ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե արդյոք իշխանության՝ թոշակների բարձրացման որոշումը նախընտրական շրջանում ընտրակաշառք կամ վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ չէ։
«Մենք վարչական ռեսուրսի խնդրին կարող ենք անդրադառնալ, երբ կունենանք թեկնածուներ։ Որպեսզի որեւէ գործողություն գնահատվի որպես վարչական ռեսուրսի չարաշահում, ինքը պետք է Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումների ներքո գտնվի։ Պետությունը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում, սոցիալական ապահովության համակարգն ընտրություններով չի դադարում։ Դեռ չունենալով գրանցված թեկնածուներ՝ միանգամից խոսել վարչական ռեսուրսի չարաշահման մասին․․․ Վարչական ռեսուրսի չարաշահումը ենթադրում է, որ դա իրականացվում է գրանցված կուսակցության կամ թեկնածուի կողմից։ Որտե՞ղ են մեր գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները։ Այս դեպքում հարցադրում եք բարձրացնում, որն առայժմ մեր տիրույթում չէ։ Բայց գրանցվելուց հետո, եթե մենք կունենանք փաստեր, որ, օրինակ, կառավարությունը չպիտի այս-այս գործողությունները կատարեր եւ դրանք կատարել է բացառապես ընտրություններով պայմանավորված, այս դեպքում կարող ենք տվյալ գործողությունը գնահատել որպես վարչական ռեսուրսի չարաշահում»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք օրենքը թո՞ւյլ է տալիս, որ ՀՀ տարբեր բնակավայրերում այս օրերին արդեն փակցված են ՔՊ-ի նախընտրական պաստառները, ԿԸՀ նախագահը պատասխանեց․ «Պաշտոնական քարոզարշավը երբ սկսվում է, դա ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների։ Այսինքն՝ քաղաքական ուժերը մինչեւ քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարելու, բոլորն ազատ են, թող ծավալեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































