Լրահոս
Օրվա լրահոսը

«Անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, մարդիկ հետաքրքրված են, ինչ-որ բաներ են գնում, միգուցե կապված է Իրանի զարգացումների հետ»․ Մարտին Գալստյան

Մարտ 17,2026 16:16 Share

«Վերջին շաբաթվա ընթացքում հիփոթեքային վարկավորման նվազում չկա, այսինքն՝ շարունակվում է բնականոն ընթացքով տեղի ունենալ։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում։ Ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը՝ որոշակի ակտիվություն է նկատվել այդ շուկայում, այսինքն՝ գործարքների իրականացում, մարդիկ հետաքրքրված են, ինչ-որ բաներ են գնում։ Սա միգուցե կապված է Իրանի զարգացումների հետ, բայց չէի ուզի միանշանակ ասել, որովհետեւ դրանց թվային արտացոլումը դեռ չենք տեսել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Մերձավոր Արեւելքում կոնֆլիկտային իրավիճակը երկար տեւի, կարո՞ղ է ազդել անշարժ գույքի գների եւ հիփոթեքային վարկառուների վճարունակության վրա։ ԿԲ նախագահն ասաց, որ այս պահին այդ ռիսկերը չեն տեսնում։

Անդրադառնալով Իրանից հնարավոր ներգաղթին՝ ԿԲ նախագահն ասաց․ «Մենք հլա որ թվերի մեջ չենք տեսնում ծավալների այն մակարդակը, որը մեզ կարող է բերել մտահոգիչ իրավիճակի, որ արտաքին պահանջարկն այնքան բարձր է լինելու, որ գնաճը հավելյալ գնալու է վերեւ։ Իհարկե, մենք այդ սցենարը քննարկում ենք, ոնց որ արել ենք 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ժամանակաշրջանում։ Բավականին մեծ քանակությամբ Ռուսաստանի քաղաքացիներ, ոչ միայն Ռուսաստանից, կոնֆլիկտի հարակից երկրներից նույնպես տեղափոխվեցին Հայաստան շատ կարճ ժամանակահատվածում, ինչը գնաճի կտրուկ ավելացման բերեց։ Այս պահի դրությամբ մենք դեռեւս չենք տեսնում այդ հոսքը։ Եթե ունենանք, արձագանքը կլինի ադեկվատ այդ զարգացումներին»։

Մարտին Գալստյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է պոտենցիալ վտանգներին, որ կոնֆլիկտը ժամանակի մեջ կարող է ձգվել, եւ մենք գնանք ամենավատ սցենարով, ենթադրենք՝ Իրանում զարգացումներ լինեն, որոնք սիրիական սցենար են մեզ նկարագրելու, բնականաբար այդ սցենարները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ Հայաստանի եւ հարեւան երկրների վրա։ Պիտի հետեւենք, տեսնենք ինչ զարգացումներ են լինելու, ընթացքում, եթե պետք լինի, անպայման կմիջամտենք այն ձեւով, որը մեզ անհրաժեշտ է՝ մեր տնտեսությունը հեռու պահելու այդ վատ սցենարներից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/«Հետք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031