Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերի հույսի տունը

Մարտ 09,2026 21:48 Share

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նստավայրում մարտի 9-ին տոնական էր։ Կանանց տոների միամսյակի առթիվ կազմակերպվել էր ցերեկույթ։ Ինչպես գիտենք՝ արդեն 32 տարի է՝ Երևանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» հիմնադրամում գործում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որի շահառուներն են տարեց ու միայնակ, հաշմանդամ մեր հայրենակիցները, որոնք ամեն տարի՝ հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, հիմնադրամի տարածքում օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Նույն ծրագրի շրջանակներում «Հուսո տուն»-ը 2004 թվականից մայրաքաղաքում իրականացնում է նաև «Տնային խնամք» ենթածրագիրը, որի շահառուները  Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ են, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը:

2022թ․ հուլիսից կենտրոնում գործում է  նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 170 երեխա՝  հիմնականում Արցախից բռնի տեղահանվածներ, սիրիահայեր, ծնողազուրկ ու սոցիալապես անապահովներ, այստեղ ստանում են արտադպրոցական կրթություն։ Նրանց հետ աշխատում են արհեստավարժ խմբավարները։

Մարտի 9-ին «Գթության խոհանոց»-ի ճաշարանում մշտական և «Տնային խնամք»-ի շահառուներն էին։ Հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց տոների առթիվ, բոլորին բարին մաղթեց։ Դահլիճում էին նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաները, հիմնականում՝ արցախցիներ։ Մեր երեխաները տարեցների համար հանդես եկան երգ ու ասմունքով, պարով՝ այսպես ուրախ տրամադրություն հաղորդելով նրանց։

«Գթության խոհանոց» ծրագրի շահառու կանայք հիմնադրամի կողմից նաև ստացան ծաղիկներ, որոնք հանձնեցին նույն երեխաներն ու կամավորները։

Օրվա ընթացքում «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաների հյուրերն էին հիմնականում իրենց մայրերը, տատիկները՝ արցախցի կանայք։ Երեխաները նույն երգ ու ասմունքով, պարերով շնորհավորեցին իրենց մայրերին, հանձնեցին հիմնադրամի կողմից տրված ծաղիկ-նվերները։ Ցերեկույթին ներկա էին նաև հյուրեր, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի կինը։

Ընթացքում զրուցեցի հիմնադրամի տնօրենի հետ։ Խոսեց հետագա ծրագրերի մասին, ասաց՝ նման օրերին հիմնադրամի մեքենաներով տարածք են բերում «Տնային խնամք»-ի շահառուներին։ Ինչ վերաբերում է «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաներին, Մ․ Պողոսյանը մեծ սիրով ու գովեստով ներկայացրեց նրանց։ Արցախցի շնորհաշատ մանուկները հիմնադրամի տարածքում նաև նկարել ու կավագործություն են սովորում։ Բոլորի գործերում Արցախն է՝ իրենց տունը, որը կրկին տեսնել ու այնտեղ ապրելը բոլորի երազանքն է։

Ցերեկույթի ընթացքում, վերջում ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Հուսո տուն» կենտրոնի տնօրենին, աշխատակիցներին։ Բռնի տեղահանումից հետո այստեղ իրենց երեխաները, բացի արտադպրոցական կրթությունից, նաև հոգեբանական աջակցություն են ստացել ու ստանում են։ Ծնողների համար էլ «Հուսո տուն»-ը դարձել է իսկական հույսի ու հավատի տարածք՝ հարազատ օջախ։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031