Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան երկրներ, որոնք ուզում են շրջանցել Հայաստանը։
«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են՝ եկեք այնպես անենք, Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջեւան, Նախիջեւանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերությունները սուր են։ Մենք ամեն ինչ անում ենք՝ համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է։ Եվ Ռուսաստանը, մեր տպավորությամբ ու համոզմամբ, որեւէ ձեւով չի ցանկանում եւ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ լուծում են տեսնում այս իրավիճակում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը փաստում է, որ Հայաստանի կառավարությունն իր մասով անզոր է իրականացնել ԹՐԻՓՓ-ը։
Կարդացեք նաև
«Վերջիվերջո ԱՄՆ հետ հուշագիր է կնքել Հայաստանի կառավարությունը։ Նախորդ տարվա օգոստոսի 8-ին կողմերին հայտնի էր, որ Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն պայմանագրով կառավարման է հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Այսինքն՝ կողմերի համար պիտի որ նորություն չլիներ, որ հիմա իրենք բացահայտեին, թե ինչ-որ մի բան այնպես չէ, քանի որ ռուսական կողմն է կառավարում երկաթուղին։ Եթե այսօր պարզվում է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման համար կա եւս մեկ հանգամանք՝ կապված Հայաստանի երկաթգծերի հետ, դա անլրջության ու ՀՀ կառավարության անզորության մասին է խոսում։ Բա հուշագիրը ստորագրելուց հաշվի չէին առնո՞ւմ այդ հանգամանքը»,- ասաց Ղուկասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման մասին տեղեկությունը հասանելի է մարդկանց նեղ շրջանակի, նրանց, ովքեր կառավարությունում այդ հարցով զբաղվում են։ Այս ծրագրի մասին հավելյալ տեղեկություն հանրությունը չունի։ «Բայց այն, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված ինչ-որ խնդիրներ պետք է լինեն, դա երեւի ի սկզբանե պարզ էր։ Եվ Փաշինյանի այս հայտարարությունն ինձ համար զարմանալի չէ։ Լինելու են խնդիրներ, միանշանակ այդ նախագիծը հեշտ չի իրականացվելու»,- հավելեց Ղուկասյանը։
Հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում Հայաստանը շրջանցվի, եւ ստացվի այնպես, որ այս ծրագիրն իրականում Հայաստանի ապաշրջափակման մասին չէ, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ես ծանոթ չեմ ոչ ամերիկյան կողմի տեսլականին, ոչ հայկական կողմի տեսլականին։ Ոչ մի բան հաստատել ու բացառել չենք կարող։ Իսկ առհասարակ ամերիկյան կողմի հետ կնքված այդ հուշագիրն ունեցավ ինչ-որ քաղաքական նշանակություն, բայց թե ինչ կարող է դառնալ իրականում, ինչպես արդեն ասացի, մեծ հարց է»։
Ըստ Ղուկասյանի՝ հենց Հայաստանի կառավարության համար է մեծ հարց՝ ինչպես իրականացնել այդ ծրագիրը։ «Դա բնորոշ է մեր այսօրվա կառավարությանը, նորություն չէ ոչ մի առումով»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2026


















































