Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Դրանք 12 կետ են։
1․ Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։
2․ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։
3․ Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։
Կարդացեք նաև
4․ Գործուն քայլեր են ձեռնարկվելու խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։
5․ Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու՝ ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։
6․ Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։
7․ Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ։ Հարկային հետվերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները։
8․ Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։
9․ Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված է լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։
10․ Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու է գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000–45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։
11․ Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձը՝ այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։
12․ Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































