Գեղանկարիչ Ռաֆայել Ջավախյանը մանրամասներ է ներկայացնում Հրանտ Մաթեւոսյանի քանդակի ստեղծման մասին
Օրերս Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրու բացման արարողությունը: Քանդակի հեղինակը լոռեցի գեղանկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է, որը մտերիմ է եղել Հրանտ Մաթեւոսյանի հետ ու միշտ ցանկացել է նրա կերպարը կերտել:

«Ես Հրանտ Մաթեւոսյանի հետ շփվել եմ դեռեւս 1990-ականներից: Ամեն ամառ, երբ գալիս էր Ահնիձոր, իր հետ հանդիպում էինք արվեստասեր տղաներով: Մեր մտերմությունը շարունակվել է շատ երկար տարիներ: Ինքը հասարակ, պարզ անձնավորություն էր, մեզանից մեկն էր: Հրանտը բնություն շատ էր սիրում, սովորություն ուներ ծառի արմատների տակ ծալպատակ նստելու: Քչախոս էր, երբ մեր չափից շատ հարցերից հոգնում էր, վեր էր կենում՝ գնում մի ուրիշ ծառի տակ նստում…
Մաթեւոսյանի մահից հետո երկար ժամանակ մտածում էի, որ պիտի կերտեմ իր կերպարը: Գետիկ Բաղդասարյանի արվեստանոցում տեսել էի Հրանտ Մաթեւոսյանի քանդակը, Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում էլ եմ տեսել… Միշտ մտածում էի, որ կա մի բան, որ հենց ես եմ որսացել, ուստի կարող եմ յուրովի քանդակել Հրանտին, քանի որ մոտիկից եմ ճանաչել… Ի վերջո հանձն առա քանդակելու, բայց նաեւ վախենում էի, թե ոնց կստացվի: Ամեն դեպքում մտածեցի՝ ես էլ իմ ձեւով, իմ գյորա Հրանտ ստեղծեմ»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Ռաֆայել Ջավախյանը:
Կարդացեք նաև
«Սովորաբար, երբ քանդակ են անում, մարդիկ նայում, ասում են՝ վայ, աչքը նման չի, բերանը նման չի, մի հայացքով ասում են կամ լավ է, կամ՝ վատ …Ես չէի ուզում նման գնահատականների արժանանալ: Թեեւ մեր քաղաքում՝ Ալավերդիում 3 մոնումենտալ քանդակ ունեմ տեղադրված («Քաջ Նազար», «Հառաչանք», «Ծնունդ»), մտածում էի, որ Հրանտ Մաթեւոսյանի քանդակը ինձ համար եմ անելու, քանդակելու եմ այնպես, ինչպես իրեն ճանաչում եմ: Ես նաեւ գեղանկարիչ եմ, միշտ ասել եմ, որ մի ձեռքս նկարում է, մյուսը քանդակում է: Երբ մշակութային ոլորտի եւ արվեստին մոտ կանգնած մարդկանց ցույց էի տալիս քանդակը, ասում էին՝ վայ ինչ նման է, Հրանտն է: Ես ասում էի՝ պետք չի գովաբանել, որ հետո գնամ ու խայտառակ լինեմ մեկ ուրիշ տեղ…
Մի որոշ ժամանակ հետո Հրանտի որդին՝ Դավիթը, Ահնիձոր էր եկել, զանգեց, ասաց՝ ուզում եմ քանդակը տեսնել: Ասացի՝ արի, Դավիթ ջան: Եվ ուզում էի, որ գա, եւ չէի ուզում, մտածում էի՝ բա որ չհավանի, ու անտեղի հիասթափություն լինի: Երբ մի 10 մետր էր մնում, որ մոտենար քանդակին, քանդակը բացեցի, Դավիթն իր կնոջ հետ մի պահ սառեց, հետո արտասվելով մոտեցավ քանդակին ու ինձ գրկեց:
Հարցրի՝ Դավիթ, ոնց է, ասաց՝ հրաշալի է, խնդրում եմ ոչ մի բանի ձեռք չտաս: Ասացի՝ ուզում եմ քանդակը Ահնիձորում տեղադրել՝ Հրանտի հայրական տան մուտքի մոտ: Դավիթն ասաց՝ մի շտապիր, ես կուզեմ, որ այդ քանդակը իր տուն-թանգարանում տեղադրենք: Ասացի՝ որոշողը դու ես: Ով երբ վերջերս քանդակը տեղափոխվեց Երեւան՝ Հրանտ Մաթեւոսյան կենտրոն, որտեղ անվանի մտավորականներ էին հավաքված, վախ ունեի՝ արդյոք կհավանե՞ն: Ինձ համար յուրատեսակ քննություն էր լինելու: Երբ սպիտակ շորը քանդակի վրայից վերցրին, ներկաները սկսեցին ծափահարել, մարդկանց դեմքերից հասկացա, որ հավանել են, մի խոսքով՝ այդ քննությունը հաղթահարեցի»,- ասում է արվեստագետը:
Հավելում է, որ արագ է աշխատում՝ ինչպես քանդակ անելիս, այնպես էլ նկարելիս, իսկ ոգեւորության աղբյուրը Թումանյանն է, Լոռվա հրաշք բնությունը: «Երբ մի բան ուզում եմ քանդակել, կամ նկարել, չեմ սիրում, որ խանգարում են, ես ստեղծագործելիս այնքան բարձր եմ լինում, ասես երկնքում եմ, երբ խանգարում են, ինձ իջեցնում են: Իսկ երբ իջնում եմ իմ կամքով, արդեն աշխատանքս ավարտած եմ լինում»,-նշում է մեր զրուցակիցը:
Մեր հետաքրքրությանը՝ նկարիչ Ռաֆայել Ջավախյանն ու քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն ինչպե՞ս են գոյակցում, չե՞ն խանդում միմյանց, նա հետեւյալ կերպ է արձագանքում. «Ընդհակառակը, շատ-շատ են օգնում, իմ գեղանկարչությունը ծավալային է, այդ ծավալն է, որ կարողանում եմ քանդակի մեջ ստանալ: Ես լոռեցի եմ, շատ եմ ոգեշնչվում Թումանյանից, իմ հերոսները մեծամասամբ Թումանյանական են: Ես Թումանյանի հերոսներից մեկն եմ, օրինակ՝ «Հառաչանքի» ծերունին»:
Հավելենք, որ 1986 թվականից առ այսօր Ռաֆայել Ջավախյանը Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենն է։ Նրա գեղանկարներն ու քանդակները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում՝ մասնավոր հավաքածուներում։ Նա իրականացրել է բազմաթիվ գրքերի եւ թատերական ներկայացումների ձեւավորումներ, հեղինակ է մի շարք հուշատախտակների: Ռաֆայել Ջավախյանն Ալավերդիում ունի մոնումենտալ 3 քանդակ եւ խաչքարեր, որոնց մի մասն արտերկրում է։ Ի թիվս այլնի, նա հեղինակել է Հաղպատի եւ Ախթալայի վանքերի մուտքի դռները, Ախթալայի վանքի օծման ավազանը։ Ջավախյանի «Ալավերդի» եւ «Կեսօր» կտավները փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ որպես ազգային ֆոնդ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
10.03.2026



















































