«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նոր փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում: Փոփոխությունների նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետների ներդրում։ Նոր փոփոխություններով՝ պաշտոնատար անձի գույքի առնչությամբ կոռուպցիայի դեմ պայքարի հիմքերով ուսումնասիրություն կարող է սկսվել պաշտոնատար անձի վերջին պաշտոնը դադարեցնելուց հետո 10 տարվա ընթացքում։
-Առհասարակ վաղեմության դրույթ չկար օրենքում, ինչը թույլ էր տալիս իրավասու մարմնին գնալ 1991 թիվ՝ անկախ նրանից՝ երբ է այդ մարդը պաշտոնատար անձ դադարել լինել: Որոշակի առումով սահմանափակում են առաջարկում վաղեմության ժամկետով. միտումը դրական է, բայց արդյոք տասը տարին նորմա՞լ ժամկետ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ նորմալ ժամկետ չէ, շատ երկար ժամկետ է: Կարծում եմ՝ նույնիսկ այս փոփոխություններից հետո օրենքը շարունակելու է մնալ շատ անորոշ օրենք՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը կանխատեսելի դարձնելու համար: Հարցեր են առաջանում էլի, օրինակ` տվյալ դեպքում գուցե 9 տարի է անցել պաշտոնի դադարեցումից, բայց այն գույքերի մասով, որոնցով իրավասու մարմինը խնդիր է տեսնում, այդ գույքերի ձեռքբերումը եղել է հենց 10 տարի առաջ: Ինչո՞վ է արդար առաջնորդվել ոչ թե ձեռքբերման պահից սկսած հաշվելով այլ պոստֆակտում,- Aravot.am-ին ասաց փաստաբան Սոս Հակոբյանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախատեսվող փոփոխությունները կապված են Սահմանադրական դատարանի որոշման հետ, գործող օրենքում առկա որոշակի խնդիրների վերաբերյալ. «Այդ կարգավորումը ողջամիտ է, եթե ի սկզբանե այդպես կիրառված լիներ: Այն պարագայում, երբ պարտադիր հայտարարագրումը 2011 թվականից է ուժի մեջ, անտրամաբանական է, որ մարդկանցից պահանջում էին իրենց հին սեփականության վերաբերյալ տեղեկությունների պահպանում: Նախկինում ոչ մեկը չի մտածել, որ պետք է պահպանի իր եկամուտների աղբյուրները: Պետությունն էլ իր արխիվներում չի պահպանում. 90-ականներին վերաբերող նույնիսկ պետական աշխատողների աշխատավարձերի տվյալներ չկան: Այս պարագայում դատախազությունը շատ անարդար ձեւով էր վերաբերվում՝ ապացուցման բեռը թողնելով մարդկանց վրա. այն տվյալների ապացույցը, որոնք ո՛չ պետությունն էր պահպանել, ո՛չ էլ մարդիկ են մտածել պահպանել: Շատ մարդիկ անտեղի հետապնդվել են, այդ թվում եւ հայտնի պաշտոններ զբաղեցրած եւ մարդիկ, որոնք գործարքների մեջ են եղել նախկին պաշտոնյաների հետ: Կարծում եմ սա դրական փոփոխություն պետք է լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































