«Հունիսից Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը՝ ըստ բոլոր անկախ հարցումների եւ ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների»,- այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու՝ վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Անցած երեք ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ մեր ժողովրդին ներկայացնելու տնտեսական եւ անվտանգային ծրագիրը»,- հավելեց նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը։ Իսկ նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից։
«Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով։ Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք՝ փոխելու այդ իրողությունը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօրվա միջոցառմանը ներկա են պատերազմի հերոսներ։ «Այստեղ ներկա են մարդիկ, որոնց Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել, Փաշինյանը հաստատ չի կարողանա։ Այսօր մենք մանրամասն ներկայացնելու ենք անվտանգության ծրագիրը, որը մշակվել են Հայաստանից եւ արտերկրից ներգրավված առաջատար փորձագետների թիմի կողմից։ Անվտանգության ծրագիրը հիմնված է 6 ուղղությունների վրա։ Սա նախընտրական խոստում չէ, սա հստակ ծրագիր է, որը Սամվել Կարապետյանը սկսի իրականացնել իր վարչապետ դառնալուց հետո՝ հենց առաջին օրվանից։ 81 օրից մեր կյանքը կփոխվի, մեր անվտանգությունը կփոխվի։ Սա է մեր առաքելությունը, սա է մեր կամքը՝ հանուն ուժեղ Հայաստանի»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































