Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես Հայաստանի դեսպան Իտալիայում (2009-2013թթ․) պատիվ եմ ունեցել տարբեր առիթներով հանդիպելու այդ երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին (Giorgio Napoltano)։ Նա խորքային պետական մտածողություն ունեցող բացառիկ առաջնորդ էր, ազգային միասնության խորհրդանիշ, որ բարդ ժամանակներում ապահովեց Իտալիայի ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և երկրի կայունությունը։
Ինչո՞ւ հիշեցի Ջ․Նապոլիտանոյին։ Նախ հիշեցի նրա հատուկ ուղերձը 15 տարի առաջ Վենետիկում հայերեն առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» (Armenia. Impronte di una civilta) ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ, ուր Իտալիայի ղեկավարը հայ ժողովրդին անվանում է «մեծ» ու ընդգծում է նրա «հիմնարար ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ»։ Իտալիան այն եզակի երկրներից է, որի նախագահի կողմից տված նման գնահատականների մեկ անգամ ևս հնչեցումն անհրաժեշտ եմ համարում, հատկապես այսօր՝ Հայաստանի իշխանությունների կողմից հայկական ինքնության դեմ ծավալված պատերազմի ու մեր հասարակության հուսալքության պայմաններում։
Ցավում եմ, որ համաշխարհային քաղաքականության մեջ Ջ․ Նապոլիտանոյի նման քաղաքական գործիչների ու առաջանորդների դարն ակնհայտորեն ավարտվել է։


















































