Լրահոս
Օրվա լրահոսը

Քնի, հիշողության կորստից անդին․ բժշկական թեմաների զարմանալի մեկնաբանությունները Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններում

Մարտ 06,2026 09:30 Share

«Կյանքն այն չէ, ինչ դու ապրել ես, այլ այն, ինչ դու հիշում ես և ինչպես ես հիշում այն, որի մասին հետո կկարողանաս պատմել»։

Գաբրիել Գարսիա Մարկես

Մարտի 6-ն աշխարհի երևակայությունը հրաշալիորեն փոթորկող կոլումբիացի Գաբոյի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է, և այսպիսի՝ համաշխարհային գրականության համար կարևոր օրն ինձ ամենևին չի տրամադրում անդրադառնալ բժշկական չոր թեմաներին, որոնք, ի դեպ, կարմիր գծով անցնում են գրողի բազմաթիվ ստեղծագործությունների միջով՝ միայն թե ոչ թե «չոր», այլ խիստ բնորոշ «մոգական» մեկնաբանությամբ։

Մահը, հիշողությունը, մարդու ուղեղի աշխատանքը և բժշկական բազմաթիվ թեմաներ՝ ընդհուպ մինչև դիահերձումը Գաբրիել Գարսիա Մարկեսի կողմից դիտարկվում են ամենատարբեր ու անսովոր տեսանկյուններից՝ բացահայտելով գրողի խորապես հետաքրքրվածությունն այդ ոլորտով, թեև Մարկեսի կենսագիրների վկայություններից կարելի է եզրակացնել, որ նրա  հարաբերությունները բժշկության, բժիշկների հետ երբեմն լարված ու հակասական են եղել։

Համենայնդեպս այս միտքն իր հաստատումն է գտնում նաև նրա բազմաթիվ գործերում, օրինակ՝ «100 տարվա մենությունում», երբ, ասենք, Մակոնդո է գալիս «սովորական բժշկի անմեղ տեսքով» շառլատանը կամ «էքսցենտրիկ ֆրանսիացին», որն «էշերի փոխարեն խոտ էր ուտում» և չափազանց երկար էր զննում հիվանդ կանանց, կամ «Գեներալն իր լաբիրինթոսում» վեպում, որտեղ Սիմոն Բոլիվարը կասկածանքով էր վերաբերվում բժիշկներին, որոնք «առևտուր են անում ուրիշների ցավով»։ «Սերը խոլերայի ժամանակ» վեպում գրողը, կարծես, ներկայացնում է իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի լավ բժիշկը (Ուրբինոյի կերպարը), պատշաճ բժշկական պրակտիկան, հանրային առողջապահությունը՝ մերկացնելով անցյալի իդեալականացման տակ թաքնված խնդիրները, «ժանտախտն» իր ողջ «գարշահոտությամբ»։

Եվ որքան էլ հակասական, բայց նաև շատ հետաքրքիր են Գաբոյի մոտեցումները հիվանդությունների նկարագրման ու բուժման հետ կապված․ այս հարցում ակնհայտ են գրողի՝ բժշկագիտական ոլորտի խորը գիտելիքները։ Օրինակ՝ նրա՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակում բժիշկը գլխավոր հերոսի մոտ շաքարախտ ախտորոշելու համար օգտագործում է Լիբենի թեստը։ «Սերը խոլերայի ժամանակ» վեպում բժիշկը, զգալով դառը նուշի հոտը, նկարագրում է դիակի ՝ ցիանիդով թունավորման հետևանքով առաջացած փոփոխությունները։ Ավելին, «Կանխագուշակված մահվան տարեգրություն» նովելում գրողն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Սանտյագո Նասարի դիահերձումը։

Լուսանկարը՝ Reuters-ի

Գաբոն իր կիսագիտական բժշկական գիտելիքները երբեմն վերածում է գիտաֆանտաստիկ պատկերների։ Օրինակ՝ «100 տարվա մենություն» վեպում բժիշկը փրկում է գնդապետ Աուրելիանո Բուենդիայի կյանքը՝ յոդով պատված ժանյակով պատելով նրա կրծքավանդակն ամբողջությամբ ծակած փամփուշտի անցքը։

Իր ստեղծագործություններում երբեմն առանձին դրվագներով, երբեմն էլ ամբողջական գլուխներով Նոբելյան մրցանակակիրն անդրադառնում է հիվանդություններին՝ անգամ ուսումնասիրության դաշտ բացելով հետազոտողների համար։ Օրինակ, բժշկագիտական  հետազոտության առարկա է դարձել Մակոնդոն պատուհասած անքնության ժանտախտը, և մասնագետները փորձել են պարզել այդ հորինված հիվանդության՝ մի շարք կլինիկական վիճակներին նմանություններն ու տարբերությունները, քնի և հիշողության նյարդաֆիզիոլոգիական երևույթների փոխկապակցությունը։

Եվ, թեև, մարկեսյան անքնությունը նույնական չէ և ոչ մի իրական կլինիկական դրսևորման հետ, այն զգալի լինելու չափ մոգական է․ մարդը, «սովորելով մշտական արթուն վիճակին, սկսում է մոռանալ իր մանկության հիշողությունները, հետո՝ իրերի անուններն ու իմաստը, ապա իր ինքնությունը և վերջում նույնիսկ սեփական գոյության գիտակցությունը, մինչև ընկնում է մի տեսակ տկարամտության մեջ, որը անցյալ չունի․․․»։ Իսկ մի՞թե այդպես չի լինում իրականում, երբ մարդը փորձում է «կյանքից ստանալ ամեն ինչ», բայց վերջում ստանում է ամենածանրը՝ հիշողության կորուստ․․․

Այս տողերը գրելիս արդյո՞ք Գաբրիել Գարսիա Մարկեսը զգում էր, որ տարիներ անց ինքն էլ էր անցնելու նման փորձության միջով՝ ճգնելով պահել հիշողության՝ անընդհատ ծվեն-ծվեն լինող պատառիկները․․․ Երբ ստիպված ես ինքդ քեզ համար նամակներ գրել․ «Սա կով է, որին պետք է կթել ամեն առավոտ, որպեսզի կաթ ունենաս, իսկ կաթը պետք է եռացնել, որպեսզի խառնես սուրճի հետ և ստանաս կաթով սուրճ»․․․

Այսօր Մարկեսը կդառնար 99 տարեկան․․․

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նյութը պարունակում է տեղեկություններ այս աղբյուրներից՝ 1,2,3

Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի․ 2014 թվականի մարտի 6-ին Գաբրիել Գարսիա Մարկեսը կանգնած է Մեխիկոյում գտնվող իր տան առջև՝ իր 87-ամյակի առթիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031