Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան շարժումը՝ գերմանացի պրոֆեսորի հիշողություններով

Մարտ 11,2026 23:45 Share

«1988 թվականի իրադարձությունները մինչ օրս շարունակում են մնալ հիշողության և վերաիմաստավորման կարևոր թեմա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային գիտական շրջանակների համար»,- Երևանում՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում իր հիշողությունները ներկայացրեց գերմանացի սլավիստիկայի պրոֆեսոր Էլիզաբեթ Շորը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ էր որոշել հենց այդ տարիներին փաստագրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոֆեսորը պատմեց, որ 1988-ին Խորհրդային Միություն էր ժամանել՝ որպես զբոսաշրջային խմբի ուղեկցող՝ Գերմանիայից եկած պրոֆեսորների և ուսանողների հետ միասին շրջելով խորհրդային մի քանի հանրապետություններով։ Սակայն Հայաստան հասնելուն պես նա հայտնվել էր մի իրականության մեջ, որտեղ հասարակական կյանքը լցված էր զանգվածային ցույցերով և քաղաքական լարվածությամբ։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ երկիրը գտնվում էր բարդ և հակասություններով լի իրավիճակում, իսկ Հայաստանում տեղի ունեցող բողոքի շարժումն առանձնանում էր իր մասշտաբներով և հասարակական ակտիվությամբ։ Նա նշեց․ «Դրսից եկած մարդու համար ամենաուշագրավը մարդկանց մասնակցությունն ու նրանց արտահայտման ձևերն էին»։

Էլիզաբեթ Շորը Ֆրայբուրգի համալսարանի սլավիստիկայի պրոֆեսոր է՝ մասնագիտացած մշակութաբանության և գենդերային հետազոտությունների ոլորտում։ 1970-ականներից ի վեր նա պարբերաբար ճանապարհորդել է Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի երկրներով, ինչպես նաև Խորհրդային Միություն և դրա փլուզումից հետո ձևավորված պետություններով։ Նա բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նվիրված են ռուս գրականությանը, գերմանա-ռուսական մշակութային հարաբերությունների պատմությանը, թատրոնի, գիտության պատմությանը և այլ թեմաների։

Սիրողական լուսանկարչությամբ զբաղվող գիտնականն այդ օրերին լուսանկարել էր նաև բողոքի ցույցերի պաստառներն ու կարգախոսները՝ փորձելով պահպանել շարժման մթնոլորտը։

Այդ դիտարկումները հետագայում դարձել են ծավալուն հետազոտական աշխատանքի հիմք։ Էլիզաբեթ Շորը նշում է՝ տարիներ անց կրկին կարևոր է վերադառնալ այդ նյութերին, քանի որ դրանք ոչ միայն պատմական փաստագրություն են, այլև հասարակական հիշողության մաս։

Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունների նպատակը հենց հիշողության պահպանությունն ու քննարկումն է հանրային դաշտում։ Այս գաղափարով էլ Երևանում իրականացվում են «Հանրային մարդաբանություն» (Public Anthropology) սեմինարների շարքը, որոնք կազմակերպվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Սեմինարների նպատակն է գիտական քննարկումները դուրս բերել ավելի լայն հանրային հարթակ և խթանել մշակութային երկխոսությունը տարբեր երկրների միջև։

Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաև հայ-գերմանական մշակութային և գիտական համագործակցությանը։ Սեմինարների շարքը մեկնարկել է 2011 թվականից, այն տարիների ընթացքում դարձել է երկխոսության հարթակ, որտեղ քննարկվում են հիշողության, պատմության և հասարակական փոփոխությունների թեմաները։

 

Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ալինա ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031