«Ափսոսում եմ, բայց մենք լուրջ մտահոգություն ունենք այն հարցում՝ արդյոք ժողովրդավարական պայմաններն ապահովվա՞ծ են, որ հնարավոր դարձնեն ազատ, արդար ընտրությունները ՀՀ-ում։ Մենք մտահոգված ենք, որ քաղաքականացված մի շարք քրեական հետապնդումներով իշխող կուսակցությունն իրեն հակառակորդ ընկալվող անձանց դեմ ճնշումներ է կիրառում»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց IODA գործադիր խորհրդի անդամ, նախկինում Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
Նա հայտնեց, որ իրենց՝ մեկ շաբաթվա հանդիպումների արդյունքներով զեկույց կհրապարակեն։ Հանդիպումների լայն շրջանակ են ունեցել՝ քաղհասարակության ներկայացուցիչներ, դատական համակարգ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ հոգևորականներ․ «Կառավարությունը մեզ չհանդիպեց, որևէ նախարարություն մեզ չհանդիպեց, վարչապետի աշխատակազմը, իշխող կուսակցությունը՝ ևս։ Ինչի՞ց են իրենք վախենում, ի՞նչ հարցեր կան, որոնց իրենք չէին ուզենա պատասխանել։ Եթե իրենց գործողությունները հնարավոր է հիմնավորել, ինչո՞ւ մեզ չեն հանդիպում։ Դա վատ նշան է, գիտակցում են, թե ինչքան անհնար է իրենց գործողությունները հիմնավորել և վախենում են այդ մասին պարզ հարցերին պատասխանել։ Հույս ունենք՝ կառավարությունը կվերանայի իր գործելակերպը, ավելի ժողովրդավարական ուղով կընթանա, երբ մոտենա խորհրդարանական ընտրությունների օրը»։
Քենեթ Ռոթը հայտնեց, որ ընդհանուր առաջարկությունների խումբ ունեն՝ մեկը ՀՀ կառավարությանը, մյուսը՝ միջազգային հանրությանն ուղղված․ «Մենք հստակ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ենք կենտրոնացած։ Նրան հիշեցնում ենք, որ նա միայն թեկնածու չէ, նաև ժողովրդավարության, ժողովրդավարական երկրի առաջնորդն է, կարևոր է, որ նա պահպանի այդ պարտականությունները և պաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը հաջորդ ժամկետի համար։ Նախընտրական քարոզչության իրականացումը պատշաճ չէ, որ վարչապետն օգտագործում է պետական ռեսուրսներն ու իշխանությունը, որ ընտրական դաշտը թեքի իր օգտին։ Նա պետք է իր ձեռքբերումների հիման վրա նախընտրական քարոզչություն իրականացնի։ Դա պետք է լինի ազատ, քաղաքական մրցակցության վրա հիմնված, այլ ոչ թե փորձի սասանել ընդդիմությանը»։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































