Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք անունը խաղաղություն են դնում, բայց վաղն ունենալու ենք ցավալի կորուստներով պատերազմ». բողոքի ցույց

Մարտ 12,2026 12:08 Share

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամները այսօր ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նախաձեռնության անդամները կառավարությանը փոխանցեցին հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թ. Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է կոորդինատային տվյալներ եւս ։

«Չենք կարող նման զգայուն թեմայի հանդեպ չցուցաբերել հետեւողականություն, սա վերաբերվում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: «Միասնության թեւերի» իրականացրած ցույցին միացել են նաեւ այլ ուժեր եւ քաղաքական, հասարակական գործիչներ:

«Քաղաքական պատկանելության խնդիրը բոլորս պետք է մի կողմ դնենք ՝ կուսակցություններ, քաղաքական միավորումներ… Բոլորս պետք է այս հարցին հետամուտ լինենք, հարցը պետք է միշտ բարձրաձայն պահել, որպեսզի պատասխաններ ստանանք, թե ինչու է այս ամենը տեղի ունենում»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը:

«Ուզում եմ առիթից օգտվելով դիմել կառավարությունում եղած մարդկանց, որոնցից շատերին ճանաչում եմ ինքս եւ իշխանության տարբեր հատվածներում աշխատող մարդկանց ու նշել, որ գտնվում եք մի իշխանության քաղաքականության ներքո կամ վարում եք մի քաղաքականություն, որի արդյունքում բոլորդ դառնալու եք մեր նորօրյա Պետրոս Գետադարձներն ու Հովհաննես Սմբատները, որոնք հանուն իշխանության պահպանության վաճառեցին մեր թագավորությունը, խոսքը Բագրատունիների թագավորության մասին է…Դիմելով այդ մարդկանց, ասում եմ՝ մի դարձեք մեր նոր օրերի բոլշեւիկները…Դիմում եմ նաեւ հասարակության բոլոր շերտերին, բոլոր մարդկանց, այդ թվում մարդկանց, որոնք պատրաստվում են ձայն տալ ՔՊ-ին: Նորից եմ կրկնում սա կուսակցական, քաղաքական խնդիր չէ, մեր անկախության հարցն է, եւ մենք չպետք է լինենք անտարբեր»,-հավելեց Շահեն Հարությունյանը:

2020թ պատերազմի մի մասնակից Ավետիս Ավետիսյանը, որը 2022-ին ներկա էր եղել նաեւ Վարդենիսում հայտնի իրադարձություններին, նշեց, որ անընդունելի է համարում այն, որ ամեն սանտիմետրը արյունով պահած մեր հայրենիքը այս իշխանությունները կտոր-կտոր զիջում են. «Այս զիջումների արդյունքում վաղը, մյուս օրը ավելի մեծ պատերազմ ենք ստանալու: Իրենք անունը խաղաղություն են դնում, բայց վաղն ունենալու ենք ցավալի կորուստներով պատերազմ: Թշնամին շատ լավ կարողանում է հաշվել իր քայլերը, այն էլ տարիներով: Արցախում էլ տեսանք, թե ինչ եղավ բարձունքները գրավելուց հետո»:

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով, կառավարությանը հանձնվող նամակը պարունակում է նույն բովանդակությունը, ինչ եղել է Պաշտպանության նախարարությանը հանձնված նամակում: «Նամակում հարց է ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պարզաբանում ստանանք: ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանումը շատ մանիպուլյատիվ էր: Մենք ունենք մի շարք փաստեր, բայց մամուլի խոսնակն անդրադարձավ միայն մեկ դիրքին, այն էլ այնպիսի մանիպուլյատիվ մոտեցմամբ, որը հերքվեց»:

Փաշայանի խոսքով, իրենց նպատակն է կանխել հետագա ներխուժումները. «Եթե մեր հասարակությունը տեղյակ լինի ու չմնա թմբիրում, ինչպես հիմա է, կառավարության հրամցրած կեղծ խաղաղության օրակարգի վրա մեր բարձրաձայնումներն ազդեցություն կունենան: Մեր ժողովուրդը հիմնվում է արժեքների վրա, իսկ մեր սուվերենությունը, անվտանգությունն արժեքներ են»:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամները նույնաբովանդակ փաստաթուղթ էին փոխանցել նաև ՊՆ-ին, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ հիմնավորված տեղեկություններ եւ փաստեր ավելի վաղ հրապարակել էր «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031