Լրահոս
Օրվա լրահոսը

Եքա տղա ես, արա, տարրական հարգանք չունես տղերքի հանդեպ. վեճ, գոռոցներ Ազատի կացարանի հրդեհի գործով

Մարտ 06,2026 14:06 Share

Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը: Նա շատ երկար, գործին ոչ առնչվող ելույթ ունեցավ: Դատարանը մի քանի անգամ հորդորեց խոսել ըստ էության, հայտնել դեպքին առնչվող տեղեկություններ: Զոհված զինվորների հարազատներն էլ մի քանի անգամ ռեպլիկներ արեցին Աղեկյանի՝ ոչ ըստ էության խոսելու համար:

Իր խոսքի վերջին հատվածում Աղեկյանը հայտնեց, որ դեպքի օրը ինչը տեսել է, շատ ծանր է տարել, տեղյակ է՝ վառարանը Եղիշեն փորձել է վառել, հրդեհ է բռնկվել:

Դրանից հետո Աղեկյանը հայտնեց, որ ի վիճակի չէ պատասխանել դատավարական կողմերի հարցերին ու չկա այնպիսի փաստ, որ ինքը գիտի ու չի հայտնել:

Հանրային մեղադրողները միջնորդեցին հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները ու դրանից հետո լրացուցիչ հարցադրումներ անել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, բայց նախքան կհրապարակվեին նախաքննական ցուցմունքները, Աղեկյանի՝ հարցերին չպատասխանելու որոշումից իրենց վրդովմունքը հայտնեցին զոհվածների հարազատները ու նրանց ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

-Հանդիսանալով տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ, այս վարույթի շրջանակներում շատ լավ գիտակցելով, որ վերջին տարիներին հենց իր խոսքն ու աջակցությունը այս քրեական վարույթին կարող է նպաստել այս գործի լիարժեք բացահայտմանը՝ ցանկանում եմ հիշեցնել, որ երբ նրա նկատմամբ ընտրված էր կալանքը, ինքը հենց առաջին դատական նիստում խոստանում էր՝ տվեք՝ ինձ ազատություն, իմ ամբողջ ջանքերը կդնեմ այս հանցագործությունը լիարժեք բացահայտելու համար: Պարոն Աղեկյան, իմ հարգանքը ձեզ, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ հասարակությունը ձեր խոսքին էր սպասում, որ կարողանայիք ձեր ցուցմունքով տուժողների ու հասարակության մոտ առաջացած հարցերին տալ սպառիչ պատասխաններ: Այս համատեքստում գալ ու ասել՝ ես օգտվում եմ դատավարական իմ իրավունքից, հրաժարվում եմ հարցերի պատասխանել, ուղղակի անհասկանալի է,- ասաց Նորիկյանը:

-Տարրական հարգանք չունես զոհված տղերքի, մեր հանդեպ: Մենք խաբված ենք մեզ համարում,- արձագանքեց ծնողներից մեկը:

-Եթե հրաժարվելու էր հարցերի պատասխանելուց, թող սկզբում էլ հայտարարությունը չաներ, ռեկլամի համար խոսեց, սրան-նրան շնորհակալություն հայտնեց եւ այլն, մենք էլ համբերատար լսեցինք, որ հարցեր տանք: Տենց չի լինում, արա՛,- բղավեց մեկ այլ ծնող:

Աղեկյանի փաստաբանը արդարացրեց Աղեկյանի որոշումը՝ պնդելով, որ առողջական խնդիրներ ունի ու նաեւ դրանով պայմանավորված՝ ի վիճակի չէ հարցերի պատասխանել:

-Եքա տղա ես, արա,- բղավեց ծնողը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031