44-օրյա պատերազմի ժամանակ «Առավոտի» զրուցակցի՝ Հրաչյա Դանիելյանի գրասենյակը դարձել էր բարեգործական շտաբ. Հայաստանում սեպտեմբերի 27-ին բացված առաջին բարեգործական շտաբը։ Երեկ ես այդ գրասենյակում էի։ Տեսա Արցախի երեխաների նկարները՝ տներ, Եռագույնի մեջ երեւացող խաչեր, Շուշիի բակերում անհոգ խաղացող մանկության պատկերներ, իմացա, որ երբ պատերազմի օրերին Արտաշատ էին տեղափոխվել Շուշիի երեխաները, մայրերը, Հրաչյա Դանիելյանի շտաբի ընկերը զանգել է Հենրիխ Մխիթարյանին, ուղարկել երեխաների մասին պատմող տեսանյութը։
44-օրյա պատերազմից հետո մեր կորուստներին ավելացավ հիշողության կորուստը, հիշողությունից հրաժարումը։ Երկրի ներկա տերերը վախենում են հիշել, վախենում են մեր ժողովրդի պատմությունից, արխիվներից, անգամ՝ անուններից։ Եվ այս համատարած ներարկված հաշտվողականությանը զուգահեռ կան մարդիկ, ովքեր քայլեր են անում, որ դու ապրես, որ քո գլուխը բարձր պահես։ Ազատամարտիկ գործընկերոջս, լրագրող Լուսինե Ղազարյանի հետ գնում եմ Հրաչյա Դանիելյանի աշխարհ, մեկի, որն ապրեցնում է, հակառակ ամենին։
Հրաչյա Դանիելյանը համարվում է աշխարհում տնտեսագիտական գիտությունների առաջին դոկտորը (PhD)՝ կրիպտոոլորտում, կրիպտոարժույթների եւ էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու «Խորհրդավոր Կրիպտոաշխարհ» գրքի հեղինակը, ԵՊՀ «Ֆինանսական ռիսկերը թվային արժույթներում» առարկայի դասախոսը։ Բայց զրույցս էլեկտրոնային փողի մասին չէ, որից իսկապես գլուխ չեմ հանում, այլ մի արժանապատիվ հայանպաստ գործունեության, որի մասին տեղեկանում եմ նրա հետ հանդիպման ժամանակ։
Կարդացեք նաև
Հրաչյայի «թաքուն» աշխարհում երկու հարյուրից ավելի ձեռագրեր կան։ Նա դրանք ձեռք է բերում իր սեփական միջոցների հաշվին, պատահում է, որ նվիրում են։
Հայկական բնօրինակ ձեռագրերի, անձնական նամակների մեջ են Հովհաննես Թումանյանի մոտ քսան ձեռագրերը (ի դեպ, բանաստեղծի աղջկա՝ Նվարդի ձեռագիրը Պոետն ուներ, բայց թանգարանում ճշտվեց, որ իմ ներկայացրածը Պոետինն է, ասում է զրուցակիցս-Ռ. Մ.), Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Երվանդ Քոչարի, Եղիշե Չարենցի, Աթաբեկ Խնկոյանի՝ Խնկո-Ապոր, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի, Փափազյանի, Արմեն Խոստիկյանի, Սվետլանա Գրիգորյանի, Ռոզի Արմենի…

Ձեռագրերի հետ հանդիպումը մայիսին է՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գրադարանում։
Այս յուրօրինակ հավաքածուի մաս են կազմում անձնական նամակները, ստորագրությունները։
Հ.Դանիելյանը հավաքում է նաեւ նկարներ։ Նրա աշխատասենյակում Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի՝ հրդեհից փրկված նկարն էր… Իսկ արժեքավոր հավաքածուն տանն է։
Զրուցակիցս պատմում է, որ գումարի փոխարեն իրեն տարիներ առաջ առաջարկել էին Փարաջանովի լուսանկարներից մեկը։ Նա դիմել էր Զավեն Սարգսյանին՝ թանգարանի տնօրենին՝ աշխարհահռչակ նկարչի ամենավստահելի լուսանկարչին՝ ասելով, որ լուսանկար կա իր մոտ եւ ցանկանում է, որ բերի թանգարան, նվիրի։ Վերջինս հեռախոսով ասել է. «Մենք ֆոտոներ շատ ունենք», սակայն այնուամենայնիվ խնդրել նկարն ուղարկել էլեկտրոնային փոստով։ Որոշ ժամանակ հետո Զավեն Սարգսյանը հետ է զանգել եւ ասել. «Այ, տղա, դու որտեղ ես, նկարդ վերցրու, շտապ արի թանգարան»։ Երբ նկարը Հրաչյան տարել է, պարզվել է, որ այդ նկարը փնտրել են երեսուն տարի, իսկ լուսանկարն արվել էր Փարաջանովի թաղման ժամանակ…
Հարցիս, թե եղե՞լ է, որ իր միջոցներով ձեռք բերված հազվագյուտ ձեռագրերից կամ նկարներից նվիրատվություններ անի, պարզվեց՝ այո, դա իր տարերքն է, հոբին, նվիրել եւ անել բարեգործություն։
Աշխատասենյակի պատին փակցված շնորհակալագրերը խոսուն են. ստացել էր բազմաթիվ շնորհակալագրեր, նամակներ, մասնավորապես, շնորհակալական նամակ Վենետիկի Մխիթարյան միաբանությունից ՝ շարունակական աջակցության եւ հայ բանաստեղծների ձեռագրեր նվիրելու համար, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված մեդալ թանգարանի կողմից՝ բանաստեղծի բնօրինակ ձեռագրերը նվիրելու համար, Հովհաննես Շիրազի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր՝ բնօրինակ բացառիկ ձեռագրերի նվիրաբերման համար, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր՝ Վարպետի օրիգինալ նկար նվիրաբերելու համար…
Ակնածանքով լցվեցի, երբ տեղեկացա, որ Թբիլիսիի քաղաքապետարանի շնորհակալագիրը նա ստացել է Խոջիվանք հայկական պանթեոնի վերանորոգման ֆինանսավորման համար։ «Հասկացա, որ բարեգործությունը փիառ էլեմենտ պարունակում է, բայց հոգեւոր տարր էլ կա։ Բարեգործություն չանելն ինձ համար ֆինանսական դիմադրություն է։ Հասկացա, որ Աստված քեզ օգտագործում է, երանություն է, երբ միջոց ես դառնում, ինչ -որ դրական բան անում, դա մի ուրիշ դրական էներգիա է տալիս քեզ»,-ասում է Հ.Դանիելյանը։
Բժիշկների ընտանիքում ծնված Հրաչյան հպարտությամբ է պատմում իր արմատների, գերդաստանի, հայրական եւ մայրական կողմի ապուպապերի մասին։
Հրաչյա Դանիելյանի պապը՝ Երվանդ Վիրաբի Դանիելյանը, 1900-ականների սկզբին Թուրքիայից Հայաստան է տեղափոխել Ցեղասպանությունից հետո որբացած մոտ հարյուր հիսուն երեխայի։ Նա Օշականում բացել է որբանոց։ Որբերից շատերը հետագայում դարձան հայտնի, նրանց մեջ էին Երեւանի ապագա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը, կոնյակագործ Մարգար Սեդրակյանը, գեներալ Նվեր Սաֆարյանը… եւ այլք։
Երվանդ Դանիելյանն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, ով նույն գործունեությամբ զբաղվել է Էջմիածնում, փոխանակվել է երեխաներով՝ որբատնից որբատուն։ Երվանդ Դանիելյանը հիմնադրել է նաեւ Ոսկեվազի առաջին միջնակարգ դպրոցը, նա առաջին տնօրենն էր։ Նա մահացել է այնտեղ, ամփոփված է տեղի գերեզմանատանը։ Հրաչյան ասաց, որ դպրոցն այսօր կրում է Երվանդ Դանիելյանի անունը։ Ըստ էության, յոթ երեխաների հայրը զբաղվել է ոչ միայն սեփական երեխաների կրթությամբ, այլեւ՝ հայ երեխաների։
Հպարտությամբ նշում է, որ հոր մայրական կողմը Կ.Պոլսի Պալեաններն են, իր վեց տոկոսը՝ տատական կողմինն է։ Տատիկը հուշեր է գրել. իմ հարցին ի պատասխան ասում է Հրաչյան, եւ այդ հուշերը տպագրվել է ութ տարի առաջ Ուկրաինայի հայ համայնքի կողմից, այդ մասին նաեւ տեղյակ էր Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենը՝ Հայկ Դեմոյանը։
Մերօրյա Ստամբուլի ճարտարապետության մեջ հայկական Պալեան գերդաստանն ուրույն ձեռագիր ու մեծ հետք է թողել: Հայտնի է, որ նրանք Ստամբուլ էին տեղափոխվել Կեսարիայից։ Պալեան ընտանիքն առանձնահատուկ տեղ է ունեցել ու ստանձնել բազմաթիվ շենքերի շինարարությունը։ Մեր զրույցի ժամանակ, ես խոստացա, որ կճշտեմ որոշ մանրամասներ Պալեանների մասին։
Արխիվները հուշում են, որ մինչեւ 20-րդ դարն այս գերդաստանը հայտնի ճարտարապետների 7 սերունդ է տվել՝ Գրիգոր, Կարապետ ամիրա, Նիկողոս բեյ, Սիմոն բեյ, Հակոբ բեյ, Սարգիս բեյ: Պալին երեք որդի ուներ՝ Գրիգորը, Սենեքերիմը եւ Պետրոսը ու հատկապես առաջին երկուսի դերակատարումը կարեւոր է Ստամբուլի դիմագծի կայացման գործում։ Պալեանները սերտ կապեր ունեին Եվրոպայի հետ եւ Պալեանների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից շատերը ճարտարապետական ուսումը ստացել էին Եվրոպայում: Գրիգորը Կ.Պոլսի կառուցապատման պատասխանատու եւ գլխավոր ճարտարապետն էր։ Նա է կառուցել Դավութ փաշայի պալատը, Ռամի պալատը, Սելիմե եւ Թաքսիմի զորանոցները, Նյուսրեթիյե մզկիթը: Սենեքերիմի ձեռքով ստեղծված ամենահայտնի կառույցը Բեյազետի աշտարակն է, որն ունի 85 մ բարձրություն։ Գրիգոր Պալեանի որդին՝ Կարապետ Պալյանն իր գործունեությունից առաջ երկար շրջագայել է Անիում՝ ուսումնասիրելով հայկական միջնադարյան ճարտարապետությունը՝ արդիականացնելով եւ կիրառելով այն նորովի։
Կարապետը, ըստ զրուցակցիս, տատիկի պապի՝ Հարությունի թոռն էր… Նրա գործերից են Չիֆթե պալատը (Զույգ պալատ), Չըրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը, Սուրբ Աստվածածին, Երեւման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, նաեւ ամբարտակներ, գործարաններ եւ այլն: Գործունեության ընթացքում նա ընդհանուր առմամբ կառուցել է պալատներ, զորանոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, դպրոցներ եւ այլ շինություններ: Նրա անվան հետ է կապված Ստամբուլի ամենաշքեղ կառույցներից մեկի` Դոլմաբահչեի կառուցումը, որն առանձնանում է իր եվրոպական լուծումներով: Դոլմաբահչեի պալատը Օսմանյան սուլթանների վերջին նստավայրն էր, իսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ամռան ամիսներին պալատն օգտագործում էր, որպես նախագահական նստավայր։ Հրաչյան տեղեկացնում է, որ այդտեղ էլ մահացել է Աթաթուրքը…
Հռիփսիմե տատը, երբ աչքի առաջ աշխատասենյակում սպանում են ամուսնուն, երկու երեխաների հետ գնում են իրենց ծանոթ թուրք արտգործնախարարի մոտ, ասում պատահածի մասին։ Ինչ իմանար, որ այդքան ավանդ ունենալով հանդերձ՝ կլինի թշնամանք։ Նրան առաջարկում են կամ հարեմ մտնել, կամ… Դեր Զոր։
Տատիկը երեխաների հետ ընտրում է Դեր Զորը, երեխաներին թաքցնում է մահացած մարդու շալվարի մեջ, իսկ ինքը բժշկուհի լինելով, ուշագնաց լինելու համար փուշ է մտցնում քթի մեջ, որ ուշագնաց լինի, չտեսնի ամենը… Երեխաներից Գեւորգը մահանում է շալվարի մեջ, իսկ Շաքեի հետ անցնում են Բուլղարիա, ապա՝ Հայաստան…
Կարապետի որդիներից` Նիկողայոսը սովորել է Փարիզում եւ եղել Դոլմաբահչեի թագադրության սրահի եւ պալատի թատրոնի ճարտարապետը։ Պալեանների շինությունների մեջ շատ են նաեւ հայկական եկեղեցիները՝ Սկյուտարի Սուրբ Խաչը, Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Բեշիքթաշի Սուրբ Նշանը, Օրթաքյոյի Սուրբ Աստվածածինը, Բեյօղլիի Սուրբ Երրորդությունը, Գումգափուի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ այլն։ Այդ շենքերը հարեւանները իտալացիների են հետագայում վերագրում, մինչդեռ ըստ Հրաչյայի՝ իր ապուպապերը քրիստոնյաներ են, թաղվել են այդտեղ, իսկ գերեզմանները վերանորոգվել են։ Նա վկայակոչում է Աշոտ Հայկազունուն, որը ոչ միայն գիրք է գրել, այլ այցելել է այնտեղ։
Հրաչյայի համար կարեւորն արմատներին մոտ լինելն է, հիշողության փրկումը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Հրաչյա Դանիելյանն ասաց, որ գիրք է գրում դատապարտվածների մասին, ազատության, հույսի, բանտային պատմություններ, դատապարտյալների երեխաների հետ հարցազրույցներ, իրեն կօգնեն Պարույր Հայրիկյանը, Համբիկ Սասունյանը, Արսեն Արծրունին, դատապարտվածները։
«Առավոտ» օրաթերթ
11.03.2026




























































