«Ստացվում է, որ դատարանի տրամադրության տակ եղել են երեք խմբի ցուցմունքներ՝ նույն անձանց կողմից տրված․ մասնավորապես, նույն անձանց կողմից, նույն փաստերի վերաբերյալ նախաքննության ընթացքում տրված մեղադրական բնույթի ցուցմունքներ, նախաքննության ընթացքում՝ նույն անձանց կողմից, նույն փաստի վերաբերյալ տրված արդարացնող ցուցմունքներ եւ դատաքննության ընթացքում նույն անձանց կողմից եւ նույն փաստերի վերաբերյալ տրված արդարացնող ցուցմունքներ»,- ՀՀ վերաքննիչ դատարանում ամփոփելով Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների գործով ապացույցների վերլուծության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը, հայտարարեց Դավիթ Համբարձումյանի եւ նրա եղբոր Գոռ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց Մասիսի նախկին քաղաքապետի եւ մյուսների վերաքննիչ բողոքի քննությունը։
Պաշտպանի մատնանշումը վերաբերում էր գործով տուժողներ Արա Գեւորգյանի եւ Արարատ Գեւորգյանի ցուցմունքներին, նրանք հարազատ եղբայրներ են։
Կարդացեք նաև
Գայանե Պապոյանը նկատեց, որ տուժողների ցուցմունքներում ակնհայտորեն գերակշռել են արդարացնող ցուցմունքները եւ գնահատում իրականացնելիս, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր այդ ցուցմունքները գնահատել՝ համադրելով գործում առկա օբյեկտիվ ապացույցի՝ տեսանյութի հետ։ Դատարանն այդ քայլը չի արել։ Մինչդեռ պաշտպանը վստահեցնում է՝ համադրման արդյունքում պարզ կդառնար, որ երկու տուժողների ցուցմունքներից հենց արդարացնող բնույթի ցուցմունքներն էին համադրելի տեսագրության հետ։ Բայց առաջին ատյանի դատարանը նշյալ անձանց ցուցմունքները գնահատել է՝ հիմք ընդունելով անհայտ աղբյուրից ստացված եւ, որպես ապացույց չհետազոտված օպերատիվ տեղեկությունն այն մասին, որ նախաքննության ընթացքում տվյալ անձանց վրա ճնշումներ են գործադրվել։
Զենքի բացակայության եւ զենքի տեսակի որոշված չլինելու պայմաններում, պաշտպանը ոչ իրավաչափ է համարում նաեւ Դավիթ Համբարձումյանին ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-որդ մասով առաջադրված մեղադրանքը, քանի որ այդ դեպքում պարտադիր է զենքի տեսակի բացահայտումը։ Սույն գործով զենքն առկա չէ եւ բացահայտված չէ զենքի տեսակը ու պաշտպանական կողմի համար առնվազն անհասկանալի է առաջին ատյանի դատարանի որոշումը, որ հասարակության համար եղել է իրական, ոչ թե ենթադրյալ վտանգ։ Ավելին, պաշտպանական կողմը շարունակում է պնդել՝ Դավիթ Համբարձումյանի մոտ զենք չի եղել ու դա է փաստում նաեւ սույն գործի հիմք հանդիսացած տեսագրությունը։
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, պաշտպանի պնդմամբ, նաեւ չի ապացուցվել, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրում է եղել, իբրեւ հանցավոր խմբի անդամ։
Պաշտպանական կողմը գտնում է նաեւ, որ առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին նշանակել է առավելագույնին մոտ պատիժ՝ առանց հիմնավորման։ Դավիթ Համբարձումյանը, հիշեցնենք, կալանավորվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Որոշում կայացնող դատավորը Ժորա Չիչոյանն է։
Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմն անհիմն է համարում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Դատարանը թույլ տվեց, որ Դավիթ Համբարձումյանը ևս չորս այց կատարի ատամնաբուժարան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ























































