«ՀՀ-ի պարագայում մեծ ակնկալիքներ կային 2018-ից հետո․ այն փոփոխությունները, որոնք իրականացվեցին երկրում, նաև հանրության մոտ մեծ ակնկալիք ստեղծեցին։ Իշխանությունն առաջին օրվանից սեղանին դրեց շատ հավակնոտ փոփոխությունների օրակարգ, որը, ցավոք, այժմ կարող եմ ասել, որ ձախողվել է։ Այն նպատակները, որոնք 2018-ին խոստանում էին, ցավոք, կյանքի չեն կոչվել՝ չնայած զուգահեռ դատական և իրավական բարեփոխումների տեսքով գործընթացներ իրականացվել են»,- «Արդարադատության ուղիներ. Դատական բարեփոխումների տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Համաժողովն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Իրավական ռեսուրսային կենտրոն» (Մոլդովա) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Ըստ Հասմիկ Հարությունյանի՝ 2018-ին, ունենալով լայն հնարավորություն ավելի անկախ ու արդյունավետ արդարադատության համակարգ ունենալու համար, ՀՀ-ն՝ ի դեմս իրավասու մարմինների ի վիճակի չեղավ այնպիսի փոփոխություններ բերել, որոնք կծառայեն այդ նպատակին։
Ըստ նրա՝ դրական ձեռքբերումն այն է, որ ՀՀ-ում բարեվարքության ինստիտուտը ներդրվեց․ «Բայց դատական համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ կան՝ առանձին դեպքերում նաև կարգապահական պատասխանատվության ինստիտուտի՝ ոչ նպատակային կիրառումը։ Ինչո՞ւ տապալեցինք վեթինգի համակարգային բարեփոխումների իրականացումը, որպես այդպիսին՝ կարող ենք մի քանի հիմնական հանգամանքներ նշել։ Մի կողմից իսկապես կար լրջագույն խնդիր առաջին իսկ օրվանից արձանագրված՝ առհասարակ համակարգը մաքրելու կամ վեթինգը կյանքի կոչելու վերաբերյալ։ Ընկալումն առանձին դեպքերում բացակայում էր նույնիսկ իրավասու մարմինների մոտ։ Կարևոր էր ՀՀ պարագայում մարդկային ու այլ ռեսուրսների բացակայությունը։ Վեթինգի իրականացումը համակարգային փոփոխություններ և լրջագույն ռեսուրսներ են պահանջում, ինչը ինչ-որ տեղերում ՀՀ-ում բացակայում էր, ինչը իր հետևանքները թողեց։ Ի սկզբանե կար նաև դատական համակարգի ներսից եկող դիմադրություն, մտավախություն, որ վեթինգի իրականացումը ընթացակարգային գործիքակազմ չի ունենա, որ դատավորներին կարողանան պաշտպանել անհարկի միջամտությունից»։
Կարդացեք նաև
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ կարգապահական պատասխանատվության համակարգը ձախողվում է ու նշեց․ «Եթե անկախության ավելի բարձր երաշխիք ունեցող ինստիտուտներն են ձախողում, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ-ն ունի բավարար ենթակառուցվածքներ ու կարողություններ վեթինգը ներդնելու տեսանկյունից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն, բայց սահմանադրական մարմինն անտեսում է։ Պետք է հասկանանք՝ այստեղ ավելի հասցեատեր պիտի դարձնենք դատավորների նշանակման պատասխանատու մարմինների՞ն, որ անտեսում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները, թե՞ պետք է վերաիմաստավորենք նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման սկզբունքները և հասկանանք, թե ինչպիսի վստահելիություն ունի նաև այս մարմինների կողմից տրված բարեվարքության եզրակացությունը»։
Հասմիկ Հարությունյանը այս առիթով նշեց․ «Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ վերջին հինգ տարվա կտրվածքով կարգապահական պատասխանատվության ինստիտուտը ոչ միշտ է նպատակային իրականացվել․ եղել են բավարար հիմքեր պնդելու, որ ընտրողական գործընթացներ են իրականացվում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































