Մարտի 13-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքները՝ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ։
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայաստանին և իրեն ընձեռված վստահության համար՝ համոզմունք հայտնելով, որ նման պատասխանատու հանձնառությունը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի անսասան նվիրվածությունը ամուր բազմակողմ դիվանագիտության համակարգի և միջազգային համագործակցության նկատմամբ։
Հնգօրյա նստաշրջանը կարևոր հանգրվան է հանդիսացել թմրամիջոցների համաշխարհային խնդրի հասցեագրմանն ուղղված լուծումների և միջազգային համագործակցության ընդլայնման համար։
Հայաստանի նախագահությամբ ձևավորվեց նոր՝ բազմաոլորտ անկախ փորձագիտական խումբ, որի առաքելությունն է պատրաստել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված թմրամիջոցների վերահսկման միջազգային կոնվենցիաների և այլ համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման բարելավմանը՝ նպատակ ունենալով նպաստել Հանձնաժողովի կողմից 2029թ. անցկացվելիք գլոբալ վերանայմանը։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի կողմից ընդունվել են թվով հինգ բանաձևեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։
Հնգօրյա նստաշրջանին մասնակցել են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, մոտ երկու հարյուր միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։
Նստաշրջանին ելույթով հանդես է եկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պիետրոն։ Մի շարք պատվիրակություններ ղեկավարվում էին նախարարի կամ նախարարի տեղակալի մակարդակով։
Նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցահանդես։
Ծանոթագրություն. Հայաստանը ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին առաջին անգամ անդամակցել է 2024թ.: Հայաստանը Հանձնաժողովը նախագահելու է 2026 թ. ընթացքում։
ՀՀ ԱԳՆ


















































