Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել…»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ:
Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ:
Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:
Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:
Կարդացեք նաև
Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:
Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ…», և այլն, և այլն:
Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:
Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:
Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:
Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

















































