«Չորրորդ իշխանություն»-«Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում», լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ բառացիորեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Դե իհարկե, այն, որ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում՝ և՛ Հերոդոտն է գրել, և՛ Ստրաբոնը, և՛ Քսենոփոնը, և՛ միջնադարյան բոլոր պատմիչները։ Իսկ Խորենացին ու Շիրակացին շատ ավելի հստակ են գրել՝ Արցախը ներկայացնելով որպես «Ատրպէճանի յանրապէտութեան Ղարապաղի տնտեսական շրջան, զորս յանցաւորապէս զավթուեցավ ձեռաւն ագրեսորաց հայոց»։ Չեք հավատում՝ Նիկոլին հարցրեք, չէ՞ որ նա «կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում վերջերս նաև գրքեր է կարդում։ Իսկ եթե ևս մի քանի ամիս համբերեք՝ Մատենադարանում անպայման համապատասխան վաղ միջնադարյան պատմական վավերագրեր կհայտնաբերվեն և կցուցադրվեն ժողովրդին։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանը երևի չի էլ հասկանում իր ասածի հետևանքները։ 7 տարի առաջ նա ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո Ադրբեջանն օկուպացրեց Արցախը, ու հիմա նա ասում է «Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում»։ Զուգահեռաբար՝ ասում է, որ Սյունիքը Հայաստան է։ Հարց՝ ի՞նչ քայլի է դրդում Ադրբեջանին, եթե վերջինս ցանկանում է Հայաստանի իշխանություններից լսել «Զանգեզուրը միշտ եղել է Ադրբեջանի կազմում» հայտարարությունը։


















































