«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ընտրության ժամը» հաղորդաշարի հետ հարցազրույցում նախ անդրադարձավ հարևան Իրանում կատարվող իրադարձություններին, վերլուծեց, թե ինչ աշխարհաքաղաքական, նաև տնտեսական հետևանքներ դրանք կարող են ունենալ մեզ համար։
«Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս և մեկ հնարավորություն։ Մեկ դասը կայանում է նրանում, որ խաղաղության հասնելու համար մեզ պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր՝ նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և ընդհանուր համաշխարհային գերտերությունների կողմից իրականացվող գործընթացներին։
Մենք մեր երկրում պետք է ունենանք դաս, որ խաղաղությանը կարելի է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով։ Հավելյալ պետք է լինեն նաև մեկից ավելի երաշխավորներ, որպեսզի մի երկիր հնարավորություն չունենա Հայաստանի շահը երկրորդել և առաջ տանել իր երկրի շահը։ Այսինքն՝ երկու և ավելի երաշխավորի դեպքում մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ և ամուր խաղաղություն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Իսկ այս պատերազմի հետևանքով մեր երկրի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին նա ասաց. «Կարծում եմ, Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, և Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր։ Դա հնարավորություն է տալու Հայաստանի տնտեսությանը՝ մեր ապագա ծրագրերին, իրականանալու։
Կարդացեք նաև
Որպես մատչելի և բավականին լավ հումքի աղբյուր՝ Իրանը կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նույն նավթամթերքը, նույն մետալուրգիական ապրանքի սկզբնական շղթայի հումքը։ Նաև կարող է այլ հումքային բազա լինել, ինչը Հայաստանի տնտեսության համար փոխլրացնող և հետաքրքիր ուղղություններ է։ Այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է լինել մեզ հետաքրքիր հարևան, և մենք տնտեսապես փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու։
Կարծում եմ, ապրանքի գների բարձրացում չի լինի։ Այս ճնշումը Իրանի վրա կբերի նրան, որ իրանական ռիալը կարժեզրկվի, և դրա արդյունքում կլինի Իրանից ներմուծումների, նաև հումքի ներմուծման գների անկում, ինչը մեզ հնարավորություն կտա մրցակցային արտադրություններ ունենալ Հայաստանում՝ օգտագործելով իրանական հումքերը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































