Լրահոս
Օրվա լրահոսը

100 տարեկան մարդուն ինչքան էլ դեղ տաս, չես կարող անմահացնել. Արմեն Բեգոյանը՝ փոխարինվող ծառերի մասին

Մարտ 11,2026 12:20 Share

«Երեւանի առանց այն էլ քիչ կանաչ տարածքները չենք կարող զբաղեցնել ծերացած ծառերով: Կամ այս երկաթյա սյունը, կամ այս թեղիները, դրանք բոլորովին նույն բանն են…Այս թեղիներն էկոլոգիական առումով ավելի վատն են, որովհետեւ, եթե երկաթյա ձողը հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, որդ ու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետեւ տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ներկայացնելով Պռոշյան, Պարոնյան փողոցներում թեղի տեսակի ծառատեսակների փոխարինման աշխատանքները:

Նա նշեց, որ թեղիները Երեւանում տնկվել են 1940-50-ական թվականներին, քանի որ Երեւանն այն ժամանակ արագ կանաչապատման կարիք ուներ, Թեղուտից անվճար բերվել են թեղիներ՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու համար: Բեգոյանը նշում է, որ թեղու կենսունակության տարիքը Երեւանում 40-50 տարի է, մինչդեռ կանգնած ծառերն արդեն 70-80 տարեկան են: Նա պատկերավոր օրինակ է բերում՝ 100 տարեկան մարդուն ինչքան էլ դեղ տաս, չես կարող բուժել ու անմահացնել:

Արմեն Բեգոյանի ձեւակերպմամբ, հաճախ թեղու հետ կապված մանիպուլյացիաներ են արվում, սակայն զարգացած երկրներում եւս առանձին տնկված թեղիներ չկան, դրանք տնկվում են կողք կողքի, ինչպես մեզ մոտ բորդյուրային թփերը՝ խուզելու եւ պատնեշներ ստանալու համար: Նրա պնդմամբ, թեղին էժանագին, կարճ կյանք ունեցող, Երեւանին չդիմացող, բազմաթիվ հիվանդություններ ունեցող ծառատեսակ է:

«Խուզման համար նախատեսված ծառերը, որ սովետական ժամանակահատվածում տնկել են, շատ հեշտ ենթարկվում են խուզումների, դրա համար հաշվի առնելով, որ նրանք շատ ծեր են, մենք նրանց դեպքում բավականին խորը էտ ենք կատարում, նույնն էլ բարդիներին, որպեսզի չտապալվեն, նրանց կյանքի տեւողությունն էլ է կարճ: Ոչ հացենիների մոտ, ոչ սոսիների մոտ, ոչ ակացիաների ու ոչ մի ծառատեսակի մոտ դուք չեք տեսնի գլխից իջեցված ծառ: Դրանք ենթարկվում են սանիտարական էտի՝ էտի նորմաներով: Քանի որ թեղիները եւ բարդիները սպառել են իրենց կենսունակության տարիքը եւ ծեր են, նրանց սաղարթներն իջեցնում ենք, որպեսզի կորելացիոն կապը ապահովենք, կարողանան քիչ բարձրության վրա սաղարթ ձեւավորեն, մինչեւ փոխարինենք: Բնության մեջ ոչինչ հավերժ չէ, մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ես նույնիսկ չեմ մոտենա եւ ծառերի վրա չեմ բացատրի ասածս, որովհետեւ ծառերի վիճակն այնքան կատաստրոֆիկ է, որ այստեղ բացատրելու բան էլ չկա: Դուք ինքներդ նկարեք այս փտածությունը, այս որդ ու բլոճը, այս պոզերը, որ կանգնած են ծառեր վրա: Ինչո՞ւ պետք է մայրաքաղաքի կանաչ հատվածը զբաղեցնենք այս՝ ոչինչ չասող ծառերով»,-ասաց Բեգոյանը:

Նա հավելեց, որ Երեւանում իրականացվել են բազմաթիվ ռեֆորմներ, ներառյալ 7 ուրբան անտառների հիմնումը. «Անկախ Հայաստանի պատմության մեջ վերջին 3 տարում հիմնվել է 7 ուրբան անտառ: Վերջին 3 տարում տնկվել են 25000-ից ավելի արժեքավոր ծառատեսակներ, որոնք բոլորը կպած են: Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի խնայել, որ տնկվող ծառերը լինեն ոչ թե բարակ շիվեր, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում, այլ կայացած ծառատեսակներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031