Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասպյան թուրքերը պտտվում, նկարում են մեր երկրում, նկարները տեղադրում են սոցցանցերում, և ոչ մի հետևանք, բայց մենք՝ չգիտես ինչի առանց որևէ հիմքի. հանդիսանում ենք ահաբեկիչ»․ Վազգեն Ոսկանյան

Մարտ 11,2026 20:44 Share

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում (նախագահող դատավոր Ջոն Հայրապետյան) «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Վազգեն Ոսկանյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Թե՛ ապացույցների, թե՛ վկաների ցուցմունքների ավարտից հետո առավել քան ակնհայտ է, որ ոչ ես, ոչ իմ ընկերները չենք ունեցել որևէ հանցավոր միտում, առհասարակ մեր պլաններում երբևէ չի եղել որևէ օրենքի խախտում կամ հանցավոր արարք նախապատրաստելու փորձ։ Գործն ամբողջովին հիմնվում է բացառապես գերճոխացված ենթադրությունների վրա, որոնք անհիմն են։ Այսօրվա Հայաստանում ցանկության դեպքում շատ հեշտ, կամայականորեն յուրաքանչյուր քաղաքացու կկալանավորեն առանց որևէ հիմքի, և փաստացի մեր գործը դրա վառ ապացույցն է, որ 30-րդ ամիսն է՝ մենք գտնվում ենք կալանքի մեջ, ու որևէ ապացույց չկա»։

Վազգեն Ոսկանյանը վստահեցրեց՝ իրենց վերագրվող հարյուր տոկոսով հորինված մեղադրանքներում հիմք չկա․ «Ամենահիմնականն այն է, որ երբ նախաքննության փուլում քննիչը պահանջում էր կալանավորել, հնարավորինս խիստ խափանման միջոց սահմանել՝ թե զանգերը, ընտանիքի անդամների հետ տեսակցության իրավունքը սահմանափակել, դա հիմնավորում էին, որ անձամբ ես ունեմ ինչ-որ հանցավոր խումբ, ու եթե իմ զանգերը բաց լինեն, ես ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, հրահանգ կտամ, ու իմ հրահանգով նրանք պետք է գրավեն ինչ-որ անհասկանալի պետական շենքեր։ Մինչև հիմա չենք լսել որևէ հիմնավորում՝ ո՞րն էր այդ շենքը, ովքե՞ր են այդ մարդիկ»։

Վազգեն Ոսկանյանն ասաց, որ նախաքննության փուլում ինքն ունեցել է հիմնավորված անվստահություն դատարանի նկատմամբ․ «Երբ սկսվում էին հիմնական դատալսումները, քննչական կոմիտեն գործը փոխանցել է դատախազությանը, հույս ունեի, որ ատյանը կփոխվի, բայց տեսնում եմ դատախազ Հովակիմյանին, իսկ նա եղել է վերահսկող դատախազ նախաքննության փուլում։ Դատախազ Հովակիմյանը, լինելով վերահսկող դատախազ, չի կանխել անհիմն գործողությունները։ Դատախազն իր ծառայության բերումով պարտավոր էր վերահսկել։

Այսինքն՝ ինքը ուղղակի պիտի մի օր քննիչին կանչեր, ասեր՝ եղբայր, էս մարդիկ փափախով քուրդ չեն, պահը գալու է, իրենք սրա համար պիտի պատասխան ուզեն, որովհետև քո խոսացածների պատճառով մարդիկ չեն կարողանում խոսել իրենց ընտանիքի հետ, ապրում են 5 հոգով 20 քմ-ի մեջ։ Էս մարդիկ այն տեսակը չեն, որ ուղղակի մոռանան, ասեն՝ դե լավ, եղել է, եղել է։ Մենք դա կյանքում չենք կարող մոռանալ։ Բայց փաստացի, քանի որ քննիչ Ծառուկյանի հորինած մեղադրանքը շարունակվել է ամբողջ նախաքննության ընթացքում, ես կարող եմ փաստել, որ դատախազ Հովակիմյանը, լինելով վերահսկող դատախազ, չի կանխել այս անհիմն գործողությունները»։

Վազգեն Ոսկանյանի պնդմամբ՝ իրենց գործն ունի հստակ քաղաքական բնույթ․ «Քննիչը պնդում էր, որ ես պլանավորել եմ, ու իմ զենքի տեխնիկական հնարավորությունը թույլ էր տալիս, որ դրանով պետական շենք գրավենք։ Եթե ես կամ որևէ մեկը ունենանք նման մտադրություն, նախքան էդ զենքով պետական շենք գրավելը, ես ստիպված պետք է մտնեմ խանութ, ձեռք բերեմ մեծ քանակով ծխախոտ ու սուրճ, մոտենամ էդ շենքի անվտանգությունն ապահովող անձնակազմին և իրենց բաժանեմ, ասեմ՝ ինձ լիքը ժամանակ է պետք, որ ես կամ որևէ մեկը ձեզ սպանենք, կոֆե խմեք, ծխեք, քանի որ իմ զենքն աշխատում է հետևյալ սկզբունքով․ չեմ կարող՝ հատ-հատ պիտի ձեզ գյուլլեմ, պիտի մի հատ կրակեմ, բացեմ, պարկուճը հանեմ, նոր պարկուճ դնեմ, փակեմ, մի հատ էլ կրակեմ, էդ ընթացքում մարդիկ մի հինգ անգամ սուրճ կխմեն ու կծխեն։

Բայց քննիչը պնդում էր, որ սա հնարավոր է։ Մեղադրանքի մեջ լրջություն, տրամաբանություն ուղղակի չկա։ Մեր գործի վրա աշխատել է 10-13 հոգանոց քննչական խումբ, նախաքննությունը տևել է 10 ամիս, այսինքն՝ 10 ամիս չեն կարողացել ավելի լավ բան հորինել կամ հորինածին հիմնավորում գտնել։ Ու մարդիկ կան, որ ասում են՝ այս գործը քաղաքական գործ չի՞։ Լավ, քաղաքական գործ չէ։ Գործով հինգ մեղադրյալ է անցնում, շեշտեմ՝ ցանկացած բարոյական կալանավորի ազատմանը, կալանքի մեղմացմանն ուրախ եմ, ուրախ եմ, որ տղերքը դուրսն են, բայց հարց է առաջանում՝ մե՞նք ինչի դուրսը չենք, քանի որ մեղադրանքը լրիվ նույնն է։ Այսինքն՝ ով ունեցել է ընդդիմադիր ուժերի հետ կապ, մասնակցություն, ստացել է ավելի խիստ կալանքի ռեժիմ»։

Վազգեն Ոսկանյանը նաև վրդովվեց․ «Ստեղծվում է պատկեր, որ այն հիմնարկը, որը պետք է զբաղվեր կամ ժամանակին զբաղվում էր պետական անվտանգության պահպանմամբ, հակահետախուզությամբ և այլնով, պարզվում է, որ դրանով այսօր չեն կարող զբաղվել։ Երբ վերնախավը գնում է Բաքու, դրանից հետո նրանք այստեղ թուրք շպիոն ման գալ չեն կարող։ Էդ մարդիկ ակնհայտ գալիս են այստեղ, էդ կասպյան թուրքերը պտտվում, նկարում են, տեղադրում են սոցցանցերում, և ոչ մի հետևանք, բայց մենք՝ չգիտես ինչի առանց որևէ հիմքի հանդիսանում ենք ահաբեկիչ»։

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ ժամը 14։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031