Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզները զեկուցում են միայն «ռուսակա՞ն սպառնալիքի» մասին

Մարտ 17,2026 10:00 Share

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ԵՄ բարձր պաշտոնյաները հրապարակավ, բաց տեքստով հայտարարել են, որ իրենց համար նախընտրելի է Փաշինյանի վերընտրությունը: Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը «ահազանգում է», որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավոր են «արտաքին միջամտություններ», այդ կառույցը, ամենայն հավանականությամբ, նկատի չունի Թուրքիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Կարող եմ ենթադրել, որ Քրիստիննե Գրիգորյանի (լուսանկարում) գերատեսչության «հետախույզները» նրան չեն զեկուցում նաեւ Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին:

Բացառության մեթոդով կարելի է գալ եզրակացության, որ, ըստ մեր հետախույզների, մեր երկրի ժողովրդավարության հիմնական սպառնալիքը գալիս է Ռուսաստանից: Մի քիչ էլ գուցե Բելառուսից, քանի որ տիկին Գրիգորյանի շեֆը, Ստրասբուրգում բողոքելով հայաստանյան հոգեւորականներից եւ ընդդիմադիրներից, հիշատակել է նաեւ «բելառուսամետ» օլիգարխին՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ծառուկյանին:

Ինչ խոսք, Փաշինյանն այնպիսի հզոր «ժողովրդավարություն» է հաստատել, որ ամիսներով անազատության մեջ է պահում առաջիկա ընտրություններում իր հիմնական մրցակից քաղաքական ուժի առաջնորդին, ինչպես նաեւ մի շարք այլ ընդդիմադիրների ու հոգեւորականներին: ԵՄ-ն խրախուսում է այդ «ժողովրդավարությունը», բայց արդյոք Ռուսաստանը, որտեղ վաղուց հաստատվել է ճիշտ նույն ավտորիտար ռեժիմը, դրան խոչընդոտո՞ւմ է:

Ի տարբերություն Ֆիդանի, Վենսի, Կալասի եւ մնացածների, Պուտինը, Լավրովը կամ Պեսկովը չեն հայտարարել, չեն էլ նույնիսկ ակնարկել, թե իրենց համար ցանկալի է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների այս կամ այն ելքը, ինչից կարելի է ենթադրել, որ այդ հարցն իրենց առանձնապես չի հետաքրքրում, համենայնդեպս նույնքան չի հուզում, որքան վերը նշված արեւմտյան ղեկավարներին: Արդեն բազմիցս նշել եմ, որ Փաշինյանը Ռուսաստանին, եթե չի օգնում, ապա հաստատ չի խանգարում:

«Ռուսական սպառնալիքը» մոգոնել է Փաշինյանի քարոզչությունը՝ զուտ «ներքին սպառման» համար՝ «գուբերնիա ցանկացողների» մասին հեքիաթը միամիտ քաղաքացիներին «կերցնելու» համար: Արտաքին հետախուզական ծառայությունն էլ, իր բանուգործը թողած, սպասարկում է այդ քարոզչությունը:

Ճիշտ այնպես, ինչպես Քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մեծ մասը, փոխանակ իրական քրեական գործեր քննեն, զբաղված են Փաշինյանի պատվերով գործեր «կարելով»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031