Մարտի 9-11-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1533-րդ հանդիպումը։
Նախարարների կոմիտեն նիստի ընթացքում ընդունել է 42 որոշում, որոնք վերաբերում են 21 պետության։
Մի շարք այլ գործերի շարքում քննարկվել են նաև «Չիրագովը և այլք՝ ընդդեմ Հայաստանի», «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։
«Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով, որը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայելային գործով վճիռն է և վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992-1994 թթ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը՝ թողնելով այնտեղ իրենց գույքը, Նախարարների կոմիտեն «ողջունում է, որ Հայաստանի իշխանությունները ստորագրել են հուշագրի նախագիծը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել այդ ճանապարհով»։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ կոչ է արվում, որ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանը կարող է ուղղակիորեն վճարել գումարները դիմումատուներին կամ նրանց ժառանգներին։
Նախարարների կոմիտեն իր այս որոշմամբ հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը 2017-ի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ պարտավորեցրել է Հայաստանին վճարել դիմումատուներին կամ նրանց հարազատներին փոխհատուցում՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի համար։
Նշվում է, որ երկար քննարկումներից հետո ԵԽ քարտուղարությունը պատրաստել է երկու հուշագիր (Memorandum of Understanding), որպեսզի հնարավոր լինի միաժամանակ վճարել փոխհատուցումները այս գործով և համանման «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Վճարումները նախատեսվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի բանկային հաշվից։
Նախարարների կոմիտեն որոշել է գործի քննարկումը շարունակել 2026 թվականի դեկտեմբերին՝ Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների նիստում։
«Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի (ով հանդիսանում էր նաև երեխայի բնակության վայրի գյուղապետը) կողմից դրսևորած սեռական բռնության դեպքին։ Գործի ներպետական քննության ժամանակ դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել էր վերջինիս բոլոր անձնական տվյալները, ներառյալ՝ անունը, ազգանունը։ ՀՀ-ի կողմից ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում այդպես էլ չեղավ, խախտվել էր Ա․Պ․-ի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տարիքի և հաշմանդամության հանգամանքով պայմանավորված երեխան գտնվել է հատկապես խոցելի վիճակում, ուստի պետությունից պահանջվող միջոցառումները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեին և պետք է ներառեին ողջամիտ միջոցներ՝ կանխելու չարաշահումները, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին։ Միաժամանակ, Դատարանն անդրադառնալով Ա․Պ․-ի արդարացի փոխհատուցման իրավունքին, արձանագրել է, որ թեև գործի ներպետական քննության ժամանակ արդեն իսկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը, որով դատարանը անդրադարձել էր ոչ նյութական/բարոյական վնասի փոխհատուցման պարտավորությանը, այնուամենայնիվ քննվող գործի շրջանակներում ներպետական դատարանները անձի՝ բարոյական վնասի փոխհատուցում չեն նախատեսել։ Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել 32,000 եվրո։
Նախարարների կոմիտեն իր որոշմամբ ամրագրել է, որ «ՀՀ իշխանությունները չեն ապահովել համապատասխան օրենսդրական և կարգավորող շրջանակ և չեն ձեռնարկել կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ՝ անչափահասներին սեռական բռնությունից պաշտպանելու համար, ինչպես նաև այն փաստը, որ դիմումատուի լրիվ անունն ու հասցեն հրապարակվել են հանրության համար հասանելի դատական որոշումներում, և չի եղել միջոց ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու»։
Նախարարների կոմիտեն նշել է, որ լրացուցիչ անհատական միջոցների անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ դատարանի կողմից նշանակված արդարացի փոխհատուցումն արդեն վճարվել է, և դիմումատուի անձնական տվյալների հասանելիությունն առցանց դատական տվյալների բազայում սահմանափակվել է, և այդ պատճառով որոշել են փակել անհատական միջոցների վերահսկողությունը։
Նախարարների կոմիտեն գոհունակությամբ նշել է, որ ՀՀ-ի կողմից ձեռնարկվել են համապարփակ միջոցներ երեխաներին սեռական բռնության վտանգից պաշտպանելու համար՝ օրենսդրական և կարգավորող շրջանակը ուժեղացնելու ուղղությամբ։ Որոշման մեջ արձանագրվել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են շարունակել օրենսդրական բարեփոխումները և դրանք համապատասխանեցնել ԵԽ-ի չափանիշներին։
ԵԽ Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին հորդորել է արագ ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը և խրախուսել ապահովել դպրոցներում գաղտնի, երեխայի համար հարմար և անկախ բողոքարկման մեխանիզմի արդյունավետ գործունեությունը։ Նաև կոչ են արել ՀՀ իշխանություններին Նախարարների կոմիտեին տեղեկացնել անչափահասների նկատմամբ սեռական բռնության հայտնաբերման, հաղորդման և կանխարգելման համապատասխան մեխանիզմների արդյունավետության առաջընթացի մասին՝ տրամադրելով նաև համապատասխան վիճակագրական տվյալներ։
Նախարարների կոմիտեն նաև ողջունել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր պահանջ՝ անանունացնելու այն դատական ակտերը, որոնք պարունակում են սեռական բռնության զոհ դարձած երեխաների անձնական տվյալներ, կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել այդ պահանջի արդյունավետ իրականացումը։
Հաշվի առնելով անհատական և ընդհանուր միջոցների շրջանակում արձանագրված առաջընթացը՝ Նախարարների կոմիտեն որոշել է գործի կատարման վերահսկողությունը տեղափոխել սովորական ընթացակարգի և ՀՀ իշխանություններին պարտավորեցրել մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնել թարմացված տեղեկություն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































