածաշրջանում խաղաղությունը վտանգվելու է եւ Հայաստանի համար ռիսկերն ավելանալու են, բոլոր մեր պետական պաշտոնյաները՝ անվտանգայինից, ուժայիններից մինչեւ ԱԳՆ, ավտոբուսի մեջ քարոզարշավ են անում։ Այսինքն, պայթյունը կսպասի, տարածաշրջանում լարվածությունը կսպասի՝ մենք քարոզարշավն անենք, հաջորդ օրը նոր Անվտանգության խորհրդի նիստ անենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՔՊ-ական այն պատգամավորներն, ովքեր ասում են, որ Հայաստանին վտանգ չի սպառնում, թող իրենց ստեղծած կառույցի եւ իրենց նշանակած Քրիստիննե Գրիգորյանին հարցեր տան՝ ասեն, որ չափազանցրել է, որ իրավիճակին չի տիրապետում, թող ասեն՝ «ռուսի շպիոն ես, հիբրիդային սպառնալիք ես»։
Քրիստինե Վարդանյանն ուրախ է, որ այս փուլում Հայաստանում պատերազմական իրավիճակ չկա․ «Բայց ես ջայլամ չեմ, ջայլամային քաղաքականությանը դեմ եմ, որ գլուխներս մտցնենք ավազի մեջ եւ եթե ոչ մի բան չեմ տեսնում, նշանակում է՝ ոչ մի բան չկա»։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանը նաեւ հեգնում է․ «Ի՞նչ էր ասում Գեւորգ Պապոյանը՝ մենք չլինենք՝ արհեստական բանականություն չի լինի․․․ իսկ երեխաները կժպտա՞ն, արեւը կծագի՞, հաց ու ջուր կլինի՞ աշխարհի վրա, եթե ՔՊ-ն չլինի։ ՔՊ-ից առաջ կյանք չկա՞ր, որ ՔՊ-ից հետո չլինի։ Գուցե Գեւորգ Պապոյանի համար Նիկոլ Փաշինյանից հետո կյանք չկա, բայց Նիկոլ Փաշինյանից հետո կյանք էլ է լինելու, արեւ էլ է լինելու, խաղաղություն էլ է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































