«Ինձ մեկ-մեկ թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող մի երեք հոգի է մնացել, որոնցից մեկը ես եմ։ Իրականում արդեն գնահատել եմ․ շատ ցավալի եւ խայտառակ անկում է գրանցել պարոն Տեր-Պետրոսյանը։ Եվ ոչ ոքի չեմ ցանկանա՝ իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ։ Այս մասը շատ տխուր մասն էր, իսկ զվարճալի մասն էլ այն է, որ փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդն այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, առաջին նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ՝ վստահեցնելով, որ դա ամենալավ տարբերակը կլինի Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու եւ ՀԱԵ դեմ ՔՊ-ական իշխանության հակազգային պայքարը կանխելու։
Հիշեցնենք նաեւ, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար մարմնի անդամ էր եւ ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԺ փոխնախագահի պաշտոն էր զբաղեցնում։
Պատասխանելով Իրանում եւ Մերձավոր Արեւելքում պատերազմի եւ Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին հարցերին, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Տիկտոկում մի բան տեսա՝ նկար է՝ Մերձավոր Արեւելքի վրա պայթյուն, Իրանի վրա պայթյուն, Հայաստանի վրա Նիկոլ Փաշինյանի նկարն է՝ կարկանդակ ուտելուց։ Ես չգիտեմ, էդ տարածողը գովազդ էր արել, թե հակագովազդ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության վերաբերյալ։ Որովհետեւ, մեր ուզածը հետեւյալն է՝ երբ բոլոր տեղերը փոթորիկներ են, եթե, իհարկե մենք չենք ուզի, որ բոլոր տեղերը փոթորիկներ լինեն, մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն՝ նստած ուտենք մեր կարկանդակը, մեր կարկանդակները նույնիսկ՝ տնտեսական զարգացման տեսքով, հավելյալ տրանսպորտային շարժի տեսքով, հավելյալ ներդրումների տեսքով»։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հավելեց՝ միլիոնավոր պարգեւավճարների տեսքով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































