-Բոլորը հավասար են օրենքի առաջ: Մենակ մի բան գիտեմ՝ 2600 հոգի հարցաքննվել են, 110 քննիչ քննություն է կատարել, ու որևէ մեկը Ծառուկյանի անունը չի տվել: Ծառուկյանը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես, իհարկե, չէի հավատում, սպասում էի՝ Եվրոպական դատարան պիտի դիմենք, որ լիարժեք լինի: Եթե նման հանձնարարություն չկար, ընտրություն էր, պետք է կատարվեր, շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացրին,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում իրեն մեղսագրվող կաշառքի գործով դատարանի արդարացնող վերդիկտի հրապարակման մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ռուսաստանաբնակ ու բելոռուսամետ օլիգարխները փորձում են ՀՀ անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին. «Ուզում եմ հասկանալ՝ խաղաղությունը ո՞րն է: Խաղաղությունն ա՞յն է, որ ադրբեջանցիները բոլոր սարերի վրա նստած են զենքով, զորքով, թելադրանքով ու ասում են՝ սա պետք է տաք, սա պետք է անեք: Ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ 300.000 ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի: Արդեն գալիս են, Մարալիկում տարածքներ են նայում: Մի հատ հայ կարո՞ղ է գնալ Բաքու մի բան ման գա: Կամ 300.000 ադրբեջանցի, որ պետք է գա, բնակվի Հայաստանում: Մեր հայրենակիցները ամեն ինչ՝ տուն, տեղ, ունեցվածք թողած, չեն կարողանում գնալ, իսկ իրենց 300.000-ը կարող են գալ: Սա խաղաղություն չէ, թելադրանք է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված խաղաղություն»:
Հարցին՝ ինչպես է վերաբերում Ադրբեջանի հետ առևտրին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ գլխավորը խաղաղությունն է. «Առաջնային խնդիրը պետք է վստահ լինենք, որ խաղաղություն պետք է լինի, առանց խաղաղության որևէ բան չի կարող լինել: Պետք է երաշխավորված խաղաղություն լինի»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում էր 2008 թ.-ից հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ինչպես նաև դրանում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում անհրաժեշտ նյութական, այդ թվում՝ դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամներին և համակիրներին:
Կարդացեք նաև
Սեդրակ Առուստամյանին մեղսագրվում է 2002 թ.-ից հանդիսանալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրեն՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ ընտրողներին կաշառք տալու հարցում նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններում, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ապահովելով անհրաժեշտ նյութական, այդ թվում՝ դրամական միջոցների տրամադրումը, Գագիկ Ծառուկյանի կողմից իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում Գեղարքունիքի մարզի նախընտրական շտաբի պատասխանատու Վազգեն Պողոսյանի միջոցով ընտրողներին տվել է կաշառք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































