«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում խոսելով այսօր ՊՆ-ի դիմաց կազմակերպված ակցիայի մասին, որի նախաձեռնողները փաստաթղթերով և քարտեզներով ցույց տվեցին, որ ադրբեջանցիները նոր ներթափանցում են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջում էին պատասխան, թե ինչու է դա թաքցնում, ասաց. «Մենք ականատես ենք լինում, թե այս իշխանությունը 2018 թվականից գալով ինչպես հանձնեց Արցախը։ Հայաստանի մի շարք կարևոր հատվածներ տարիներ շարունակ արդեն գտնվում են թշնամու ձեռքին։ Այս օրերին էլ բացահայտվեց՝ լրատվամիջոցներից մեկն էր շատ հանգամանալից ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները շատ կարևոր դիրքեր Հայաստանի ինքնիշխան տարածքից վերցրել իրենց ձեռքը»,-ասաց նա։
Տիկին Ստեփանյանը հիշեցրեց իր և մի տաքսու վարորդի ամիսներ առաջվա զրույցը, որը մասնակցել էր 25-օրյա վարժանքի։ «Նա ուղղակի ասաց, որ իրենք Վարդենիսի դիրքերում փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, սակայն չեն թողել, ասել են, որ այդ դիրքը հանձնվող դիրքերի ցանկում է։ Հիմա Google maps-ով բացահայտել են։ Պապիկյան Սուրենն ասում է՝ այդ պահին դիրք չեն գրավել։ Ինքը չի ասում՝ ընդհանրապես դիրք չեն վերցրել։ Իրականում Սուրեն Պաապիկյանը չի էլ հերքում։ Ասում է՝ այս ժամանակահատվածում դիրք չեն վերցրել։ Եվ խնդիրն այն է, թե որ ժամանակահատվածում են դիրք վերցրել։
Այս իշխանությունը խաբում է, չի ուզում իրականությունը ներկայացնել։ Բայց չէ՞ որ այնտեղից զինվորներ են իջնում, մեզանից յուրաքանչյուրը զինվորներ ունի, որոնք հետագայում վերադառնում են ծառայությունից, պատմում են, թե որ դիրքում ինչ է տեղի ունեցել, ինչ են հանձնել։ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա այդքան ռիսկ չեն ունեցել ասելու, որ, օրինակ, Ջերմուկից մի դիրք էլ են վերցրել։ Թուրքը նստած էր մեր սարերի վրա, իրենք ասում էին՝ գնալու են, հանկարծ չմտածեք, թե մնալու են։ Այս իշխանության պատկերը սա է։ Ասում են՝ խաղաղություն է։ Բայց այո, ում համար խաղաղություն է, ում համար՝ հայրենիքի կորուստ։ Մենք լավ տեսնում ենք. ադրբեջանցին քայլ-քայլ առաջ է գալիս։ Վաղը կասեն՝ ջուր չկա, մենք չենք տեսել, թե ինչպես հայտնվեցին Շորժայի գլխին, Սևանի գլխին, ինչպես մտան Սևան, ինչպես մտան Երասխ, Արարատի մարզ։ Իրենք այսպես սողացող պատերազմով երկիրը կտոր-կտոր հանձնում են Ադրբեջանին։
Կարդացեք նաև
Դրա համար «Համահայկական ճակատը» միշտ ասում է՝ երկրին երկիրը պաշտպանող, երկիրը պահող տղերք են պետք։ Ինչ-որ դասալիքներ եկել, լցվել են։ Իրենք ի՞նչ գիտեն այս երկրի, այս հողի, ջրի ու թփի արժեքը։ Երկրի արժեքը գիտեն երկրի սահմանների համար կռիվ տված, խրամատներում անձրևի, ձյան տակ կանգնած տղերքը։ Եվ առաջիկա ընտրություններում պետք է այնպես անենք, որ այս իշխանությունը գնա։ Ադրբեջանում մի սար կտան ու իրենք կգնան, ու գուցեև այնտեղ էլ կապրեն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































