«Օրենքի փոփոխության նախագծով առաջարկվում են դիտորդների հավատարմագրման կարգի հետ կապված առավել թափանցիկ մեխանիզմներ։ Հիմնական նորամուծությունը, որ ներդրվել է, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվող դիմումն է, որի նպատակը ֆինանսական միջոցների աղբյուրների և դրանց չափի մասին տվյալների բացահայտումն է։ Նպատակն առավել թափանցիկ դիտորդական առաքելությունների ապահովումն է»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Դիտորդների գործունեության նոր կարգ. սահմանափակո՞ւմ, թե՞ կարգավորում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
Տեղեկացրել ենք, որ ԱԺ-ն ընդունել է ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսված մյուս փոփոխությունն այն է, որ դիտորդական առաքելությունների անվանումները չեն կարող ասոցացվել ընտրության մասնակից կուսակցությունների կամ դաշինքների անվանումների հետ․ «Սա ևս քաղաքական չեզոքության համար անհրաժեշտ նախապայմաններից մեկն է»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞րն է այն չափանիշը, որով ԿԸՀ-ն կգնահատի՝ կազմակերպությունը քաղաքականապես չեզո՞ք է, թե՞ ոչ, Հերմինե Հարությունյանը պատասխանեց․ «ԿԸՀ-ն համապատասխան իրավական ակտը հարմարեցնում է օրենքի պահանջներին, և ԿԸՀ որոշմամբ սահմանված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել ԿԸՀ հավատարմագրման համար։ Այդ փաստաթղթերի շարքում է դիմումը, որում պետք է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները բացահայտեն իրենց ֆինանսական աղբյուրները և չափը։ Դիմումը պետք է պարունակի այս նշումը։
Բացի ֆինանսական տեղեկատվության բացահայտումից՝ օրենքը նաև սահմանում է, որ այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները կարող են իրականացնել դիտորդական առաքելություն, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարվա ընթացքում պարունակում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնք չեն իրականացնում քարոզչություն, չեն ընդգրկվում, չեն աջակցում թեկնածուներին և կուսակցություններին։ Եթե կազմակերպությունները կամ հիմնադրամները համապատասխանում են օրենքի նշյալ պահանջներին, իրենք հավատարմագրվում են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի


















































