Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավոր Արևելքի պատերազմը և համաշխարհային տնտեսությունը․ ինչ է տեղի ունենում 12 օր անց. Վազգեն Պետրոսյան

Մարտ 12,2026 13:42 Share

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը, որտեղ բախվել են Իրանը մի կողմից և ԱՄՆ-ն, Իսրայելն ու նրանց դաշնակիցները մյուս կողմից, ընթանում է արդեն 12 օր և ռազմական ճգնաժամից բացի դարձել է նաև գլոբալ տնտեսական ճգնաժամի գործոն։

Այս հակամարտության առանցքային կետերից մեկը Հորմուզի նեղուցն է, որով մինչ պատերազմն օրական անցնում էր շուրջ 138 նավ, մինչդեռ այժմ երթևեկությունը գրեթե դադարել է՝ հասնելով օրական ընդամենը մոտ երկու նավի։ Հորմուզի նեղուցով էր անցնում համաշխարհային նավթի առևտրի մոտ 20 %-ը և պարարտանյութերի գրեթե 48 %-ը։ Այս իրողությունն անմիջականորեն ազդել է համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։

Արաբական մի շարք երկրներ արդեն ստիպված են եղել փակել իրենց որոշ նավթահանքեր։ Պատճառը պարզ է՝ արտահանման ուղիների խափանումը և պահեստավորման հնարավորությունների սպառումը։ Իսկ այդ հանքավայրերի վերագործարկումը կարող է պահանջել շաբաթներ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ամիսներ։

Պատերազմի տնտեսական հետևանքները դրսևորվեցին ծովային ապահովագրության ոլորտում։ Համաշխարհային նավագնացության ապահովագրությունների շուրջ 90 %-ը վերահսկող յոթ խոշոր ընկերությունները դադարեցրել են պատերազմի ռիսկերի ապահովագրությունը։ Այս որոշման հետևանքով ապահովագրական վճարներն աճել են անհավանական տեմպերով։ Եթե նախկինում դրանք կազմում էին նավի կորպուսի արժեքի մոտ 0.05 %-ը, ապա այժմ հասել են 1–3 %-ի։ Ինչը նշանակում է, որ ապահովագրության արժեքը աճել է 20-ից 60 անգամ։

Արդյունքում խափանվել են բազմաթիվ մատակարարման շղթաներ՝ սկսած Ասիայի արդյունաբերությունը սնուցող նավթից մինչև համաշխարհային պոլիէթիլենի արտադրության համար անհրաժեշտ հումքը։

Պատերազմի այս փուլում ուշագրավ է նաև Չինաստանի վարքագիծը։ Պեկինը պաշտոնապես չի միջամտում հակամարտությանը, սակայն ակտիվորեն հետևում է դրա զարգացումներին։ Չինական հետախուզական արբանյակները, ըստ տարբեր աղբյուրների, հավաքագրում են ԱՄՆ ռազմական և տնտեսական ակտիվների տեղաշարժերի վերաբերյալ տվյալներ։ Միևնույն ժամանակ խոսվում է այն մասին, որ «ստվերային նավատորմի» միջոցով գիշերային ժամերին Իրանի ուղղությամբ տեղափոխվում են անօդաչու սարքերի բաղադրիչներ։

Չինաստանի զինվորական վերլուծաբանները հատկապես ուշադրություն են դարձնում ԱՄՆ արձագանքման արագությանը, էլեկտրոնային պատերազմի արդյունավետությանը և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր խոցելիություններին։ Պեկինի համար այս պատերազմը նաև ռազմական փորձի աղբյուր է։

Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը նույնպես որոշակի ազդեցություն է կրում ընթացող պատերազմից։

Ուրալյան նավթի գինը հասել է վերջին ժամանակների ամենաբարձր մակարդակին, իսկ «Սիբիրի ուժը» գազատարն արդեն տարեկան շուրջ 38.8 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Չինաստանին։

Մոսկվայում քննարկվում է նաև եվրոպական շուկա գազի մատակարարումները կրճատելու կամ ամբողջությամբ դադարեցնելու տարբերակը՝ դրանք վերաուղղորդելով այլ տարածաշրջաններ։

Միևնույն ժամանակ արևմտյան երկրների ուշադրությունը ակնհայտորեն շեղվել է Ուկրաինայի պատերազմից։ Արևմուտքը փաստացի կանգնած է միաժամանակ երկու խոշոր հակամարտություններ վարելու դժվարության առաջ։

Եթե իրավիճակն էլ ավելի սրվի, հնարավոր է ակտիվանա նաև Հուսի շարժումը Եմենում։ Ինչը կարող է ևս մեկ ռազմավարական ուղու՝ Բաբ ալ-Մանդաբ նեղուցի փակման առիթ։ Իսկ և՛ Հորմուզի, և՛ Բաբ ալ-Մանդաբ նեղուցների միաժամանակյա փակման դեպքում Արաբական թերակղզին կարող է փաստացի հայտնվել ծովային շրջափակման մեջ։

Պատերազմի առաջին 12 օրվա հաշվեկշիռը

Առայժմ հակամարտության քաղաքական լուծման նշաններ չեն երևում։

Առկա տվյալներով՝

  • արձանագրվել է մեկ զոհված առաջնորդ,
  • ընտրվել է նոր առաջնորդ, որը դեռ հրապարակային ելույթ չի ունեցել,
  • Իրանը իրականացրել է 37 հարձակումների ալիք,
  • ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են ամենօրյա հարվածները Իրանի տարածքում,
  • 7 խոշոր ապահովագրական ակումբներ դադարեցրել են ապահովագրական ծածկույթը,
  • Հորմուզի նեղուցում նավագնացությունը գրեթե կանգ է առել,
  • տարածաշրջանում տեղակայվել են հինգ երկրների ռազմածովային ուժեր։

Այս իրավիճակը կարելի է բնութագրել երեք բառով՝
զրոյական վերաապահովագրություն,
զրոյական հրադադար,
զրոյական բանակցություններ։

Երկարատև պատերազմի վտանգը

Այս պատերազմը քաղաքական լուծում գրեթե չունի, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջելու իր ռազմավարական դիրքերը։

Միևնույն ժամանակ այն արդեն ամեն օր միլիարդավոր դոլարի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Միայն ամերիկյան ֆոնդային շուկան, տարբեր գնահատականներով, արդեն կրել է մի քանի տրիլիոն դոլարի կորուստ։

ԱՄՆ ռազմական դոկտրինը նախատեսված էր արագ՝ 3–5 օրվա պատերազմի համար։ Սակայն ներկայիս զարգացումները ցույց են տալիս այլ պատկեր։

Շուկան նույնպես պատրաստ էր կարճատև պատերազմի, սակայն Իրանի ռազմական դոկտրինը կառուցված է երկարատև դիմակայության վրա։

Այսպիսով, այս պատերազմում վճռորոշը կարող է դառնալ ոչ միայն ռազմական ուժը, այլև դիմադրողականությունը։

Վերջնական արդյունքը կարող է որոշել այն կողմը, որը չի կարողանա դիմանալ ճնշմանը՝ մեկը ռազմական հարվածների, մյուսը՝ տնտեսական քաոսի պայմաններում։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ-ի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031