«Մի շարք գրություններ չէր, նույն գրությունը 100 անգամ կարդացին։ Երևի երկու հատ գրություն է եղել, եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճանում՝ կապված Մոնգենթաուի անվան դպրոցի ապամոնտաժման, նոր դպրոցի կառուցման՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, ազատված հողատարածքի վրա բազմաբանակարան շենք կառուցելու նպատակով»,-Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյան) իր գործով դատական նիստից հետո լրագրողների փաստմանը՝ դատարանում ներկայացվեցին գրավոր ապացույցներ, մի շարք գրություններ՝ Ձեր կողմից ուղղված տարբեր պետական մարմիններին, ինչպե՞ս կմեկնաբանեք, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ «Նա, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:
2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն»:
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանը նշեց՝ ներդրողները պատրաստ էին՝ իրենց հաշվին կառուցվեր դպրոցը և ազատված հողի վրա կառուցեին շենք, վաճառեին և նաև եկամուտ ստանային․ «Ես գտա, որ դա շատ շատ լավ ծրագիր է և հետևաբար համապատասխան գրությամբ դիմեցի Քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի եզրակացություն տա։ Կոմիտեն եզրակացություն տվեց, որ իրենք չեն առարկում, եթե մյուս պայմանները բավարարվեն, ապա իրենք առարկություն չունեն։ Բայց այդ ժամանակ է, որ ես արդեն զգացի, որ Արամ Մկրտչյանը փաստորեն մի քիչ ճիշտ չէր վարվում։ Դա օգտագործվում էր իր համար, ասենք, մարդկանցից փող շորթելու նպատակով։ Երբ որ ես խնդրեցի, որ ես ծանոթանամ այդ ներդրողների հետ, այդտեղ մեր հարաբերություններն արդեն վատթարացան և գնացին բոլոր պրոցեսները, և ես ժամանակին փաստորեն կանգնեցի, որովհետև, ըստ էության, ինքը խարդախություն էր անում»։
Լրագրողների հստակեցմանը՝ ո՞րն է մեղադրանքը, ասում են, որ Արամ Մկրտչյանը Ձեզ դրա համար գումա՞ր է տվել, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ահա։ Սկզբում ասում էին՝ 23000 դոլար, նախաքննությամբ պարզվեց, որ 23000 չէ, 15000 է մոտավորապես, բայց 15000-ից 8000-ը ես ասում եմ՝ ինքն ինձ պարտք է տվել, մնացածը չեն կարողանում հիմնավորել։ Հեռախոսազրույցները, որ իմ ու իր միջև տեղի են ունեցել, և Արամ Մկրտչյանը ձայնագրել է, այնտեղ ասում է՝ պարոն Աղազարյան, Դուք ինձ պարտք եք, իմ պարտքը տվեք, ես ասում եմ, հա կտամ։ Այդ մասին է խոսակցությունը, մնացածը՝ առավել ևս այդ գործը․․․ այդ գործի հետ կապված ես ինքս էի դրանից մեկ տարի առաջ դիմել իրավապահ մարմիններին, բայց իրավապահ մարմինները ընթացք չտվեցին, գտել էին, որ որևէ հիմք չկա, հիմա որ ես ինքս դիմել եմ, ընթացք չեն տվել, բերել, իմ դեմ գործ են սարքել, վարչապետի հետ միջադեպից, հարաբերությունների վատթարացումից հետո։ Ընդ որում, Արամ Մկրտչյանը հարցաքննվել է հեռավար, առանց օրենքի պահպանման։ Քրեական դատավարությունը հեռավար հարցաքննություն նախատեսում է, բայց պետք է հարցաքննվողի մոտ նստած լինի իրավասու մարդ, որը հաստատի, որ սա Արամ Մկրտչյանն է, որ իր վրա ճնշում չկա, որ ինքը ազատ իր կամքն արտահայտում է, այդ բաները չի ապահովվել։ Մարդ, որի նկատմամբ դատական պրոցես էր գնում այդ պահին, մարդ, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նորից նույն բնույթի, լքում է ՀՀ սահմանը, դա ո՞նց եղավ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո ի՞նչ եղավ այդ դպրոցի ճակատագիրը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ընդհատվեց, ես չշարունակեցի, երբ ես իրեն ասացի՝ ես պետք է ծանոթանամ այդ մարդկանց հետ, որոնք ներդրողներն են, որ հաջորդ քայլերը կատարեն, որ վստահ լինեմ, որ դա լուրջ է, ինքն ասաց՝ մի քիչ ուշացել է, պարոն Աղազարյան, էդ մարդիկ հրաժարվել են այդ ծրագրից։ Ասում է՝ ուրիշներն են անում, ասում եմ՝ ինձ համար ի՞նչ կարևոր է՝ ով է անում, ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բայց հիմա ուզում եմ ծանոթանամ, տեսնեմ այդ մարդիկ կա՞ն, թե՝ չկան, կարո՞ղ են, թե՝ կարող չեն։ Ծանոթացրեց, պարզվեց՝ այդ մարդիկ սովորական բիզնեսմեններ էին առանց լուրջ կարողությունների, այսինքն՝ նման ծրագրի տակ մտնելու համար դու պետք է նաև ապահովություն ունես դրամական կամ բանկային երաշխիք ունենաս, կամ գույք ունենաս, որ այնպես չլինի՝ թույլտվությունը տան, դու սկսես շենքի փոսը փորես, շենքի բնակարանները վաճառես ու փախնես, գնաս։ Ես արդեն, երբ զգացի մի պահ, որ ինքը չարաշահում է իմ անունով, ես բազմաթիվ բաներ էի խնդրել, պաշտոնյաների էի խնդրել, որ իրեն ընդունեն տարբեր հարցերով, հետո նույն պաշտոնյաներին ես զանգել եմ որոշ ժամանակ հետո, ասել եմ, որ շնորհակալ եմ, որ ընդունել եք, բայց սրանից հետո, եթե ինքը հանկարծ դիմի ձեզ որևէ հարցով, իմացեք, որ իմ խնդրանքը չէ։ Ես զգացի, որ ինքը մանիպուլացնում է։ Ուշ զգացի մի քիչ, ճիշտն ասած, բայց ոչ ուշացած»։
Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































