Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բալետի իտալացի արտիստն Արմեն պարեց. «Լա Սկալա» ակադեմիայի նրա ուսուցիչ-դաստիարակն էլ «հայկական մոտիվներով» ընկավ հիշողությունների գիրկը

Մարտ 11,2026 16:24 Share

Հայկական ազգային առաջին բալետը՝ Արամ Խաչատրյանի «Գայանեն» Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է 1974 թվականից և այսօր էլ մեծ պահանջարկ է վայելում նաև մեր երկիր հյուրընկալված օտարազգիների շրջանում:

Այսօր արդեն կարող ենք փաստել, որ բալետի օտարազգի արտիստներն իրենց խաղացանկը սկսել են համալրել այս բալետի գլխավոր՝ Արմենի դերապարով ևս:

Aravot.am-ը 2025 թ. ներկայացրել էր բալետի ռուս և ղազախ արտիստներ՝ Լև Բրելին և Սերիկ Նակիսպեկովին, որոնք «Գայանեի» պատմության ընթացքում առաջինն էին, որ մարմնավորեցին Արմենի կերպարը: Օրերս այդ դերապարով հանդես եկավ իտալացի Ֆիլիպպո Ֆերդինանդո Պագանը: Վերջինս, ինչպես և նախորդ «Արմենները», պարզապես փայլեց:

Մեզ հետ զրույցում 21-ամյա իտալացի արտիստը տեղեկացրեց՝ 8 տարի ուսանել է «Լա Սկալա» ակադեմիայում, իսկ առաջին՝ արքայազնի դերապարով Չայկովսկու «Շչելկունչիկում» բեմ է բարձրացել 2023-ին՝ Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում: Ռեպլիկին՝ ինչո՞ւ ոչ Իտալիայի թատրոններում, արվեստագետն ասաց. «Ակադեմիայում ուսանել եմ ռուս անվանի բալետի արտիստ և մանկավարժ Լեոնիդ Նիկոնովի ղեկավարությամբ, ով մտերիմ է «Բոլշոյի» բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մախար Վազիևի հետ, ում կողմից և ստացել եմ հրավեր: Կարճ ասած՝ վարվել եմ այնպես, ինչպես խորհուրդ է տվել հարգարժան մաեստրոս՝ Նիկոնովը: Հիմա արդեն կամաց-կամաց հարստացնում եմ խաղացանկս: Ասեմ, որ «Բոլշոյում» գլխավոր դերապարերով հանդես եմ եկել մի քանի ներկայացումներում, այդ թվում՝ Դելիբի «Կոպպելիա», Աստաֆևի «Փարիզի կրակները»: Հիմա էլ պարեցի Արմեն… Այս դերապարի համար, և ոչ միայն, անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել մաեստրո Դուրգարյանին՝ հրավիրելու համար: Երևանում առաջին անգամ հանդես եկա նաև Ադանի «Ժիզելում»՝ մարմնավորելով կոմս Ալբերտին: Ինձ օգնեցին ձեր թատրոնի բալետային խմբի արտիստները, այսինքն` գործընկերներս, բալետմայստեր Ռուբեն Մուրադյանն ու փորձավար Սոնա Առուստամյանը՝ ընդ որում մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշներով ու հատկություններով: Ինձ օգնեց նաև Խաչատրյանի և Ադանի բարձրարվեստ երաժշտությունը: Հավանաբար գիտեք, բայց ասեմ՝ «Գայանեին» առաջին անգամ ծանոթացել եմ ձեր թատրոնից ուղարկված տեսանյութով: Այնտեղ Արմենին հիանալի է մարմնավորում Ռուբեն Մուրադյանը…»:

Հավելեց, թե ինքը հպարտ է ու շնորհակալ «Լա Սկալա» ակադեմիայի իր մանկավարժին՝ Լեոնիդ Նիկոնովին, որը ներկա էր երևանյան ներկայացումներին, և տեղեկացրեց, որ անվանի մանկավարժը վարպետության դասեր է անցկացրել մեր թատրոնում:

Լեոնիդ Նիկոնով

Զրուցեցինք նաև Լեոնիդ Նիկոնովի հետ, որի ծնողները ռուսական բալետի հայտնի դեմքեր են եղել: Հայրը՝ Վլադիմիր Նիկոնովը, և մայրը՝ Լյուդմիլա Բոգոմոլովա-Նիկոնովան ժամանակին՝ 1950–1970-ականներին, «Բոլշոյ թատրոնի» առաջատար պարողներ են հանդիսացել: Հետո դասավանդել են Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում: Ընտանիքի կրտսեր որդին՝ Անդրեյ Նիկոնովը, նույնպես բալետի արտիստ է, «Բոլշոյում» պարել է կարճ՝ մոտ 10 տարի:

Զրույցի սկզբում Լեոնիդ Նիկոնովը ընկավ հիշողությունների գիրկը. «Մայրս հանդես է եկել «Դոն Կիխոտում» Վիլեն Գալստյանի ընկերակցությամբ «Բոլշոյում»… Ես կարիերաս սկսել եմ Կարենի դերապարով Խաչատրյանի «Գայանեում»՝ մեծանուն Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ: Երևանում առաջին անգամ եմ: Հենց առաջին օրը մի բան ինձ զարմացրեց՝ թատրոնում ավելի լավ են շփվում ռուսերենով, քան ես խոսում եմ: Պատճառը մեկն է՝ 30 տարի է, ինչ դասավանդում եմ «Լա Սկալա» ակադեմիայում…

Գիտեմ, որ կհետաքրքրի իմ կարծիքը ձեր բալետային խմբի մասին: Ասեմ այսպես. ընդամենը երկու դաս եմ անցկացրել: Հիմա կարծիք չեմ հայտնի, բայց չեմ կարող չասել՝ հիացած եմ և ձեր երկրով, և թատրոնով, այսինքն՝ մարդկանցով և մասնագետներով: Բոլոր ժամանակներում և այսօր էլ տաժանակիր աշխատանք են տանում բալետի արտիստները՝ ամենօրյա փորձեր, մարզումներ… և այստեղ շատ կարևոր է բալետի ուսուցիչ-դաստիարակի դերը, աշխատանքը… Նա պետք է լինի հոգեբան, երբեմն խիստ ուսուցիչ: Հարկ եղած դեպքում յուրաքանչյուր արտիստի հետ անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել: Ի վերջո, արտիստին պետք է պատրաստես, որ նա ոչ միայն մաքուր պարի տեխնիկապես, այլ լիովին ընկալի, թե ինչի համար են, օրինակ, այս կամ այն քայլերը, ժեստերը, թռիչքները… Այսինքն՝ լիովին ըմբռնի կերպարի ներքին վիճակը և հասցնի կամ ընկալելի լինի հանդիսատեսին: Մի բան էլ՝ ուսուցիչ-դաստիարակը մի տեսակ անձնական մարզիչ է, և բալետը, այո, բավականին շատ ընդհանրություններ ունի»:

Մաեստրո Նիկոնովի արտահայտած վերջին միտքը հետևյալն էր. «Առայժմ այսքանը, հուսով եմ՝ անպայման կհանդիպենք»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Ֆիլիպպո Ֆերդինանդո Պագանը երևանյան «Գայանեում» և «Ժիզելում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031