Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման համար կպահանջվի հավելյալ 78.7 մլրդ դրամ, ֆիննախը «բավականին ռիսկային» է համարում այս որոշումը

Մարտ 05,2026 10:08 Share

Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի որոշում, ըստ որի՝ թոշակներն ու նպաստները կբարձրանան։

Որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի ապրիլի 1-ից սահմանել՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը` 46000 դրամ (36000 դրամի փոխարեն),
  • աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34000 դրամ (24000 դրամի փոխարեն),
  • զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (20000 դրամի փոխարեն)
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2000 դրամ (1750 դրամի փոխարեն),
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 64600դրամ (50600 դրամի փոխարեն)

բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 54800 դրամ (41400 դրամի փոխարեն)

գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն)

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 170000 դրամ (120000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում պահպանելով նպաստի չափերի տարբերակումը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝

  • ծերության նպաստի չափը՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 475000 դրամ (37500 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն)
  • հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)։
  • Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից կդառնա 104852 դրամ:
  • Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:

Ըստ կառավարության՝ քանի որ կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնելու է նաև հետվճարի միջին ամսական չափի ավելացմանը, ըստ կանխատեսումների՝ կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում ևս 8692 դրամով՝ կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ 67,873 դրամ և զինվորական կենսաթոշակի դեպքում՝ 113,544 դրամ։

Կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն կհանգեցնի նաև հետվճարի գծով ծախսերի ավելացմանը: Հետվճարը 20% դրույքաչափով վճարվել է միայն փետրվարին, երբ արդյունավետ դրույքաչափը կազմել է 14.7%, իսկ 1 շահառուի միջին հետվճարի չափը կազմել է 6966 դրամ:  Աշխատանքային կենսաթոշակի չափի ավելացման և արդյունավետ դրույքաչափի պահպանմամբ հետվճարի 1 շահառուի միջին հետվճարի միջին ամսական չափը գնահատվել է 8692 դրամ, ինչի արդյունքում տարեկան ծախսը կկազմի 43.8 մլրդ դրամ, ինչը տարեկան 20 մլրդ դրամ ծրագիրը կգերազանցի 23.8 մլրդ դրամ: Ըստ կառավարության՝ կենսաթոշակի չափերը չավելացնելու դեպքում նույնիսկ ընթացիկ տարում կառաջանա լրացուցիչ 18.1 մլրդ դրամի պահանջ: Սա նշանակում է, որ կենսաթոշակների ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ պահանջը 5.7 մլրդ դրամ է:

«Այսպիսով, կենսաթոշակների, նպաստների չափերի ավելացումը կպահանջի հավելյալ 78.7 մլրդ դրամի չափով հատկացում, որից 18.1 մլրդ դրամը հարկ կլինի հատկացնել անկախ կենսաթոշակների չափերը բարձրացնելու հանգամանքից»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Ֆինանսների նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ կենսաթոշակների ու նպաստների բարձրացումն ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ տարեկան 78.7 մլրդ դրամի հատկացում։ «Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական և սոցիալական հնչեղությունը, այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճի մասին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները: Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային: Ուստի հաշվի առնելով առկա մարտահրավերները, հարկաբյուջետային սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները, առաջարկում ենք ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև տարվա ընթացքում առաջացած տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից»,- նշվում է ֆիննախի եզրակացության մեջ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031