Թեփը մաշկային հիվանդություն է, որը գլխամաշկի վրա սպիտակ կամ դեղնավուն թեփուկներ է առաջացնում։ Այն կարող է ուղեկցվել քորով ու տարածվել մազերի աճման շրջանի երկայնքով, ունքերի շրջանում, ականջների ետևում։ Թեփն, ըստ էության, սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի ավելի թեթև տեսակն է։
Մասնագետները կարծում են, որ թեփի առաջացման գլխավոր պատճառը մալասեզիա (malassezia) կոչվող խմորասնկի գերաճն է։ Այս տեսակի սունկ կա բոլոր մարդկանց մաշկի վրա, այն մարդու միկրոբիոմի մաս է կազմում և սնվում է մաշկային ճարպով՝ նպաստելով մաշկի վրա այլ միկրոօրգանիզմների հավասարակշռության պահպանմանը։ Սակայն երբ այս սնկիկի քանակը չափից ավելի է, առաջանում է քոր ու թեփոտվածություն՝ հանգեցնելով թեփի, գրգռվածության առաջացման, ինչի արդյունքում էլ մաշկը սկսում է ավելի շատ ճարպ ու բջիջներ արտադրել՝ գրգռվածությունը հանգստացնելու համար, որն էլ ավելի է թեփոտում մաշկը։
Մաշկի գրգռվածության պատճառ կարող են լինել մազերի խնամքի համար նախատեսված որոշ միջոցների բաղադրությունը, եղանակային անբարենպաստ պայմանները, մաշկային այլ հիվանդությունները, օրինակ՝ էկզեման կամ փսորիազը։
Որքան շատ է գլխամաշկի ճարպը, այնքան պարարտ է սնունդը խմորասնկերի համար, ինչն էլ կարող է բերել դրանց չափից ավելի բազմացման։ Արդյունքում մաշկի ավելորդ բջիջները մեռուկանում ու թափվում են՝ խառնվելով մաշկային ճարպի ու խմորասնկերի ավելցուկի հետ ու թեփ առաջացնելով։
Կարդացեք նաև
Այսպիսով՝ թեփի առաջացման հիմնական գործոններ են համարվում՝
- մալասեզիա խմորասնկի գերաճը,
- գրգռված, ճարպոտ կամ չոր գլխամաշկը,
- բորբոքային ռեակցիաները, որոնք կարող են առաջանալ խնամքի պարագաների բաղադրամասերից,
- դերմատիտի նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը,
- մաշկային այլ հիվանդությունները, օրինակ՝ փսորիազը կամ էկզեման,
- արական սեռական հորմոնների (անդրոգեններ) բարձր մակարդակը, որը կարող է խթանել մաշկային ճարպի արտադրությունը։ Անդրոգենային հորմոնների բարձր մակարդակ է դիտվում, օրինակ, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի, Քուշինգի հիվանդության և այլ խնդիրների դեպքում։
- Մազերը հաճախակի կամ հազվադեպ լվանալը։
Թեփի տեսակները
Մանկական թեփ
Նորածինների գրեթե 42% տոկոսի մոտ գլխամաշկի, դեմքի և տակդիրի հետ շփման շրջաններում նկատվում է սեբորեային դերմատիտ։ Գլխամաշկի վրա այն դրսևորվում է դեղնավուն հաստ թեփուկների տեսքով։ Սովորաբար այդ վիճակը տևում է մինչև 3 ամսականը։
Չոր թեփ կամ գլխամաշկի չորություն
Գլխամաշկի չորության, թեփոտվածության, քորի պատճառ կարող է լինել մաշկի ջրազրկումն ու յուղազրկումը։ Դա կարող է լինել մազերի խնամքի միջոցների, մաշկի ծերացման կամ չորային եղանակի պատճառով։ Գլխամաշկի չորության պատճառով առաջացած թեփը մանր ու ավելի սպիտակ է ու ավելի հեշտ է թափվում։ Այն տարբերվում է իսկական թեփից, որն առաջանում է մաշկային ճարպի ավելցուկից, ավելի դեղնավուն երանգի է, չափերով ավելի մեծ է և կպչուն ու ճարպոտ կազմություն ունի։
Չոր թեփի դեպքում նպատակահարմար չէ թեփի դեմ պայքարող շամպունների օգտագործումը․ դրանից ազատվելու համար պետք է պայքարել գլխամաշկի չորության դեմ՝ կիրառելով հետևյալ խորհուրդները՝
- մազերը լվանալ ոչ հաճախ,
- օգտագործել մեղմ, խոնավեցնող շամպուն,
- խուսափել ծխելուց,
- կառավարել սթրեսը,
- բավականաչափ հեղուկ օգտագործել
- օգտագործել օդը խոնավացնող սարքեր։
Ճարպոտ, սնկային թեփ
Սա բուն թեփն է, որն առաջանում է մաշկային ճարպի ու խմորասնկի ավելցուկից։ Ճարպոտ թեփի դեմ կարելի է պայքարել գլուխն ավելի հաճախ լվանալով թեփի դեմ նախատեսված բուժիչ շամպուններով, որոնցից շատերը պարունակում են այնպիսի բաղադրամասեր, որոնք պայքարում են սնկի դեմ, օրինակ՝ կետոկոնազոլ կամ ցինկի պիրիտիոն։
Ինչպես ազատվել թեփից
Թեթև դեպքերում կարելի է պարզապես փոփոխել մազերը լվանալու հաճախականությունը և թեփի դեմ պայքարող շամպուններ օգտագործել, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի։
Թեփի դեմ շամպունները լինում եմ մի քանի տեսակի և պարունակում են բուժիչ տարբեր բաղադրամասեր։ Դրանց ազդեցությունը սովորաբար երևում է 4-6 շաբաթ անց։ Դրանք կիրառելիս պարտադիր ուսումնասիրեք օգտագործման եղանակը։
Թեփի դեմ շամպունները լինում են՝
- Ցինկի պիրիտիոնով, օրինակ՝ Head & Shoulders։ Ցինկի պիրիտիոնն օժտված է հակամիկրոբային ազդեցությամբ։
- Կպրային հիմքով շամպուններ, օրինակ՝ Neutrogena T/Gel։ Այս տեսակի շամպունները քարածխային խեժ-կուպր են պարունակում, որը դանդաղեցնում է գլխամաշկի բջիջների մեռուկացումն ու թեփոտվածությունը և օգնում կառավարել մաշկի վրա սնկի բազմացումը։ Քարածխային խեժ պարունակող շամպունների օգտագործումը կարող է գլխամաշկը զգայուն դարձնել արևի ճառագայթների նկատմամբ, ուստի այս բաղադրությամբ շամպուններ օգտագործելիս նախընտրելի է պաշտպանվել արևից գլխարկով կամ այլ եղանակով։ Դրանից բացի այս շամպունը կարող է մգացնել մազերի երանգը։
- Սալիցիլաթթու պարունակող շամպուններ, օրինակ՝ Jason Dandruff Relief Treatment Shampoo: Սալիցիլաթթուն կանխում է գլխամաշի թեփոտվածությունը։
- Սելենի սուլֆիդ պարունակող շամպուններ, օրինակ՝ Selsun Blue: Սելենի սուլֆիդը նպաստում է գլխամաշկի վրա խմորասնկերի բալանսի պահպանմանը։ Այն կարող է գունազրկել մազերը, որից խուսափելու համար խորհուրդ է տրվում հանգամանորեն լվանալ մազերն այս շամպունն օգտագործելուց հետո։
- Կետոկոնազոլ պարունակող շամպուններ, օրինակ՝ Nizoral Anti-Dandruff։ Կետոկոնազոլը կանխում է գլխամաշկի սնկերի չափից ավելի ակտիվ աճը։
- Ֆլուոցինոլոնային շամպուններ, օրինակ՝ Capex: Ֆլուոցինոլոնը կորտիկոստերոիդ է, որը կարող է թեթևացնել գլխամաշկի քորը, թեփոտումը և գրգռվածությունը:
Թեփից ազատվելուց հետո խորհուրդ է տրվում ամիսը մի քանի անգամ օգտագործել բուժիչ շամպունը՝ կանխարգելիչ նպատակով։ Եթե մի քանի տեսակի շամպուն օգտագործելուց հետո թեփը, միևնույն է, չի անցնում, պետք է դիմել բժշկի, որը կնշանակի ավելի ուժեղ ազդեցությամբ շամպուն կամ ստերոիդային դեղամիջոց։
Տնական միջոցներ թեփի դեմ
- Ասպիրին, որը սալիցիլաթթու է պարունակում, ինչն էլ նպաստում է մաշկի թեփոտվածության կանխարգելմանը։ 2 հաբ ասպիրինը մանրացնել ու խառնել սովորական շամպունի հետ։ Այդ խառնուրդով լվանալ մազերը՝ մազերի վրա այն փրփրած վիճակում թողնելով մոտ 2 ր․։ Այնուհետև մանրամասն լվանալ գլուխը։
- Կերակրի սոդա․ մազերը լվանալիս կարող եք կերակրի սոդա քսել գլխամաշկին ու սպասել 2-3 րոպե, որից հետո մանրամասն լվանալ մազերը։ Դա ժամանակավորապես կփոփոխի գլխամաշկի ու մազերի pH-ը՝ այն ավելի հիմնային դարձնելով։
- Խնձորի քացախը նպաստում է խմորասնկերի քանակի կարգավորմանը։ Խառնել ¼ հարաբերակցությամբ խնձորի քացախը ջրի հետ ու այդ խառնուրդը քսել գլխամաշկին։ 15 րոպեից մանրամասն լվանալ գլուխը․ այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթը երկու անգամ։
- Կիտրոնի հյութ․ նույն եղանակով կարելի է կիրառել կիտրոնի հյութի ու ջրի խառնուրդը։
- Օգնում են նաև գլխամաշկի՝ ալոե վերայով թեթև մերսումները, քանի որ ալոեն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ և կարող է թեթևացնել մաշկի գրգռվածությունը։
- Ձիթապտղի յուղ․ այն կարող է խոնավացնել գլխամաշկը՝ կանխելով չորությունն ու թեփոտվածությունը։ Քնից առաջ մի քանի կաթիլ ձիթապտղի յուղով պետք է մերսել գլխամաշկը և ծածկել գլուխը․ առավոտյան լվանալ մազերը շամպունով։
- Նման եղանակով կարող եք կիրառել նաև կոկոսի յուղը՝ այն թողնելով գլխամաշկի վրա մեկ ժամ։ Ե՛վ ձիթապտղի յուղի, և՛ կոկոսի յուղի դեպքում նախապատվությունը պետք է տալ սառը ճզմման եղանակով ստացված տարբերակներին՝ քիմիական նյութերի բացասական ազդեցությունից խուսափելու համար։
Թեփը տհաճ երևույթ է, բայց և անվնաս է, թեև կարող է առաջանալ բակտերիալ ինֆեկցիա, եթե քորի ժամանակ վնասվում է գլխամաշկն ու այդ հատվածներ բակտերիաներ են ներթափանցում։
Ինչպես կանխարգելել թեփի առաջացումը
- Խուսափեք գլխամաշկը հաճախակի քորելուց,
- ընտրեք համապատասխան շամպուն և մազերը լվանալու ձեզ համապատասխան գրաֆիկ,
- փորձեք կառավարել սթրեսը,
- գլխամաշկի մերսումներ իրականացրեք․ դա կարող է բարելավել գլխամաշկի արյան շրջանառությունն ու նվազեցնել բորբոքումը,
- պաշտպանեք գլխամաշկն արևից,
- սննդակարգը հարստացրեք ցինկով, B խմբի վիտամիններով և օգտակար ճարպերով հարուստ մթերքներով,
- խուսափեք մազերի հարդարման միջոցների չարաշահումից։
Դիմեք բժշկին, եթե՝
- Թեփը չի անցնում մի քանի ամիս առանց դեղատոմսի վաճառվող հակաթեփային շամպունների օգտագործումից հետո։
- Քորն ու թեփոտվածությունը ժամանակի ընթացքում ավելանում են։
- Գլխամաշկը կարմրել ու այտուցվել է։
- Քորն ու թեփոտվածությունը տարածվում են։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է, որևէ ապրանքանիշ գովազդելու նպատակ չի հետապնդում և չի կարող ծառայել որպես միակ հիմք բուժման համար․ դեղորայք պարունակող որևէ միջոց ընտրելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ




















































