Լրահոս
Օրվա լրահոսը

Գղգղանքի փուլից մինչև լիարժեք խոսք․ երեխայի խոսքի զարգացման հիմնական առանձնահատկությունները՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյանի մեկնաբանությամբ․ մաս 1

Մարտ 09,2026 09:30 Share

Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը, որը 10 տարուց ավելի աշխատել է Հայաստանում, այժմ Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում ստանում է մագիստրոսական աստիճան՝ պատրաստվելով գիտական աշխատանքի պաշտպանությանը և իր գործունեությունը ծավալում է նաև առցանց (ինչը նոր ուղղություն է լոգոպեդիայում)՝ աջակցելով խոսքի խնդիր ունեցող երեխաների ընտանիքներին իրենց իսկ երեխաների առաջին օգնող օղակը դառնալու հարցում։

Հաշվի առնելով հատկապես երիտասարդ ծնողների հետաքրքրվածությունը՝ Մարիամ Պետրոսյանի հետ զրույցում քննարկել ենք երեխայի խոսքի զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև խոսքային խանգարումների կանխարգելման հնարավորությունները (կարդացեք երկրորդ մասում)։

Որո՞նք են երեխայի խոսքի զարգացման հիմնական փուլերը․ ի՞նչ առանձնահատկություններ ունեն այդ փուլերն ու ծնողների կողմից ինչպիսի՞ մոտեցումներ են ենթադրում

Երեխայի շփումն ու հաղորդակցումը ծնողի հետ սկսվում է ծնված պահից։ Հաղորդակցման առաջին փորձը լացն է, որի միջոցով երեխան հայտնում է իր անհարմարությունը կամ ցանկությունը։ Շատ կարճ ժամանակում մայրիկը կարողանում է տարբերել լացը․ սա քնի՞, սովածությա՞ն թե՞ ցավի լացն է։

  • Խոսքի զարգացման առաջին փուլ է համարվում գղգղանքի փուլը, երբ երեխան կյանքի 2-րդ, 3-րդ ամսում սկսում է մեղեդիկ ձայներ արձակել՝ «աղո՜ւ, այի՜, բվա՜, բո՜ւ», որոնք ոչ թե վանկեր են, այլ ձայնարկություններ։

Առաջին այդ շրջանի խթանման համար շատ կարևոր է, որ ծնողը գուրգուրի, շոյի, շատ սիրի երեխային, ավելի շատ խոսի նրա հետ, որպեսզի երեխայի մոտ այդ էմոցիոնալ ելևէջներն առաջանան, և բալիկն էլ փորձի արձագանքել ծնողին։ Շատ կարևոր է երեխայի հետ հուզական կապը, քանի որ 0-3 տարեկան հասակում երեխայի առաջատար գործունեությունը էմոցիոնալ-հուզական կապն է ծնողների հետ։

  • 3-4 ամսականում սկսվում է ակտիվության կոմպլեքսը, որը խոսքի զարգացման փուլ չէ, բայց երեխայի զարգացման առաջին շրջաններից է, երբ երեխան, տեսնելով ծնողին՝ մայրիկին, հայրիկին կամ խնամակալին, փորձում է հաղորդակցման, կոնտակտի գնալ, սկսում է ակտիվ ձայնարձակումներ, թաթիկները, ոտիկներն է ակտիվ թափահարում, և այդ ամենն անմիջական կապ ունի խոսքի զարգացման առաջին փուլի՝ գղգղանքի հետ։
  • Երկրորդ փուլը թոթովանքի փուլն է, որը սկսվում է 4-5 ամսականից և տևում է մինչև 7-8 ամսական։ Այս փուլում երեխան սկսում է վանկերի կրկնություններ, օրինակ՝ «մա-մա-մա, պա-պա-պա, դա-դա-դա, գա-գա-գա», և դրանք ուղղված չեն որևէ անձի, այլ կարծես միևնույն վանկի շարաններ են։

Սովորաբար այդ ձայնարձակումներին ծնողները դրական են արձագանքում, և ամեն անգամ դրական արձագանք լսելով՝ երեխայի մոտ կամաց-կամաց այդ շարանները դառնում են երկու վանկից կազմված բառեր, որոնք ուղղվում են կոնկրետ անձի, օրինակ՝ երբ «մա-մա-մա-մա» շարանին մայրը սկսում է շատ ավելի ջերմորեն արձագանքել, երեխան այդ վանկային միացությունը սկսում է ուղղել մայրիկին։ Երբեմն ծնողներն ասում են, որ «բալիկս 6 ամսականից ասել է մամա կամ պապա»։

Գուցե մի փոքր հիասթափեցնեմ՝ նշելով, որ դրանք խոսքի զարգացման երկրորդ փուլին բնորոշ խոսքային ելևէջներ են, որոնք դեռ ուղղված չեն որևէ անձի։ 7-8 ամսականից հետո խոսքային այդ դրսևորումներն ունենում են կոնկրետ ուղղվածություն՝ առնչվելով տվյալ վանկախմբով անվանվող ծնողներին, տատիկ-պապիկներին կամ անմիջական խնամակալին։

  • Խոսքի զարգացման հաջորդ փուլը, կարելի է ասել, սկսվում է 9 ամսականից մինչև 1,3 տարեկան հասակը, առաջին բառերի շրջանն է, երբ երեխան ասում է նույն վանկից կազմված բառեր՝ «մամա, պապա, տատա» և այլն, ու դրանցից յուրաքանչյուրն ունի կոնկրետ նշանակություն, ուղղված է կոնկրետ անձի կամ երևույթի, կամ՝ ունի հավաքական նշանակություն։

Երեխան, օրինակ կարող է «մամա»- ով դիմել ընտանիքի բոլոր այն անդամներին, որոնց ուշադրությունը ցանկանում է գրավել։

Ծնողների համար կարևոր է իմանալ, որ մինչև մեկ տարեկան երեխան արդեն իսկ ունի խոսքի ընկալման հմտություն, ընկալում է պարզ առօրեական խոսքը։ Մեկ տարեկանին մոտ երեխան հստակ պետք է արձագանքի իր անունին։ Բայց մեկ կարևոր բան եմ ուզում նշել, որ այն դեպքում, երբ երեխային դիմում են անունով, քանի որ շատ հաճախ, հատկապես հայ ծնողները երեխաներին դիմում են տարբեր փաղաքշական բառերով և երբեմն մոռանում են երեխային դիմել հենց իր անունով։ Եվ մեկ տարեկան երեխան, հնարավոր է, իր անունին չարձագանքի, եթե իրեն հաճախ չեն դիմել իր անունով։

  • 1-2 տարեկանում երեխան ավելի է ընդլայնում պասիվ բառապաշարը, այսինքն՝ խոսքի ընկալումը, ակտիվ բառապաշարն ավելի քիչ է։ Երեխան ավելի շատ բառեր է հասկանում, քան արտաբերում։ Երկու տարեկանին մոտ երեխան ունենում է 50-200 բառ և կարողանում է բառերը կապել իրար, խոսքը ավելի շատ կազմված է բառակապակցություններից։
  • 2-3 տարեկանում խոսքն ավելի ինտենսիվ է զարգանում, և երեխան կարողանում է խոսել նախադասություններով։

Խոսքը հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Երեխան կարողանում է խոսքը շարադրել, բայց առկա են շարահյուսական ու քերականական սխալներ։

Մինչև 3 տարեկանը շատ կարևոր է երեխայի խոսքի քանակը, ոչ թե որակը․ այս փուլին բնորոշ են հնչարտասանության թերություններ, որոնք տարիքային են՝ ֆիզիոլոգիական և անհանգստանալու կարիք չկա։

Բայց խոսքը պետք է հասկանալի լինի ոչ միայն ընտանիքի անդամներին, այլ նաև օտար մարդկանց՝ բոլորին։ Կարող են լինել բազմաթիվ հնչյունավանկային տեղափոխություններ, բարդ բառերի արտասանության աղավաղումներ, բայց, ընդհանուր առմամբ, խոսքը պետք է լինի հասկանալի։

  • 4 տարեկան հասակում խոսքն ավելի կազմակերպված է լինում, երեխան հարուստ բառապաշար ունի, խոսքում գրեթե չեն նկատվում հնչյունավանկային տեղափոխումներ, նկատվում է որոշակի, շատ քիչ հնչյունների սխալ արտասանություն, մասնավորապես այն հնչյունների, որոնք ունեն բարդ արտասանական դիրք և կազմություն, օրինակ՝ ռ, ձ, ծ, ց, ջ, ճ, չ․ սրանք այն հնչյուններն են, որոնք արտասանելու համար լեզուն մի փոքր ավելի «վարժ» պետք է լինի։ Խոսքը հարուստ է տարբեր խոսքի մասերով, կարող է պատմել տեսածի, լսածի մասին, մի քանի անգամ լսած հեքիաթը հակիրճ պատմել։

Այս փուլում շատ կարևոր է, որ երեխայի խոսքը ճիշտ խրախուսվի։ Երեխայի հետ չխոսեն երեխայի լեզվով, այլ խոսեն մեծի նման, չկրկնեն երեխայի կողմից արտաբերվող քաղցրահունչ բառերը, այլ բառերը ճիշտ արտաբերեն, որպեսզի երեխան լսի ճիշտ խոսք և իր խոսքն աստիճանաբար ուղղի։

  • 5 տարեկանում երեխան սովորաբար արտասանում է բոլոր հնչյուններն անսխալ, չունի որևէ հնչյունավանկային տեղափոխումներ կամ դրանք շատ եզակի են, խոսքը բավականին զարգացած է, կարող է պատմել, վերապատմել։ Պատմությունն ունի սկիզբ, միջնամաս և ավարտ, և կարող ենք ասել, որ նրա խոսքը գրեթե լիովին ձևավորված է։
  • 6 տարեկանում երեխայի խոսքը լիարժեք զարգացած է, պարունակում է բոլոր խոսքի մասերը, և երեխան պատրաստ է գրավոր խոսքի յուրացմանը։ Խոսքում չունի շարահյուսական և քերականական սխալներ։ Կարողանում է կատարել հնչունային վերլուծություն, երեխային բացատրելու դեպքում կարող է ընկալել հնչյուն, տառ, վանկ հասկացությունները։

Եթե 3-6 տարեկանում երեխայի առաջատար գործունեությունը խաղն է, 6-7 տարեկանում երեխայի առաջատար գործունեությունը դառնում է ուսումնական գործընթացը։ Դրանով է պայմանավորված, որ փոքր տարիքում երեխաների ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի խաղի միջոցով, իսկ 7 տարեկանից արդեն կարելի է կիրառել ուսուցման համար նախատեսված մեթոդաբանությունն և խաղային գործունեությունը կարելի է պակասեցնել, բայց չբացառել։

Շարունակելի

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031