Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ կապված իրադարձությունների մասին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ժամանակագրական առումով մի քիչ հետ գնանք, որովհետև այս ամենը ճիշտ հասկանալը շատ կարևոր է նաև մեր երկրի տեղը, դերը և մեր իշխանությունների գործելաոճը հասկանալու համար։
Դեռևս անցած տարվա վերջին ես նշել եմ, որ մենք փետրվարի կեսերից սկսած մինչև ապրիլի վերջ համաշխարհային բավականին ծանր շրջան ենք ունենալու։ Դա պայմանավորված էր հենց այդ տրամադրություններով, որ կային։ Նաթանյահուին իշխանությունից չէին հեռացրել 12-օրյա պատերազմից հետո, ամերիկյան վարչակազմը իր գործելաոճը ոչ մի կերպ չէր փոխել, հետևաբար այն զիջումը, որ Իրանը արեց 12-օրյա պատերազմում՝ փաստացիորեն զգուշացնելով ամերիկյան կողմին, որպեսզի կանգնեցվի այդ ռազմական գործողությունների շղթան, ակնհայտ էր, որ ամերիկացիները որպես թուլության նշան են ընդունել և նախապատրաստվում են հաջորդ հարձակման։
Եվ այդ հարձակումը պետք է իր մեջ մի քանի տարրեր ունենար։ Դրանց մեջ էին մտնում Իրանում ներքին ըմբոստությունները, այդ ֆոնի վրա էթնիկ տարբեր խմբերի, խմբավորումների՝ ռազմական պայքարի դուրս գալը անջատողական շարժումների ձևով։ Եվ դրան զուգակցված արդեն դրսից հարվածներ ու նաև ցամաքային ներխուժում, որը պիտի բզկտելով Իրանը տարածաշրջանում որպես պետություն անգո դարձներ թե քաղաքական, թե ֆիզիկական իմաստով, նաև որոշակի տարածքներ բաժին հասցնելով խոստացված մասնակիցներին։ Ես նշել էի նաև, որ այդ խոստացված մասնակիցների շարքում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք անմիջական դերակատարում ունեն»։
Տիկին Աղաջանյանի համոզմամբ՝ այդ ֆոնի վրա ամենևին էլ պատահական չէր, որ մեր «արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձնավորությունը» այդ ժամանակ հապճեպ կերպով հրավիրվեց Վաշինգտոն և ստորագրեց TRIPP-ի հետ կապված փաստաթուղթը, որով հստակ բաշխումներ էին արվում և Միացյալ Նահանգներին այդ իրավունքը տրվում, փաստացիորեն իրավականորեն հիմնավորվում էր տարածքի տնօրինման հետ կապված հարցը։
Կարդացեք նաև
«Սա ցույց է տալիս, որ այդ ծրագրերն ընթացքի մեջ են, և իրենք արագացնում են գործընթացները, որպեսզի ցամաքային հարձակման ժամանակ կարողանան այդ տարածքը իրավականորեն օգտագործել՝ առանց խնդիրներ հարուցելու իբրև թե մեր հանրության ու աշխարհի աչքի առաջ։ Եվ սրա հետ կապված հիշենք, որ դրան զուգահեռ թուրքերն արագ տեմպերով սկսեցին անցակետի շինարարական աշխատանքները»,- ասաց դիվանագետը։
Ձյունիկ Աղաջանյանը վեր հանեց նաև Արևմուտքի սխալ մտածելակերպը։ «Ես շատ եմ ասել, որ արևմտյան մտածելակերպով եթե մարդիկ ուզում են ավելի ազատ, ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, ապա իրենք պետք է համաձայնեն Ամերիկայի կամ Իսրայելի հպատակը լինելուն։ Եվ իրենց այս սխալ գաղափարը նաև սխալ որոշումների է հանգեցնում։ Դա տիպիկ արևմտյան նյութապաշտությունից ելնող մտածելակերպի դրսևորում է։ Իսկ այստեղ մենք գործ ունենք արժեքային համակարգով առաջնորդվող հասարակության և քաղաքակրթության հետ, որը հազարամյակներով շարունակական պետականության ավանդույթ ունի։ Եվ այս պարագայում, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց թրամփներ են եկել-անցել, նաթանյահուներ են եկել-անցել, և իրենք շարունակել են այս աշխարհում գոյատևել ու իրենց պետությունը պահել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































