Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «խաղաղասեր» Ադրբեջանն այսքան ինտենսիվ քարոզչություն տանում Հայաստանի տարածքի հանդեպ

Մարտ 11,2026 22:00 Share

Վերջին չորս ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունն արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։ Այս վիճակագրություն արտահայտող նախադասությունը զուտ վիճակագրական տվյալ չէ․ սա Ադրբեջանի «խաղաղության» քարոզչության ներքո Հայաստանի Հանրապետության դեմ առաջ քաշվող զավթողական ծրագրերի ուղիղ արտահայտությունն է։

Ես կարդացել եմ բոլոր այդ 137 հոդվածները, դրանց մեծ մասը ադրբեջանալեզու են։ Այս հոդվածներում ներկայացվում են այն բազմաթիվ քննարկումները Հայաստանի տարածքը որպես «հին ադրբեջանական հող» ներկայացնելու վերաբերյալ, որոնք կազմակերպվում են Ադրբեջանի պետական համալսարանում, Մանկավարժական համալսարանում, ավագ դպրոցների աշակերտների շրջանում։ Այս թեմայով անցկացվում են շարադրությունների մրցույթներ, նկարչական մրցույթներ, գրվում են գրքեր, հրապարակվում են քարտեզներ։

Սրանք ընդամենը մեկ պետական գործակալության հրապարակումներն են։ Ադրբեջանի մեդիա դաշտում հրապարակվող նյութերը շատ ավելի մեծ թիվ են կազմում։

Դրանից բացի՝ Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից «Baku TV» հեռուստաալիքը շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի, շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։

Ադրբեջանական այլ լրատվականները, այդ թվում պետական հեռուստաընկերությունը պարբերաբար ևս նման հրապարակումներ են անում։

Այս ամենը կարող եմ բնութագրել պարզ թվացող «վտանգավոր» բառով։ Բայց վտանգը մեծանում է ՀՀ իշխանությունների անգործության և լռության հետևանքով։ Ավելին, նրանց քայլերը, որոնք միտված են Իլհամ Ալիևին ներկայացնել որպես «խաղաղության ջատագով», շատ ավելի են բարդացնում իրավիճակը։

Ընդ որում, երբ սկսվեց այս վտանգավոր զավթողական հայեցակարգի տիրաժավորումը Ալիևի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, հենց «Առավոտ»-ի եթերում ես խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է դա դարձնել Ալիևի համար գլխացավանք։ Դա եղել է չորս տարի առաջ։

Չորս տարվա ընթացքում ՀՀ պատկան գերատեսչությունները ոչինչ չեն արել այս վտանգավոր հայեցակարգը չեզոքացնելու համար։ Հիմա Ադրբեջանում սերունդ է կրթվում այս զավթողական հայեցակարգի հիման վրա, պետական միջոցներ են հատկացվում դրա տիրաժավորման համար։

Հարց տվեք ինքներդ ձեզ՝ մի՞թե խաղաղության իրական միտումի պարագայում Ադրբեջանն այսքան միջոցներ կծախսեր այս անհեթեթ, պատմական հենքից զուրկ զավթողական հայեցակարգը քարոզելու համար։ Մի՞թե այդքան գումար կդրվեր այս ամենի վրա, եթե այն հեռուն գնացող նպատակներ չունենար։

Անշուշտ, կարելի է անտեսել այս ամենը՝ մոռանալով դաժան, բայց միևնույն ժամանակ շատ պարզ օրինաչափություն․ ամենը սկսվում է մտքից, հետո դառնում խոսք, հետո և՝ գործողություն։ Արցախի հարցում ևս Ադրբեջանն ինտենսիվ տեղեկատվական և քաղաքական պայքար էր տանում տարածքի հանդեպ «սեփականատեր» լինելու հարցում։ Հիմա Արցախը ամբողջությամբ վերահսկողության տակ է, այնտեղ հայ չի ապրում, զավթված են նաև ՀՀ սուվերեն տարածքից հատվածներ։

Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր հանրային դաշտի և մտավորականության ուսերին։

Մեր հակառակորդը մեզ շատ պարզ է ասում իր ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է տեսնել դրանք և կանխել՝ ժամանակին, քանի դեռ ուշ չէ։

Տաթևիկ Հայրապետյան,

Պատմական գիտությունների թեկնածու

Ադրբեջանի հարցերով փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031