Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ». Ռուբեն Հակոբյան

Մարտ 11,2026 21:12 Share

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։

«Իրանի նկատմամբ իրականացվող Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով եղել ու մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով այդ տանդեմի կողմից տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ իրական են բոլոր այն խնդիրները, որ ձևակերպում են այս պետությունները Իրանի հետ կապված, այն ճանապարհով, այն գործիքակազմով, որով այս տանդեմը փորձում է լուծել այդ հարցերը, հատուկ են միայն տեռորիստական պետություններին։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին, երբ ռմբակոծության մեկ հարվածով մոտ 200 երեխաներ են զոհվում։ Ես չեմ կարծում, որ եթե ուզում են ղեկավարի ոչնչացնել, ապա միևնույն է, որ այդ ղեկավարի հետ զոհվում են նրա կինը, որդին, հարսը, 14 շաբաթական թոռը։ Սա իսկապես պետական տեռոր է, այդ պետական տեռորը ծրագրված է։ Եվ աշխարհում ժողովրդավարության մասին խոսող պետությունները սրա մասին լռում են։

Թրամփն իր էությամբ գործարքի մարդ է, բանակցությունների մարդ չէ։ Խոսվում է Իրանում միջուկային զենքի մասին, մարդու իրավունքների մասին, բայց ըստ էության գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Իրանը և ինչ ազդեցություն ունի ամբողջ նավթագազային իրականության նկատմամբ։

Մի հարցի պիտի անդրադառնամ, որը կարող է շատ միամիտ թվալ։ Ինչո՞ւ պիտի Պակիստանն ունենա միջուկային զենք, Իրանը՝ ոչ։ Ինչի՞ մեր դարավոր թշնամին, որն ուզում է վերացնել Հայաստանը, որպեսզի թուրանական ծրագիրն իրականացնի, պիտի ունենա միջուկային զենք, մենք չունենանք։ Ինչո՞ւ Հյուսիսային Կորեան պիտի ունենա միջուկային զենք, բայց Հարավային Կորեան չունենա։ Ինչո՞ւ եվրոպական մի շարք պետություններ պիտի միջուկային զենք ունենան, բայց, ասենք, Ավստրիան չունենա։

Երբ այսօր աշխարհն ունի ավելի քան 9200 միջուկային զենք, որոնք կարող են այս մոլորակը մի քանի անգամ ոչնչացնել, պետք է հարցը շատ պարզ և հասկանալի դրված լինի։ Ինչի՞ համար է այս տարբերակված մոտեցումը։ Իսրայելը, ճիշտ է, չի դիտվում, բայց աշխարհը գիտի, որ նա ունի միջուկային զենք։ Ինչո՞ւ նա պետք է ունենա, իսկ Իրանը չունենա։ Չեմ ասում, որ Իրանը պիտի ունենա։ Ասում եմ՝ ինչո՞ւ է այս տարբերակված մոտեցումը։

Ով կհաղթի այս պատերազմո՞ւմ։ Կարծում եմ՝ հաղթող չի լինի։ Բայց կարծում եմ՝ սա Ամերիկայի պատմության մեջ լինելու է սև էջերից մեկը։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմում ամբողջ Եվրոպան կանգնեց Ուկրաինայի կողքը, և թվում էր, թե Ուկրաինան անպարտելի է դառնալու, Վլադիմիր Պուտինը մի ձևակերպում արեց՝ ասելով, որ մեզ պետք չէ այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը չի լինելու։

Հիմա նույնն ասում է Իրանը։ Ոչ միայն Իրանի ղեկավարությունը, այլև ամբողջ ժողովուրդը։ Ուզում եմ ասել, որ Ամերիկան ենթարկվեց Իսրայելի շանտաժին։ Իսրայելը կարողացավ կազմակերպել այս ամեն ինչը, որը փորձանք է բերելու մեր մոլորակին, ամբողջ աշխարհին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031