Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ պրոցեսը կարող ենք համարել ձախողված: Տարբեր հոգեւորականներ տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են. Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

Մարտ 18,2026 10:47 Share

Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ զղջում արդյոք, որ Եկեղեցու դեմ է դուրս եկել, եւ այժմ ինչպե՞ս է հարաբերվում Մայր Աթոռի հետ՝ այդքան զրպարտություններից ու ուխտադրժությունից հետո: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ես իմ ծառայությունն եմ մատուցում` իմ թեմի համար, որեւէ արգելք, որեւէ խնդիր չկա իմ թեմում, ես չեմ կարող այլ բան ասել»։ Արգիշտի Քյարամյանի հայրը հրաժարվեց այլ հարցի մասին խոսել:

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը եւս միացել էր տիրադավների հայտարարությանը եւ մեզ հետ զրույցում վստահաբար պնդել, որ ամեն գնով Եկեղեցին «բարեկարգելու» են, այն հարցին, թե կստացվի՞ այս պայմաններում Եկեղեցում փոփոխություններ կատարել, նախկին ընդդիմադիր քահանան ասում է. «Աստված գիտե: Որեւիցե մեկը որեւիցե մեկի մասին չի կարող երաշխիքներ տալ, ես նորից եմ ասում` մեծ հույս ու հավատ ունեմ, որ բարեփոխումները տեղի կունենան: Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, ապա ես իմ հոտի հետ եմ միայն աշխատում, աշխատում եմ բացառապես իմ հոտի եւ համայնքի հետ, մեզ մոտ ամեն ինչ շատ էլ լավ է»:

Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Եկեղեցու դեմ ձախողված պայքարի եւ տիրադավների խմբակի քայքայման մասին, շեշտում է. «Ամեն չար բան ունի իր վախճանը, այնպես, ինչպես այս պրոցեսները, որոնք ծրագրվել էին Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բնականաբար, այդ պրոցեսը պետք է շատ կարճ կյանք ունենար եւ վախճանվեր, ու որքան մարդիկ ավելի շուտ գիտակցեն իրենց ձախորդությունների մասին, այդքան ավելի լավ իրենց համար: Թե՛ այն հոգեւորականները եւ թե՛ այն մարդիկ, ովքեր փորձում էին Եկեղեցու դեմ քայլեր կատարել, տրվել էին ինչ-ինչ գայթակղությունների, այժմ հետ են կանգնում այս ամենից: Տարբեր հոգեւորականներ տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են եւ խաբվել են: Այնպես որ, այդ պրոցեսը կարող ենք համարել ձախողված, թեպետ այն հենց սկսվելու օրվանից էր արդեն ձախողված: Այդ պայքարը ոչ թե ճշմարտության համար էր, այլ՝ ստի, իսկ սուտը երբեք չի կարող հաղթել ճշմարտությանը»: Տիրադավներն ինչպե՞ս են կարողանում Մայր Աթոռի հետ հարաբերություններ հաստատել։ «Եկեղեցին ապաշխարության համար իր դռները բաց է պահում: Թեպետ մենք ոչինչ չենք բացառում, չգիտենք, թե ընտրություններից հետո ինչ կարող է լինել, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ չենք կարող ոչինչ կանխատեսել կամ բացառել, սակայն մենք ներելու կողմնակից ենք, իսկ եկեղեցու դռները մշտապես բաց են բոլոր նրանց համար, ովքեր զղջում են»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031