Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական ոլորտի լուծումները պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ․ «Փաստ»

Մարտ 21,2026 10:20 Share

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին շարունակում է մնալ բարդ և հակասական փուլում, որտեղ մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ կարող են հարաբերական կայունության կամ նույնիսկ աճի տպավորություն ստեղծել, սակայն առկա են համակարգային լուրջ ճգնաժամային միտումներ։ Իսկ եթե դրանք չլուծվեն, երկարաժամկետ հեռանկարում կարող է խաթարվել ոչ միայն ոլորտի արդյունավետությունը, այլ նաև երկրի պարենային անվտանգությունը և սոցիալ-տնտեսական կայունությունը։

Թեև 2025 թվականին արձանագրվել է գյուղատնտեսության շուրջ 5,6 % աճ, և բուսաբուծության ու անասնաբուծության որոշ ենթաճյուղերում նկատվել են դրական տեղաշարժեր, այդ աճը դեռևս չի կարող դիտարկվել որպես կայուն զարգացման ցուցանիշ, քանի որ այն չի ուղեկցվում արտադրողականության էական բարձրացմամբ և կառուցվածքային բարեփոխումներով։

Գյուղատնտեսության իրական պատկերը ավելի հստակ երևում է երկարաժամկետ դինամիկայի դիտարկման դեպքում, ըստ որի, վերջին ութ տարվա ընթացքում ոլորտը մոտ 10 % անկում է ապրել, ինչը վկայում է ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակման մասին։ Այսպիսի անկման պատճառները բազմաշերտ են և փոխկապակցված՝ սկսած բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման խնդիրներից մինչև ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ սահմանափակումներ։

Լուծումները պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային ռեսուրսների կառավարումը՝ ներդնելով ժամանակակից ոռոգման համակարգեր՝ մասնավորապես կաթիլային ոռոգումը, և ապահովելով ջրի արդյունավետ օգտագործում։ Սա ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլ նաև կնվազեցնի ռիսկերը։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական գործիքները՝ ապահովելով մատչելի վարկավորում և արդյունավետ ապահովագրական համակարգեր։ Պետական սուբսիդիաները կարող են կարևոր դեր խաղալ, սակայն առանցքային է նաև մասնավոր հատվածի ներգրավումը և ֆինանսական շուկաների զարգացումը։

Իսկ տեխնոլոգիական արդիականացումը պետք է դառնա առաջնահերթություն։ Սա ներառում է ինչպես ժամանակակից տեխնիկայի ներդրում, այնպես էլ թվային տեխնոլոգիաների կիրառություն՝ տվյալահեն գյուղատնտեսություն, մոնիթորինգի համակարգեր և ավտոմատացում։

Անհրաժեշտ է նաև բարելավել շուկաների հասանելիությունը և լոգիստիկ ենթակառուցվածքները։ Սա կարող է ներառել մթերման համակարգերի բարեփոխում, կոոպերացիաների զարգացում և արտահանման խթանում։ Մթերման տեսանկյունից մեծ դաշտ կարող է բացվել Հայաստանի առաջ, եթե ավանդական արտահանվող շուկաներին ավելանան նորերը, իսկ դրա համար հարկավոր է կոնկրետ քայլեր իրականացնել։

Շատ կարևոր է նաև, որ կրթությունը և գիտելիքի փոխանցումը դառնան ոլորտի զարգացման հիմք։ Սիրողական մոտեցումը չի կարող երկարաժամկետ առաջխաղացում ապահովել։ Գյուղատնտեսությունը այլևս չի կարող զարգանալ առանց գիտական մոտեցումների և նորարարության։

Վերջապես, կարևոր է ձևավորել հստակ ռազմավարական տեսլական, որը կկապի գյուղատնտեսական ոլորտը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ։ Այս տեսանկյունից գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես ավանդական ոլորտ, այլ որպես տնտեսական աճի և սոցիալական կայունության առանցքային գործոն։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031