ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե որ դեպքում կարող են կուսակցություններին չգրանցել։ Ըստ նրա՝ որպեսզի ԿԸՀ-ն որեւէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ ԸՕ-ն սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պետք է քաղաքական ուժը ներկայացնի։ Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված են, ԿԸՀ-ում գրանցման հարց չի քննարկվում։ Եթե փաստաթղթերը թերի են ներկայացված, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության, եւ 2/3-րդ ձայներով կմերժվի կուսակցության գրանցումը։ Արհեստական խոչընդոտ, նրա խոսքով, չի կարող լինել։ Նա նշեց, որ ԿԸՀ-ն չի կարող ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը, այդ հարցով պետք է դիմի դատարան։ Եթե գրանցումից հետո որեւէ քաղաքական ուժ Ընտրական օրենսգիրքը հետեւողական ոտնահարի, ԿԸՀ-ն արդեն պետք է որոշի դատարան դիմելու հարցը։
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակումը եւ դրա վերաբերյալ քննությունը հիմք կարո՞ղ է հանդիսանալ, որ որեւէ կուսակցության չգրանցեն կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչեն, Հովակիմյանը պատասխանեց․ «ԿԸՀ-ն հետախուզական, հակահետախուզական կամ իրավապահ մարմին չէ։ Ձեր նկարագրած երեւույթը եւ այն, ինչ նախատեսում է ԸՕ-ն, փոխկապակցված չեն»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցման հարցի շուրջ հայտարարություններին՝ Վահագն Հովակիմյանն ասաց․ «Քաղաքական ուժերը որքան ուզեն, կարող են մեկմեկու մեղադրել, կարող են կոչ անել չգրանցել միմյանց, իրենց քաղաքական պայքարն է։ Դա չի նշանակում, որ այդ քաղաքական բանավեճը կանխորոշելու է ԿԸՀ գործունեությունը։ Ձեր նկարագրածն ընդամենը քաղաքական բանավեճ է, քաղաքական ուժերի ու դաշինքների գրանցումը հստակ սահմանված է ԸՕ-ով, եւ ԿԸՀ-ն գործելու է բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակներում։ Ինչ են կարծում մեր քաղաքական գործիչները մեկը մյուսի մասին, դա իրենց իրավունքն է»։
Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորմանը՝ Հովակիմյանն ասաց, որ կուսակցություններն ու դաշինքներն իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմն ԱԺ ընտրությունների ժամանակ 800 մլն դրամ է։ «Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները՝ իրենց պաշտոնական հաշվեհամարներից։ Կուսակցություններն իրենց հաշվեհամարներում այդ գումարը կարող են ձեւավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Ամեն ՀՀ քաղաքացի կարող է մեկ տարվա ընթացքում կուսակցություններին նվիրաբերել 10 մլն դրամից ոչ ավելի։ Ավելին, Քրեական օրենսգիրքը կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին՝ եթե ընտրությունների շեմը հաղթահարելուց հետո ընդդիմությունը միավորվի, Ընտրական օրենսգրքի որեւէ կետ կխախտվի՞, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Մենք նախընտրական փուլում ենք, քաղաքական բանավեճերով, խոսույթով ոչ Ընտրական օրենսգիրքն է փոխվում, ոչ էլ ԿԸՀ լիազորություններն են փոխվում։ Ընտրության արդյունքներով եթե որեւէ քաղաքական ուժ չի ունենա մեծամասնություն, բնականաբար, սկսվելու է կոալիցիայի կազմման փուլը։ Սկզբում կոալիցիա կազմելու իրավունքը տրվելու է առավել ձայն ստացած քաղաքական ուժին, եթե չի կարողանա իր շուրջը կոալիցիա կազմավորել, այդ դեպքում արդեն այդ իրավունքն անցնում է մնացած քաղաքական ուժերին։ Եթե նրանք էլ չեն կարողանում կոալիցիա ձեւավորել, այս դեպքում ունենում ենք երկրորդ փուլ, երկրորդ փուլին մասնակցում են առավել ձայն ստացած ուժերը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































