14 երկրներ ներկայացնող երիտասարդ հեղինակներ ընդգրկվել են «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ իրականացվող Եվրոպական միության գրականության մրցանակի կարճ ցուցակում։
Նրանց թվում են Հայաստանը ներկայացնող Սարգիս Հովսեփյանը՝ իր «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» գրքով, եւ Մոլդովան ներկայացնող Պաուլա Էրիզանուն՝ իր «Այստեղ եւ՛ դրախտն է, եւ՛ դժոխքը։ Մոլդովայի Հանրապետություն. ապրած պատմուդյան մեկ դար» գրքով։
Մրցանակը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ամենամյա նախաձեռնություն է: Այն մեկնարկել է 2009 թվականին՝ ճանաչման արժանացնելու լավագույն եվրոպական սկսնակ հեղինակներին եւ նշանավորելու «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներում գրականության լեզվական բազմազանությունն ու գերազանցությունը:
Սարգիս Հովսեփյանը (ծնվ. 1977թ., Երեւան) հայ արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ, մանկավարժ եւ մշակութային գործիչ է: Նրա «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» վեպը թեւածում է անցյալի եւ ներկայի միջեւ՝ բացահայտելով, թե ինչպես են ճնշված պատմությունները շարունակում ազդել առօրյա կյանքի ընթացքի վրա: Վեպը առանցքում Ֆրիդան է՝ երեւանցի երիտասարդ կին, որի՝ ստալինյան բռնաճնշումների մոռացված զոհի ճակատագրի ուսումնասիրությունը նրան տանում է արխիվներից այն կողմ եւ դեպի իր սեփական ընտանիքի լռությունը: Գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Հայաստանում՝ 2022 թվականի գարնանը, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մեծաթիվ ռուս ռելոկանտներ ժամանեցին Երեւան։ Վեպում միահյուսվում են անձնական հարաբերություններն ու քաղաքական հակասությունները:
Կարդացեք նաև
Պաուլա Էրիզանուն (ծնվ. 1992թ., Քիշնեւ) մոլդովացի գրող եւ լրագրող է: Ընտանեկան պատմությունների վրա հիմնվելով՝ Էրիզանուն իր գրքում համատեղում է տատիկի հուշագրությունները, սեփական դիտարկումներն ու մեկնաբանությունները, տարբեր ծագում եւ գաղափարներ ունեցող մարդկանց մենախոսությունները, հորինված երկխոսություններն ու բանաստեղծական հատվածները: Անհատական պատմությունները համադրվում են խիտ պատմողական կառուցվածքի մեջ, որը ձեւավորում է Հարավարեւելյան Եվրոպայի անկրկնելի աշխարհի պատկերը:
ԵՄ գրականության մրցանակ 2026-ի դափնեկրի եւ հատուկ մրցանակակիրների անունները կհայտարարվեն ս.թ. մայիսի 29-ին՝ Վարշավայի գրքի տոնավաճառի շրջանակում։
Կարճ ցուցակում հայտնված բոլոր ընտրված հեղինակները կստանան աջակցություն Եվրոպայում առաջխաղացման հարցում: Այս աջակցությունը նրանց հնարավորություն կտա հասու լինել ավելի միջազգային լսարանի համար եւ կապ հաստատել իրենց ազգային եւ լեզվական սահմաններից դուրս գտնվող ընթերցողների հետ:
EU NEIGHBOURS east


















































