«Արդեն ութ ամիս է՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025-ը մեր անկախությունից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ ՀՀ-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր»,- Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ անկախությունից ի վեր առաջին անգամ 2025-ի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով՝ նաև Վրաստանի միջով, գնացք եկավ ՀՀ․ «Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ երկաթուղային փոխադրումների սահմանափակումները։ Ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարում ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են՝ գուցե նման լուծումը բերի ԹՐԻՓՓ-ի իրագործման ձգձգման։ ՀՀ-ն ԹՐԻՓՓ-ը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի»։
Կարդացեք նաև
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանին ուզում է առաջարկ անել ու հայտարարեց․ «ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր՝ գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Մեր առաջարկը նպատակ չունի ձգձգել, խափանել վաշինգտոնյան պայմանավորվածությունները․ ես սա ասում եմ պաշտոնապես։ Այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետության կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով ՀՀ-ի հարավային ու հյուսիսային հատվածների միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին ՀՀ-ի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այս կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի ու հյուսիսի միջև։ ՀՀ-ի և Ադրբեջանի սպասումները չեն հակասում իրար»։
Նա նաեւ հայտարարեց. «Մեր կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։
Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ՝ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































