Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 10-ին Ախուրյանի ոստիկանները Ազատան գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանություն են տեղափոխել երկու դպրոցահասակ տղաների, որոնք, պարզվել է, Կապան քաղաքից են, սովորում են 12-րդ դասարանում։
Նրանք հատուկ եկել են Շիրակի մարզ, Ազատան գյուղ՝ «Թելեգրամ» ալիքով պատվիրած ու վերոնշյալ հասցեում տեղադրված թմրանյութը վերցնելու։
Ոստիկանները անձնական խուզարկություն են կատարել․ տղաներից մեկի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, մյուսի մոտ հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային փաթեթի մեջ փայլաթիթեղով փաթաթված ընդհանուր 1․91 գրամ թմրանյութի նմանվող կանաչավուն զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ փաթաթված ընդհանուր 0․18 գրամ երկու հատ թմրամիջոցի սերմեր, երկու հատ 5․45 և 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ, երկու հատ բացված վիճակում՝ 16․5 սմ և 14 սմ երկարությամբ ծալովի դանակներ և 4 հատ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ։
Պատանին ոստիկանությանը հայտնել է, որ կանաչավուն զանգվածը «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, պատկանում է իրեն։ Այն պատվիրել է նույն օրը ու անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերել Ազատան գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասից՝ ժամը 19․30-ի սահմաններում։ Իսկ փամփուշտները գտել է Կապան քաղաքում՝ դեռ երկու տարի առաջ, ստույգ վայրը չի հիշում։
Կարդացեք նաև
Ըստ նրա ներկայացրած բացատրության՝ դանակները իր մոտ պահել է կենցաղում օգտագործելու նպատակով, թմրամիջոցի սերմերն էլ քաղել է Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածից՝ «Կանեփ» տեսակի վայրաճ ցողուններից։ Անչափահաս տղան նաև նշել է, որ ծխախոտը իրեն տվել է տատիկը, որը բերել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։


















































