Երբ Հայաստանին ԵՏՄ-ացման կործանարար ուղին պարտադրեցին մի սեւ գիշերում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի որակում տվեց, որը պետք է հետո դառնար իմաստուն ռեալիզմի կեղծ խորհրդանիշը։ Նա անկախականներին, ովքեր փորձում էին դիմադրել երկրի ինքնիշխանության փոշիացմանը, անվանեց «20-30 ջղաձգվողներ»։ Այսօր՝ շուրջ 13 տարի անց, այդ «ջղաձգումը» պետք է վերանվանել իր իսկական անունով՝ պետականության պահպանման բնազդ։
Պատմական հեգնանքն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լինելով Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարը, այսօր Սամվել Կարապետյանին փաստացի ներկայացնում է որպես, այսպես կոչված՝ «միութենական» Հայաստանի ապագա առաջին ղեկավար։ Այս կերպարների միջեւ կա գաղափարական անխզելի կապ։ Երկուսն էլ ՀՀ ապագան տեսնում են կախյալ հարաբերությունների տիրույթում։
Նախկինում ռուսական գործակալներն ու ազդեցության գործակալները մեզ համոզում էին, թե ինքնիշխանության զիջումն ու ռուսական վասալությունը այլընտրանք չունեն։ Իրականում՝ նրանք քաղաքական հանձնվողականություն էին դրսեւորում։ Չափազանցնում էին նաեւ ռիսկերը, նույնիսկ դիվերսիֆիկացիան համարում էին ծայրահեղ վտանգավոր։ Ներկայումս էլ անկախության պաշտպանության ուղղությամբ ռեալ քայլեր չեն արվում։ Նույնիսկ նախընտրական խոսույթում են ընդգծում, թե ռուսական քայքայիչ ազդեցությունից ազատվելու, մասնավորապես ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու ծրագրեր չունեն։
Ռացիոնալությունն՝ ընդդեմ վրեժխնդրության. Ռիսկերի գնահատում
Կարդացեք նաև
Ռիսկերի գնահատման գործընթացում այսօր էլ առաջին պլան են մղվում այն սցենարները, երբ Ռուսաստանը, որպես «պատիժ», կկիրառի իր ռազմական ներկայությունը եւ գործակալական ցանցը՝ Հայաստանի ինքնիշխան ընթացքը կասեցնելու համար։ Սակայն այս սցենարները փշրվում են սառը քաղաքագիտական հաշվարկին բախվելիս։
Մենք ՌԴ ղեկավարությանը համարում ենք ռացիոնալ խաղացող։ Ռացիոնալ քաղաքականության մեջ գոյություն չունի «վրեժ լուծելու» հուզական կատեգորիա։ Գոյություն ունի միայն ազգային շահը, որը պետությունը ստանում է այս կամ այն գործողությունից։ Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ՌԴ-ն ռացիոնալ է, ապա պետք է հաշվի առնենք, որ նա Հայաստանի հետ չունի ընդհանուր սահման, ինչը նրա պոտենցիալ ազդեցության հնարավորությունները դարձնում է սահմանափակ եւ բարձրացնում ագրեսիվ գործողությունների գինը։
Հանրային լայն համախմբման դեպքում. ՌԴ-ի կողմից ցանկացած ագրեսիվ դրսեւորում կամ «վրեժխնդրություն» դառնում է անիմաստ եւ ռացիոնալ տեսանկյունից չարդարացված։ Եթե նրանք այստեղ չունենան ներքին հենարան, ապա ագրեսիան ՌԴ-ին չի բերի որեւէ քաղաքական կամ տնտեսական օգուտ, այլ միայն կավելացնի նրա միջազգային մեկուսացումն ու ծախսերը։ Հետեւաբար, մեր հանրային համախմբման պարագայում ռացիոնալ պետությունը «վրեժխնդիր» չի լինի։ Նրանք կհաշվարկեն, որ այդ քայլն արդյունավետ չէ եւ կհաշտվեն ՀՀ անկախության փաստի հետ։
Ռիսկերի ընդունում. Նույնիսկ եթե բոլոր հաշվարկներից հետո մնում է որոշակի կորուստների ռիսկ, մենք պետք է պատասխանենք հիմնարար հարցին. ո՞րն է այլընտրանքը։ Մի՞թե մեզ մնում է ուղղակի հանձնվել՝ վախենալով հնարավոր կորուստներից, եւ դրանով իսկ դատապարտվել է՛լ ավելի մեծ, վերջնական կորուստների։
Այստեղ կարող ենք բարձրացնել մի արժեհամակարգային դրույթ. եթե մի պետություն սպառնում է քեզ «պատժով» կամ վնասով սեփական օրակարգն ունենալու համար, ապա այդ գործողությունը հարկ է որակել իր իսկական անունով՝ ահաբեկչություն։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում ահաբեկիչների հետ չեն բանակցում, առավել եւս՝ չեն կատարում նրանց պահանջները։ Եթե դու տեղի ես տալիս ահաբեկչի սպառնալիքին, դու դատապարտված ես անդադար զիջումների, որոնք ի վերջո հանգեցնելու են պետականության լիակատար կազմալուծմանը։ Վախը կորուստների հանդեպ չպետք է դառնա կամավոր անձնատվության պատճառ։ Միակ ճիշտ ընտրությունը ահաբեկչին մերժելն ու սեփական օրակարգով առաջ շարժվելն է, քանի որ դիմադրությունը ռիսկ է, իսկ հանձնվելը՝ երաշխավորված մահ։
Ռիսկերի զսպում. լյուստրացիա եւ հանրային համախմբում
Տասնամյակներ շարունակ Հայաստանի կառավարող էլիտաները նախընտրել են իրենց լեգիտիմությունը ստանալ Մոսկվայից՝ ժողովրդին պահելով վախի մեջ։ Նրանք պիտակավորել են անկախականներին որպես «արկածախնդիրներ», նույնիսկ չեն փորձել ճշմարտությունն ասելով՝ համախմբել ժողովրդին։ Ավելին՝ ժողովրդին մեղադրել են անկախական բնազդ չունենալու մեջ։
Ռիսկերի զսպման լավագույն մեխանիզմը դարձյալ հանրային համախմբումն է, որը հնարավոր է միայն ճշմարտությունն ասելու եւ լյուստրացիայի միջոցով։ Երբ փորձում ես իշխանությանդ լեգիտիմությունը ստանալ ինչ-որ բանի մասին լռելու պայմանով, ապա կամովին կորցնում ես ժողովրդին առաջնորդելու կարեւորագույն հնարավորությունը։
Ինքնիշխանությունը որպես միակ ելք
Այն, ինչը 13 տարի առաջ որակվում էր որպես «ջղաձգություն», իրականում միակ ճիշտ պետականամետ դիրքորոշում էր։ Մենք այսօր էլ համոզված ենք, որ՝
ա) Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրս հրավիրելը ոչ թե էմոցիոնալ քայլ է, այլ Հայաստանի ֆիզիկական անվտանգության նախապայման։
բ) Անկախ սուբյեկտայնության պարագայում Հայաստանը դուրս կգա ռուս-չինական շահերի սպասարկման դաշտից եւ կդառնա Իրանի եւ Արեւմուտքի համագործակցության կամուրջ, ինչը Հայաստանի զարգացման մեծ հեռանկար կբացի՝ երաշխավորելով Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարական ընթացքը։
Իհարկե՝ Ռուսաստանից պորտալարը կտրելու խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել 90-ականներին։ Խնդրի հետաձգումը միայն բարձրացրել է դրա լուծման գինը։
Պատմությունն ապացուցեց՝ ավելի լավ է լինել «ջղաձգվող» անկախական, քան «հանդարտ» պետականակործան։ Մենք շարունակելու ենք պայքարը հանուն այնպիսի Հայաստանի, որտեղ տանտերը ժողովուրդն է, ոչ թե ֆորպոստի վարչապետը։ Այս առումով՝ իսկական արկածախնդրությունը Հայաստանը ճահճից հանելուն դեմ հանդես գալն է, այլ ոչ թե ճահճից դուրս գալուն ուղղված ճիգերը, նույնիսկ երբ դրանք հուսահատ ջղաձգություն թվան։ Եվ ինչպես առաջ, նույնպես հիմա մեր դիմադրությանն են արժանանալու նրանք՝ անկախ դիրքից ու վաստակից, որոնք Հայաստանի անկախության ու ժողովրդավարության դեմ քար կվերցնեն ու կպաշտպանեն օտարի ազդեցությունը, որի հիմնաքարը դրել է Տեր-Պետրոսյանը 1995-ի մարտի 16-ի պայմանագրով, իսկ ներկայիս իշխանությունն այս սխալն ուղղելու, ՀՀ-ն իրապես անկախ, ժողովրդավար դարձնելու ծրագրեր չունի։
Հայկ ՄԻՐԶՈՅԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2026


















































