ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 8-րդ հոդվածներում հստակ նշված է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեն մարդիկ, որոնք 1/ ունեն ՀՀ քաղաքացիություն, 2/ լրացրել են 18 տարին, 3/ գրանցված են ընտրողների ցուցակում: Այս երեք պայմաններին բավարարող բոլոր անձինք կարող են ՀՀ Ազգային ժողով ընտրել: Օրենքում ասված չէ, որ դրա իրավունքը չունեն միաժամանակ ՀՀ եւ այլ երկրների քաղաքացիություն ունեցողները (երկքաղաքացիները) կամ այն քաղաքացիները, որոնք, ենթադրենք, տարին 11 ամիս ապրում են այլ երկրում, իսկ մեկ ամիս՝ Հայաստանում:
Ճի՞շտ է արդյոք, որ չկան նման սահմանափակումներ, թե՞ սխալ՝ ես չգիտեմ: Բայց այդպիսին է օրենքը, որին բոլորս պետք է ենթարկվենք: Երբ ՔՊ-ականները բացականչում են՝ «թույլ չենք տա, որ սրանք քվեարկեն կամ նրանք քվեարկեն», դա խոսում է պետականության, օրինականության եւ ժողովրդավարության մասին նրանց, մեղմ ասած, թյուր պատկերացումների մասին:
Ոչ ոք, բացի օրենքից, չպիտի որոշի՝ այդ անձնավորությունն իրավունք ունի՞ քվեարկելու, թե՞ ոչ: Այսինքն՝ մենք չենք կարող ասել՝ «ընտրելու իրավունք ունեն միայն լավ (հայրենասեր, բարի, խելացի, պարկեշտ, ՀՀ ինքնիշխանությունը հարգող) մարդիկ», որովհետեւ այդ դեպքում մենք դնում ենք սուբյեկտիվ, գնահատողական չափանիշներ, որոնք կարող են հանգեցնել տարբեր մակարդակների ինքնիրավչության:
Որքան էլ բացասական կերպարներ լինեն Դոն Պիպոն, Քեթրինի Միհրանը եւ այլ օդիոզ դեմքեր, նրանք, ըստ ամենայնի, չպիտի զրկված լինեն ընտրելու իրավունքից: Եթե անգամ նման մարդիկ գան Հայաստան եւ հայտնվեն ազատազրկման վայրերում, նրանք, միեւնույն է, կարող են քվեարկել:
Կարդացեք նաև
Պարզ է, իհարկե, թե որն է ՔՊ-ականների մտահոգությունը եւ ինչու են նրանք՝ իրենց ընտրազանգվածի մտավոր ունակություններին համապատասխան քարոզչություն վարում՝ «դուք ձեր հմար ռուսաստաններում ֆռֆռաք, փող շինեք, հետո գաք ստե՝ իշխանությո՞ւն ընտրեք»: Բայց կարծում եմ՝ այդ մտահոգությունները չափազանցված են: Նրանք, ովքեր սոցցանցերում գրում են՝ «кетце мер хзор варчапеты», ըստ ամենայնի, ապրում են Ռուսաստանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































