Խորհրդային Միության փլուզումը և Պարսից ծոցի առաջին՝ 1991 թվականի պատերազմն ԱՄՆ զինված ուժերին ներշնչեցին այն համոզմունքը, որ իրենց տեխնոլոգիական գերազանցության շնորհիվ կարող են արագ և վճռական կերպով ջախջախել ցանկացած հակառակորդի։ Այս մոտեցումը կիրառվեց նաև նախկին Հարավսլավիայի դեմ գործողությունների ընթացքում։ Սակայն 2003 թվականի Իրաքի և Աֆղանստանի պատերազմները ցույց տվեցին, որ նույնիսկ հաջողված սկզբնական ռազմական գործողություններից հետո երկրի օկուպացիան և դրան հաջորդած տեղական դիմադրության ճնշումը կարող են վերածվել երկարատև և ծախսատար գործընթացի։ Նույնը հաստատեցին նաև Լիբիայի և Սիրիայի հակամարտությունները։
Ուկրաինայի պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած բանակների համար արագ հաղթանակը երաշխավորված չէ, եթե հակառակորդն ունի «խորը պաշտպանություն»՝ բազմաշերտ, հաջորդական պաշտպանական գծերով կառուցված համակարգ։ Նման պայմաններում արագ և որոշիչ հարձակումը դառնում է չափազանց դժվար։
Վերջին տարիներին մարտադաշտը դարձել է գրեթե «թափանցիկ»։ Անօդաչու թռչող սարքերի բարձր արդյունավետությանը գումարվել են արբանյակային հետախուզությունը և արհեստական բանականության հնարավորությունները։ Արդյունքում՝ խոշոր ուժերի կենտրոնացումը հեշտությամբ հայտնաբերվում և ոչնչացվում է։ Օրինակ՝ զրահատանկային ստորաբաժանումները հայտնաբերվում են դեռևս տեղաշարժի փուլում և դառնում բարձր ճշգրտությամբ հարվածների թիրախ։
Այս իրողությունը ակնհայտորեն դրսևորվեց նաև 2020 թվականի Արցախի պատերազմում, երբ հայկական զորքերը մշտապես գտնվում էին անօդաչու սարքերի և արբանյակային հետախուզության վերահսկողության տակ ու ենթարկվում էին համակարգված հարվածների։
Կարդացեք նաև
Այս փորձի հիման վրա ԱՄՆ զինված ուժերը մշակել են ռազմավարություն, որի նպատակն է ապահովել տեղեկատվական և կրակային լիակատար գերազանցություն՝ առանց պարտադիր լայնածավալ ցամաքային ներխուժման։ Այս ռազմավարությունը բաղկացած է երեք հաջորդական փուլերից։
Առաջին փուլ․ «հնարավորության պատուհանի» ստեղծում
ԱՄՆ-ը նախ ձգտում է թուլացնել և ապակազմակերպել հակառակորդին հիբրիդային պատերազմի միջոցով։ Դրա հիմնական գործիքներն են․
- կիբերհարձակումներ՝ հրամանատարական և կառավարման համակարգերի խափանում,
- էլեկտրոնային պատերազմ՝ ռադարների և կապի համակարգերի ճնշում,
- տեղեկատվական և խաբեության գործողություններ՝ հակառակորդին մոլորեցնելու համար, անօդաչու սարքերի զանգվածային կիրառություն՝ օդային պաշտպանության համակարգերը ծանրաբեռնելու նպատակով։
Այս գործողությունների նպատակը հակառակորդի պաշտպանական համակարգում ժամանակավոր խզում և ապակազմակերպում առաջացնելն է։ Այդ կարճ ժամանակահատվածն է կոչվում «հնարավորության պատուհան»։
Երկրորդ փուլ․ պատուհանի նույնականացում
Այս փուլում օգտագործվում է արհեստական բանականությունը։ Տարբեր աղբյուրներից՝ անօդաչու սարքերից, արբանյակներից, էլեկտրոնային հետախուզությունից և այլ միջոցներից ստացված տվյալները մշտապես վերլուծվում են իրական ժամանակում։
Ալգորիթմները որոշում են այն ճշգրիտ պահը և տեղը, որտեղ հակառակորդի պաշտպանությունն առավել խոցելի է։ Այսպիսով հնարավոր է դառնում բացահայտել այն կարճ ժամանակահատվածը, երբ հնարավոր է առավելագույն վնաս հասցնել նվազագույն ռիսկով։
Երրորդ փուլ․ զանգվածային և ճշգրիտ հարված
Հնարավորության պատուհանը բացվելուն պես ԱՄՆ-ն իրականացնում է արագ և կենտրոնացված հարված՝ օգտագործելով հեռահար բարձր ճշգրտության սպառազինություն։
Դրանք ներառում են․
- նավերից և սուզանավերից արձակվող թևավոր հրթիռներ (օրինակ՝ Tomahawk),
- հեռահար և հիպերձայնային բալիստիկ հրթիռներ,
- հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ,
- B-2 ռազմավարական ռմբակոծիչներ։
Այս հարվածների նպատակն է ոչնչացնել հակառակորդի կառավարման կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռազմավարական ենթակառուցվածքները։
Հիմնական սկզբունքն այն է, որ հարձակումը պետք է լինի արագ, կենտրոնացված և կարճատև։ Հենց որ հակառակորդը վերականգնի իր համակարգերը, հարձակվող ուժերը փոխում են դիրքերը՝ խուսափելով հակահարվածից։
Իրանի դեմ այս ռազմավարության կրառումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի հիբրիդային գործողություններով՝ ներքին ապակայունացման փորձերով, կիբերհարձակումներով և էլեկտրոնային պատերազմի միջոցներով։
Այնուհետև կարող են իրականացվել անօդաչու սարքերի և օդուժի զանգվածային գործողություններ՝ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշելու համար։
Հաջորդ փուլում ԱՄՆ-ը կարող է կիրառել մեծ քանակությամբ թևավոր և բալիստիկ հրթիռներ՝ արձակելով դրանք տարածաշրջանում տեղակայված նավերից, սուզանավերից և ռազմավարական ռմբակոծիչներից։
Թիրախները, ամենայն հավանականությամբ, կլինեն․
- ռազմական հրամանատարական կենտրոնները,
- հրթիռային բազաները,
- հակաօդային պաշտպանության համակարգերը,
- ռազմավարական ենթակառուցվածքները,
- պետական կառավարման առանցքային օղակները։
Սկզբնական հարվածը կարող է լինել չափազանց ավերիչ և կարճատև։
Սակայն Իրանը էականորեն տարբերվում է նախկին թիրախներից։ Նրա ռազմավարական խորությունը, ռազմական օբյեկտների ցրվածությունը և լեռնային տարածքներում տեղակայված ստորգետնյա հրթիռային համալիրները զգալիորեն բարդացնում են արագ հաղթանակի հնարավորությունը։
Ամերիկյան ռազմավարության հիմնական նպատակը այս դեպքում պարտադիր չէ տարածքային օկուպացիան։ Այն ուղղված է հակառակորդին անդառնալի ռազմական և տնտեսական վնաս հասցնելուն, նրա ռազմական ներուժը կաթվածահար անելուն և ռազմավարական հավասարակշռությունը փոխելուն։
Այդ պատճառով նման պատերազմը կարող է չվերածվել երկարատև ցամաքային գործողությունների։ Այն կարող է սահմանափակվել կարճատև, բայց չափազանց ինտենսիվ հարվածներով, որոնք կարող են տևել օրեր, ժամեր կամ նույնիսկ րոպեներ։
Միևնույն ժամանակ, Իրանի աշխարհագրական, ռազմական և քաղաքական առանձնահատկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ նույնիսկ հաջողված սկզբնական հարվածը չի երաշխավորի արագ ռազմավարական հաղթանակ։ Ամենամեծ մարտահրավերը կարող է դառնալ ոչ թե պատերազմի սկիզբը, այլ դրա շարունակությունն ու հետևանքները։
Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական հկ-ի համակարգող
Վազգեն Պետրոսյան


















































