Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկած չունեմ, թե Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»

Մարտ 11,2026 12:00 Share

«Առավոտի» զրուցակիցն է Բուդապեշտի «Եվրատլանտյան ինտեգրման եւ ժողովրդավարության» անկուսակցական վերլուծական կենտրոնի ղեկավար Դանիել Բարտան։

– Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլին կայանալիք ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն «պատերազմի եւ խաղաղության» միջեւ՝ պնդելով, որ իր ընդդիմախոսները կներքաշեն երկիրը Ուկրաինայում մոլեգնող պատերազմի մեջ։ Ընդդիմությանը նաեւ այլ մեղադրանքներ են ներկայացվում։ Միեւնույն ժամանակ կառավարության ներկայացուցիչների եւ նրան համակիր լրատվամիջոցների կողմից Եվրոպական հանձնաժողովը եւ եվրոպական այլ կառույցներ ենթարկվել են կտրուկ քննադատության։ Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակը ապրիլյան ընտրությունների նախաշեմին։

– Ապրիլի 12-ին կայանալիք ընտրությունները, ըստ էության, երկբեւեռ մրցակցություն են։ Ամեն ինչ կենտրոնացած է ներկայումս իշխող Fidesz–KDNP դաշինքի եւ TISZA կուսակցության միջեւ պայքարի շուրջ, որոնցից բացի այս պահին միայն ծայրահեղ աջ Mi Hazոnk («Մեր Հայրենիք») կուսակցությունն ունի խորհրդարան անցնելու որոշակի հնարավորություն։

Վերջին 16 տարիների ընթացքում իշխող ուժը համակարգը ձեւավորել է սեփական առավելությունն ապահովելու համար։ Արդյունքում ընդդիմությանը բավարար չէ պարզապես ավելի շատ ձայներ ստանալը. նույնիսկ իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ է զգալի մեծամասնություն։

Իրավական դաշտը սեփական շահերին հարմարեցնելուց բացի, իշխանությունները կիրառում են բոլոր հասանելի գործիքները. հանրային մեդիան տարածում է կառավարությանը աջակցող կեղծ տեղեկություններ, իսկ աներեւակայելի չափերի պետական միջոցներ ծախսվում են իշխող ուժին աջակցող քարոզչության վրա։

Այս ամենի համատեքստում պատահական չէ, որ ընդդիմությունը ընտրությունները կրկին ներկայացնում է որպես ընտրություն՝ մնա՞լ Եվրոպական միության կազմում, թե՞ աստիճանաբար շեղվել դեպի արեւելք՝ բելառուսական մոդելով։

– Հունգարիայի վարչապետը մեղադրել էր Ուկրաինային՝ պնդելով, թե Կիեւը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի եւ հրահանգել էր զորք եւ տեխնիկա տեղակայել՝ կարեւոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Հունգարիայի դիրքորոշումը պարզ է՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փուլերը խոչընդոտելու որոշումներով, սակայն նաեւ հստակ է, որ Եվրոպական միությունը ծրագրում է 2027-ին վերջնականապես հրաժարվել ռուսական բնական գազից։ Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այս համատեքստում։

– Կրկին պետք է արձանագրել, որ քարոզչությունն ու իրականությունը տարբեր հարթություններում են։ Ակնհայտ է, որ Ուկրաինան Հունգարիայի վրա հարձակվելու մտադրություն չունի, սակայն կառավարությանն անհրաժեշտ է «թշնամու կերպար»։ Վերջին ընտրություններում շեշտադրումը հետեւողականորեն արվել է անվտանգության սպառնալիքների վրա։ Պատերազմի սպառնալիքով վախի մթնոլորտ ստեղծելը հայտնի քաղաքական գործիք է, քանի որ իշխանությունները ցանկանում են ներկայացնել, թե միայն իրենք կարող են պաշտպանել հունգարացիներին պատերազմում ներքաշվելու վտանգից։

Վիկտոր Օրբանը նույնիսկ բացահայտ հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Մոսկվան սպառնալիք չի ներկայացնում, եւ նա չի բողոքել, երբ ռուսական անվտանգության ծառայությունները հստակ ակնարկեցին, որ պատրաստ են միջամտել ընտրություններին։

Այսօր նույնիսկ ընդդիմությունն է կարծում, որ ռուսական հնարավոր միջամտության պարագայում պետությունը չի պաշտպանելու ընտրական գործընթացը, այլ ավելի հավանական է, որ կխրախուսի ռուսական աջակցությունը։

Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա Հունգարիայի գործող կառավարությունը չափազանց անպատասխանատու կերպով մինչեւ 2035 թվականը երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր է ստորագրել՝ անտեսելով հայտնի աշխարհաքաղաքական ռիսկերը եւ փորձագետների բազմակի նախազգուշացումները։ Պայմանագրի դադարեցման պայմանների վերաբերյալ մանրամասները հրապարակային չեն։

Միեւնույն ժամանակ դիվերսիֆիկացիայի գործընթացն արդեն սկսվել է։ Եվրոպական գազային շուկան զարգացած է։ Ռուսական գազը հնարավոր է փոխարինել, եւ այլընտրանքները չեն հանդիսանում կամ առնվազն էականորեն չեն հանդիսանում ավելի թանկ։ Սրանք փաստեր են։ Սակայն, բնականաբար, կառավարական քարոզչությունը ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։

– Երեւանի խնդրանքով Բրյուսելը, ըստ տեղեկությունների, պատրաստվում է աջակցել Հայաստանին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հնարավոր ռուսական միջամտությունից պաշտպանելու նպատակով։ ԵՄ-ն մտադիր է Հայաստան ուղարկել «հիբրիդային արագ արձագանքման խումբ»։ Բրյուսելում շրջանառվող դիվանագիտական նոտաների համաձայն՝ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի ապակայունացնող գործունեության նվազեցմանը եւ մեղմացմանը»։ Հայաստանի ընդդիմությունը սա դիտարկում է որպես միջամտություն, մինչդեռ իշխանությունը՝ որպես աջակցություն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը նաեւ օգնություն է խնդրել Մոլդովայից։ Այս իրավիճակը տարբեր ռուսամետ փորձագետներ նմանեցնում են վրաստանյան իրադարձություններին, երբ Սաակաշվիլիի իշխանությունը սրել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ նկատում են, թե Վրաստանն արդյունքում նշանակալի ձեռքբերումներ չունեցավ, ընդհակառակը՝ երկիրը տարածքային կորուստներ ունեցավ, հետեւաբար, նրանց պարզաբանմամբ, Հայաստանը նույն սխալները չպետք է կրկնի։ Իր հերթին Վրաստանի ներկայիս կառավարությունը եւս կիրառում է «պատերազմի եւ խաղաղության» հռետորաբանությունը։ Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն այս իրավիճակում ի՞նչ կարող է շահել, եւ որո՞նք են Հայաստանի համար հնարավոր վտանգները։

– Հայաստանը կարող է շատ բան քաղել հունգարական փորձից։ Միաժամանակ երկու երկրների նկատմամբ ազդեցության չափը տարբեր է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական մերձավորությունը Ռուսաստանին, ռուսական մշակութային ներկայության ավելի խոր արմատները, մինչեւ վերջերս ակտիվ քաղաքական կապերը եւ ռուսերեն լեզվի լայն տարածվածությունը։ Կասկած չունեմ, թե Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին։

Իդեալական տարբերակում ռուսական սպառնալիքը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ որոշ քաղաքական կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու համար։ Աջակցությունը պետք է կենտրոնանա բացառապես ռուսական քարոզչական նարատիվների հակազդման, կիբերհարձակումների կանխման եւ Ռուսաստանի կողմից ուղղակի ֆինանսավորման բացահայտման ու չեզոքացման վրա։

Հարկ է նաեւ ընդգծել, որ հունգարական ընդդիմությունը չի ընդունում որեւէ ուղղակի արեւմտյան աջակցություն։ Քանի դեռ ընտրությունները ձեւականորեն մնում են ազատ, նույնիսկ եթե դրանք լիովին արդար չեն, վերջնական որոշումը, թե ինչպիսի կառավարություն են ցանկանում իրենց երկրի ապագայի համար, պետք է կայացնեն հենց քաղաքացիները։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հարցազրույցն իրականացվել է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» հրավերով եւ օժանդակությամբ կազմակերպված այցի շրջանակներում։

«Առավոտ» օրաթերթ
10.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031